Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարսավիրը տուժել է

Հոկտեմբեր 02,2007 00:00

Վաճառվել է արգելանքի տակ գտնվող գույքը

Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակչուհի Մարգարիտա Խաչատրյանը մայրաքաղաքի Կոմիտասի 1 հասցեում գտնվող «Մանե» վարսավիրանոցի հիմնադիրներից մեկն է՝ 30 այլ վարսավիրների հետ մեկտեղ: Նրա բաժնեմասը սեփականաշնորհման ժամանակ կազմել է 3.11 տոկոս: Մ. Խաչատրյանի՝ ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, «Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Թորոսյանը վաճառում է վարսավիրանոցը: «Վարսավիրանոցը վաճառելիս Թորոսյանն անտեսել է ինձ, չի ստացել իմ համաձայնությունը եւ չի տրամադրել ինձ իմ 3.11 տոկոսին համապատասխան գումարը, յուրացրել է այն»,- օրեր առաջ «Առավոտին» պատմում էր Մ. Խաչատրյանը, որի գործը ներկայումս գտնվում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում: Ըստ վարսավիրի, ՍՊԸ-ի տնօրենն իր կնոջ եղբոր՝ Տիգրան Աղաջանյանի միջոցով (որը աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում) ստիպել է իրեն հրաժարվել իր պահանջներից:

Այս կապակցությամբ Մ. Խաչատրյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին: Ըստ «Մանե» ՍՊԸ հիմնադիր պայմանագրի 3 կետի, ընկերության սեփականությունը համարվել են նրա մասնակիցների ներդրումները, ընկերության տնտեսական գործունեության հետեւանքով արտադրված արտադրանքը, ստացված եկամուտները, ինչպես նաեւ այլ ունեցվածքը, որը ձեռք է բերվել օրենսդրությամբ չարգելված հիմունքներով:

Մ. Խաչատրյանը տեղեկացնում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, հիշյալ տարածքը 3 տարի առաջ վաճառվել է 10 000 000 դրամով, սակայն հետագայում պարզվել է, որ նշյալ գումարը չի համապատասխանում իրականությանը: Վարսավիրանոցը վաճառվել է 130 000 ԱՄՆ դոլարով, ինչը նշանակում է, որ Մ. Խաչատրյանին հասանելիք փայաբաժինը կազմում է մոտ 4000 դոլար:

Մ. Խաչատրյանը իմանալով այդ մասին՝ դիմել է դատախազություն, որն էլ հարուցել էր քրեական գործ Ա. Թորոսյանի նկատմամբ: Դատաքննությունն ընթացել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում: Դատավճռով Ա. Թորոսյանը դատապարտվել է 500000 դրամի չափով տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու զրկումով՝ 1 տարի ժամկետով: Հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերի հասնող հարկերը չվճարելու մեղադրանքը հաստատվել է: Վարսավիրանոցը 130 000 դոլարով վաճառելուց հետո էլ Թորոսյանը Խաչատրյանին չի վճարել 4043 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, չնայած առկա էր ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը: Ա. Թորոսյանը դիմել էր վճռաբեկ դատարան, սակայն նրա բողոքը վերադարձվել է, քանի որ նա բողոքում չի նշել նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը:

Թեեւ Ա. Թորոսյանին պատկանող գույքի՝ Ա. Խաչատրյան փողոցի 31 շենքի 40 բնակարանի վրա արգելանք է դրվել Երեւանի բաժնի ԴԱՀԿ ծառայության կողմից, սակայն պարզվել է, որ բնակարանն ու մեքենան Թորոսյանը վաճառել է (ասում են՝ հարազատ քեռուն):

Մ. Խաչատրյանը դիմել է դատարան՝ իրեն պատճառված վնասի հատուցման եւ արգելանքի տակ գտնվող գույքի վաճառքն անվավեր ճանաչելու հարցով:

«Վարսավիրանոցը վաճառելու ժամանակ ԱՄՆ դոլարի կուրսը եղել է 558.34 դրամ, իսկ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ՝ 360 դրամ: Իմ հասանելիք գումարի՝ 4043 դոլարի դեպքում տարբերությունը կազմում է 8010889 դրամ»,- ասում է տուժած վարսավիրը, որը հավելել է իր պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել