Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՆՔՆԱԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 02,2007 00:00

\"\"Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցի աշակերտների ծնողները մեղադրում են տնօրենին, վերջինս էլ՝ նրանց:

«Առավոտն» անդրադարձել է Աերացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակիչների եւ Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցի տարածքային խնդիրներին («Բնակիչներն ընդդեմ դպրոցի», 20.07.2007): Օրերս էլ ծնողների նոր պատվիրակություն էր այցելել խմբագրություն: Նրանցից մեկը բողոքում էր, որ չնայած յուրաքանչյուր աշակերտից հավաքվող տարեկան 2000 դրամ կազմող ֆոնդի գումարին, այլ գումարներ էլ են հավաքվում. «Մեկ էլ տեսնում ես՝ դասարանը քանդում-սարքում են զուգարան, մի օր էլ՝ զուգարանը՝ դասարան: Բացի ֆոնդի փողը, անհատական էլ են հավաքում»: Մեկ ուրիշ ծնող դժգոհեց, որ չնայած ուսումնական տարին նոր է սկսվել, բայց արդեն մի երեխայից 3000, մյուսից՝ 3500 դրամ են հավաքել. «Տնօրեն Սուսաննա Կիրակոսյանին դատախազի ներկայությամբ էլ է այդ մասին ասվել, որ հարկադրաբար ինքը իրավունք չունի անգամ ֆոնդի գումարը հավաքել: Ցավոք, եթե որեւէ երեխա գումարը չի տանում կամ ուշացնում է, հոգեբանական ճնշման է արժանանում: Վերջերս տնօրենը հեռուստատեսությամբ ասաց, որ կոմպյուտերային պարապմունքներն անվճար են, բայց իրականում շաբաթը հազար դրամով են պարապում»:

Ի տարբերություն մյուս ծնողների Հակոբ Միրզոյանը համաձայնեց իր անունը հրապարակել: Նա ասաց, որ թիվ 169-ի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանի մեղքով իր դուստրը չի կարողացել տեղափոխվել այլ դպրոցի 9-րդ դասարան, որովհետեւ գործերը հրաժարվել է տրամադրել, եւ միայն վերջերս են տվել ատեստատը: Ծնողների պնդմամբ, տնօրենը շատ-շատ հարցերում տեղի է տվել, երբ, նրանց խոսքով՝ «դպրոցի գործը մտել է դատախազություն, դրանից հետո անգամ չվերապատրաստված դասատուներին էլ վերապատրաստման է ուղարկել»: Բողոքավորները նաեւ ասացին, որ քիչ չեն դեպքերը, երբ իրենց երեխաներին պարտադրում են թերթեր ու գրքույկներ գնել: «Ինքը լավ գիտի, թե ում քեռին ինչ է աշխատում, ում մորքուրը որ դեսպանատանն է եւ ով արտասահմանում բարեկամներ ունի: Բոլորը վախենում են իրենից: Ասում է, խնդիրներ կունենաք՝ գիտե՞ք ինչ թիկունք ունեմ»,- պատմեց ծնողներից մեկը: Մեկ այլ ծնող՝ Աշոտ Դերձյանն էլ հայտնեց, որ 2 տարի առաջ տնօրենն իր երեխային ծեծել է, բողոքել է բոլոր ատյաններին, բայց անօգուտ. «Երբ իմացավ, որ բողոքելու եմ նաեւ Շենգավիթի դատախազություն, այցելեց մեր տուն, 10 դոլար տվեց, ասաց՝ հիվանդ մորդ համար բան կառնես, հետո ամեն տեղ հայտարարեց, թե կաշառք եմ վերցրել իմ լռության դիմաց»: Ըստ ծնողների, իմանալով, որ ԿԳ նախարարությունը ստուգումներ է անցկացնելու դպրոցում, տնօրենը ուսուցիչներին՝ «բոմբոներկաներով» «զինված» ուղարկել է այն աշակերտների տները, որոնց ատեստատներն ինչ-ինչ պատճառներով մնացել էին իր սեյֆում եւ վերադարձրել դրանք տերերին:

Տնօրենի խնդրանքով այցելեցինք նաեւ Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցը, որը վերանորոգված էր ու լավ խնամված: Տիկին Կիրակոսյանը ցանկացավ իմանալ՝ ովքեր են բողոքում իրենից եւ բացասական պատասխան ստանալուց հետո ասաց. «Էլի երեւի էն եհովական երեք ընտանիքներն են ու էլի մի քանիսը, որոնք փորձում են խաղալ 22 տարվա ստաժ ունեցող տնօրենի ու մի դպրոցի անվան հետ, որտեղ հրաշք ուսուցիչներ են աշխատում: Տնօրենն այստեղ գումարի երես չի տեսնում, ամեն ինչ ծնողկոմիտեն է անում: Այնպես որ, ինձ չեն կարող մեղադրել: Էդ բողոքողները բանուգործը թողած, չորս ամիս է՝ սթրեսի մեջ են պահում մեզ: Պատճառն այն է, որ տարածք էին ուզում դպրոցից, ոմանք էլ նրանց հրահրում էին: Ախր դպրոցի տերը ես չեմ, քաղաքապետարանն է: Նրանք քանդելով մեր պարիսպը, դպրոցին հասցրել են ահռելի վնաս, դատախազությունում էլ պարզվել է, որ տարբեր ատյաններ ուղարկած նրանց նամակների ստորագրությունները կեղծ են: Դատախազը նույնիսկ ուզում էր գործ հարուցել, նրանց երեխաների խաթեր թույլ չտվեցի»: Ծնողների կողմից հնչեցրած բոլոր մեղադրանքները՝ թե՛ դպրոցի ուսուցիչները, թե՛ տնօրենը հերյուրանք անվանեցին: Այնուհետեւ տիկ. Կիրակոսյանը հավելեց. «Թող բողոքող կանայք տանը նստեն, իրենց երեխայի դաստիարակությամբ զբաղվեն: Ոչ թե գիշերները «անանիմկաներ» գրեն կամ դռնեդուռ ընկած բողոքներ հավաքեն, այլ իրենց երեխաների թղթերը պատրաստեն, որ 15 օր ուշացումով չբերեն դպրոց: Մի՞թե կարելի է այդ ընտանիքի տղամարդուն տղամարդ համարել, որ իր կնոջը երկու հատ հայկական ապտակ չի տալիս ու ասում՝ վեր ընկի, զբաղվի քո երեխաներով»: Տիկ. Կիրակոսյանն ասաց, որ այն օրերին, երբ իր ամուսինը հիվանդանոցում էր եւ ինքը աշխատանքի չէր գնում, 61 հոգանոց կոլեկտիվը հրաժարվելով արձակուրդից՝ մեկ մարդու նման դպրոց էր գալիս, որ իր բացը չերեւա: Ինչ վերաբերում է վկայականները տներում բաժանելուն եւ համակարգչային վճարովի պարապմունքներին, այս մասին էլ տնօրենը հայտնեց. «Բացառվում է, որ ես իմ ուսուցչին թույլ տամ՝ վկայական բաժանի: Վկայականները գրված-դրված են արխիվում, տերերի մեկ օր շուտ գալը ձեռնտու կլինի այնքանով, որ արխիվը կթեթեւանա: Իսկ եթե չեն գալիս, ուրեմն երկու պատճառ կա՝ կամ իրենք արժանի չեն համարում իրենց, ուստի ամաչում են տանել, կամ ուղղակի անփույթ են: Ինչ վերաբերում է համակարգիչներին, կան ե՛ւ վճարովի, ե՛ւ անվճար պարապմունքներ: Եթե ծնողը դիմում է գրում, որ վճարունակ չէ, ընդառաջում ենք: Անգամ ծնողների համար ենք անվճար պարապմունքներ կազմակերպում»:

Այն հարցին, որ բազմաթիվ ազդեցիկ ծանոթներ ունի, որոնց միջոցով կարող է հաշվեհարդար տեսնել բողոքողների հետ կամ ցանկացած հարց իր օգտին լուծել, տիկ. Կիրակոսյանը պատասխանեց. «Եթե ես իմ թափը իսկապես օգտագործեի, ամենաքիչը կառավարությունում կլինեի: Լինելով այսքան շնորհալի ու այսքան խելքի տեր, եթե չեմ գնացել այնտեղ, ուրեմն դա նշանակում է՝ սիրում եմ իմ գործը: Ամեն առավոտ 13 կիլոմետր կտրում-գալիս եմ Կենտրոնից ծայրամաս, որ այստեղ ինչ-որ բան արարեմ»: Աշակերտներին պարտադրվող գրքերի ու ամսագրերի մասին էլ Ս. Կիրակոսյանն ասաց. «Հնարավոր է դպրոցը միջոցառում է ունեցել, մի լավ հոդված գրվել է այդ մասին «Կրթություն» թերթում, իսկ ինչո՞ւ պիտի երեխան այդ թերթը չկարդա: Իմացե՛ք, Կիրակոսյանը այս դպրոցից երբեք ոչինչ չի տանում, այլ բերում է: Եթե բողոքող լինի, միայն իմ ընտանիքը պիտի բողոքի»:

Ի դեպ, մեր ողջ զրույցին ներկա էին դպրոցի ուսուցիչները, ակտիվ ծնողներն ու դպրոցի կառավարման խորհրդի նախագահը: Բոլորը մեկ մարդու նման պաշտպանում էին տնօրենին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել