Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՍՑԵՆԱՐՆԵՐ Է ԳԾՈՒՄ

Հոկտեմբեր 03,2007 00:00

\"\"Իսկ «Բարգավաճը» կոալիցիոն հուշագրին հավատարիմ է մնալու

Նախագահական ընտրությունների մեկնարկը, ըստ էության, սկսվել է ժամանակից շուտ, եւ տարբեր ուժերի ակտիվությունը վկայում է, որ պայքարը չի լինելու սովորական, այլ՝ շատ ավելի լուրջ եւ մրցակցային: Մեզ հետաքրքիր էր պարզել՝ արդյոք իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը շարունակ հայտարարում է, թե կոալիցիոն հուշագրին հավատարիմ՝ ՀՀԿ-ի հետ միասին առաջադրելու եւ պաշտպանելու է նույն թեկնածուին, չի՞ փոխի իր դիրքորոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության եւ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Համաձայն չեմ լրատվամիջոցներում շրջանառվող այն կարծիքին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Դաշնակցության հետ ամառվա կեսին տեղացած ձյան նման էր: Դա զուտ աշխատանքային հանդիպում էր նախագահի թեկնածության հավակնորդի եւ մի քաղաքական ուժի հետ, որը հայտարարել է, թե նախագահական ընտրություններին մասնակցելու է իր թեկնածուով: Ես դա համարում եմ զուտ պրոտոկոլային հանդիպում: Եթե հիշում եք, 2003-ի նախագահական ընտրություններից առաջ էլ Դաշնակցությունն էր նախաձեռնել նման հանդիպումների շարք, ՕԵԿ-ն էր նախաձեռնել քաղաքական կոնսուլտացիաների շարք, այնպես որ, որեւէ արտառոց բան ես այս հանդիպման մեջ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը, ապա բացառվում է, որ «Բարգավաճ Հայաստանը» խախտի կոալիցիոն պայմանավորվածությունը: Մենք գործելու ենք կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում: Եվ քանի որ մեր կուսակցության ղեկավարն ասել է, որ ինքը իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահական ընտրություններում, ենթադրվում է, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն առաջադրելու եւ պաշտպանելու են մեկ միասնական թեկնածուի, ինչը եւ արձանագրված է կոալիցիոն հուշագրում: Ես չեմ տեսնում իրադրության այնպիսի փոփոխություն, ի վերջո՝ իրադրության փոփոխությունները երկնքից չեն ընկնում, դրանց համար քաղաքական նախադրյալներ եւ հիմքեր են պետք, որը հիմք տա, որ ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն վերանայեն կոալիցիոն հուշագիրը»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին հարցրինք, թե ի՞նչ հերթական սխեմաներ ունի ինքը նախագահական ընտրություններից առաջ: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, հանրապետության առաջին նախագահի առաջադրումը կարող է հետաքրքիր դարձնել նախագահական ընտրությունների գործընթացը: Վիկտոր Դալլաքյանը այս դեպքի համար ունի երեք սցենար: Առաջին՝ նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում կարող է ձեւավորվել մոնոլիտ իշխանություն: Կարող է ձեւավորվել մրցակցային իշխանություն, եթե հանրապետության նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, եւ երրորդ՝ կարող է ձեւավորվել կոնֆրոնտացիոն իշխանություն, եթե արմատական ընդդիմության թեկնածուն դառնա հանրապետության նախագահ: Վիկտոր Դալլաքյանը կարեւորում է երկու խնդիր՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ծրագրերի ու գաղափարների մրցակցությունը եւ ոչ թե կոմպրոմատների պայքարը: Ըստ մեր զրուցակցի, եթե սովորաբար հարցերի հարցը «ի՞նչ անելն» է լինում, ապա Հայաստանի համար այս պահին շատ ավելի կարեւոր է «ինչպե՞ս անել»-ը: Վիկտոր Դալլաքյանը շեշտեց, որ եթե ընտրություններն արդար չանցնեն եւ ընտրված նախագահը ունենա լեգիտիմության խնդիր, ապա դա շատ վտանգավոր է լինելու երկրի համար. «Լեգիտիմության պրոբլեմ ունեցող նախագահը վտանգ է լինելու երկրի համար, որովհետեւ խոցելի է լինելու արտաքին աշխարհի մարտահրավերների առաջ: Բոլորի ծրագրերում, անշուշտ, լինելու են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, ազատ խոսքի, ԶԼՄ-ների ազատության, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը վերաբերող դրույթներ, բայց տվյալ պարագայում ես կարեւորում եմ «ինչպես անելը» եւ այս եւ այլ հարցերի լուծման ձեւերի հարցը, այսինքն՝ «ինչպե՞ս անելը» պետք է լինի նախագահական ընտրությունների լեյտմոտիվը»:

Մեր հարցին՝ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Դաշնակցության թեկնածուի մասնակցությունն ավելի գաղափարական չի՞ դարձնելու նախագահական ընտրությունների մրցապայքարը, պարոն Դալլաքյանը պատասխանեց, որ տարբեր կուսակցությունների լիդերների մասնակցությունն արդեն ինքնին դրական երեւույթ է եւ գաղափարական որոշակի մրցակցություն հնարավոր է ակնկալել. «Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի եւ Դաշնակցության հնարավոր մրցակցությանը, ապա ասեմ, որ ՀՀՇ-ն ներկայացնում է աջ գաղափարախոսություն ունեցող լիբերալ ուղղվածության ուժ, Դաշնակցությունը ձախ-ազգայնական գաղափարախոսության ուժ է, չնայած Դաշնակցությունը մի շարք դեպքերում աջ կողմնորոշմամբ է հանդես գալիս, մասնավորապես՝ սեփականաշնորհման գործընթացի եւ այլ հարցերի հետ կապված, բայց կարծում եմ, գաղափարական մրցակցությունը, որը, անկասկած, տեղի կունենա Դաշնակցության եւ ՀՀՇ-ի միջեւ, կնպաստի գաղափարների եւ ծրագրերի մրցակցությանը եւ ոչ թե կոմպրոմատների պայքարին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել