Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը խոստումը չկատարեց

Հոկտեմբեր 02,2007 00:00

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի նոր շենքի բացման արարողությանը չէին հրավիրել նախկին տնօրենին:

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջն այսուհետեւ կգործի Արշակունյաց 39 հասցեում: Երեկ տեղի ունեցավ քոլեջի նոր շենքի բացման արարողությունը: «Այս շենքը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ունի մոտավորապես 65 լսարան-արվեստանոց, հանրակրթական առարկաների համար նախատեսված շուրջ 18 լսարան, գրադարան, բուֆետ, բուժկետ: Հնարավոր չէ այս պայմանները համեմատել 1921-ից գործող՝ Լեոյի 3 հասցեում գտնվող քոլեջի նախկին շենքի վթարային վիճակի հետ: Նոր շենքն ունի նաեւ ջեռուցման համակարգ»,- «Առավոտին» հայտնեց նորաթուխ տնօրեն Նարեկ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն էլ շնորհավորական խոսքում թռուցիկ անդրադարձավ նախարարության բացթողումներին. «Թերլեմեզյանի անվան ուսումնարանի վերանորոգման խնդիրը տարբեր պատճառներով երկար տարիներ չէինք կարողանում լուծել, այն դեպքում, երբ քոլեջը արվեստի հետ կապված մեր հիմնական դարբնոցներից է»:

Երեկվա արարողությանը մասնակցում էին ԿԳ նախարարության աշխատակիցներ, ԱԺ պատգամավորներ, գործարարներ, կուսակցականներ, բայց ներկա չէր ուսումնարանի նախկին բազմամյա տնօրեն Սամվել Պետրոսյանը, որը նոր տնօրենի քեռին է եւ ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հարազատ եղբայրը: Ներկա չէր նաեւ ԿԳ նախարարը:

Ն. Առուշանյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք հրավիրել է պրն Պետրոսյանին: «Ես չեմ ուզում խոսել 37 թվի մատնագրեր գրող մարդկանց մասին»,- հարցի պատասխանն այս ներածականով սկսեց պրն Առուշանյանը, այնուհետեւ շարունակեց. «Ո՛չ, չեմ հրավիրել պրն Պետրոսյանին: Նա բարոյական իրավունք չունի այստեղ գտնվելու»: Հիշեցնենք, որ վերջերս լուրջ կոնֆլիկտ էր առաջացել քույր ու եղբայր Պետրոսյանների միջեւ: Ս. Պետրոսյանը հայտարարել էր, որ քույրն իրեն պաշտոնանկ անելով՝ որդուն դարձրել է քոլեջի տնօրեն («Առավոտ», 12.04.07՝ «Քրոջ որդի՞ն դարձավ տնօրեն», 13.04.07՝ «Ներընտանեկան բանավեճ»):

Երեկ Ս. Պետրոսյանը իր քրոջ որդու արած հայտարարության կապակցությամբ հեռախոսով «Առավոտին» ասաց. «Նա ոչ խելք ունի, ոչ շնորհք, ոչ էլ մարդ է: Մոր ցանկությունն էր, որ տնօրեն դառնար, դարձավ: Ախր ես եմ նրան տարել ուսումնարան, որ աշխատի, ասում էի՝ տղա ջան, սովորի…»: Պրն Պետրոսյանն անդրադարձավ նաեւ նոր շենքի կառուցման աշխատանքներին. «Այդ պարսկահայ առեւտրականը՝ շինարարություն իրականացնողը, ուղղակի խոպան էր եկել Հայաստան՝ միլիոններ աշխատելու: Ժամանակին գործը ձգձգելով՝ մի քանի շինարարական կազմակերպությունների դուրս մղեցին, այս մեկին թողեցին: Ի՞նչ իմանայինք, որ դաշնակցականների հետ փոխկապակցված է»:

Հիշեցնենք, որ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի շինարարությունն իրականացրել է թեհրանցի Սերգեյ Սուքիասյանի «Ականաթ» ընկերությունը: Ս. Սուքիասյանը երեկ ասաց, որ ինքը շենքի գնման համար ծախսել է շուրջ 2.5 մլն դոլար, իսկ վերանորոգման համար՝ 700.000 դոլար: Ս. Պետրոսյանի պնդմամբ. «Իմ նախագծած շենքի կառուցումը կիսատ է թողնված: Ոչ քանդակի դահլիճ կա, ոչ էլ ֆիզկուլտուրայի: Իրականում շենքը դարձրել են ՀՅԴ ակումբ»: Բացման արարողությանը իրեն չհրավիրելու փաստի կապակցությամբ էլ Ս. Պետրոսյանը հիշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի դրժած խոստումը. «Ժամանակին խոստանում էր, թե ուսումնարանի շենքի բացումը իմ ձեռքով պիտի կատարեմ… Երեւի դրա համար էլ ամաչել է ներկա գտնվել այդ արարողությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել