Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարեւանին դատի է տվել

Հոկտեմբեր 02,2007 00:00

Մեկուկես տարվա հարեւանը բողոքում է, թե ինչու տասը տարի առաջ կառուցված շինության համար իրենից թույլտվություն չեն հարցրել:

Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթի փողոցի 19 շենքի բնակիչներից մեկը՝ Գայանե Մարկոսյանը, տասը տարի առաջ իր բնակարանին կից շինություն է կառուցել եւ այն սեփականաշնորհել: Սակայն հարեւաններից մեկը՝ թիվ 40 բնակարանի տանտեր Արթուր Ղեւոնդյանը օր ու գիշեր Գ. Մարկոսյանին հանգիստ չի տալիս՝ բողոքելով, որ կցակառույցն իրեն խանգարում է եւ այն կառուցելիս իր կարծիքը չեն հարցրել: Նա այդ բողոքով դիմել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, քաղաքապետարան եւ անգամ Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր համայնքների առաջին ատյանի դատարան: Գ. Մարկոսյանի ներկայացմամբ, գործնականում հնարավոր չէր Ա. Ղեւոնդյանից թույլտվություն հարցնել, քանի որ վերջինս այդ շենքից տուն է գնել ընդամենը մեկուկես տարի առաջ: Ինչ վերաբերում է մնացած հարեւաններին, ապա 10 տարի առաջ, ըստ Գ. Մարկոսյանի, բոլորն էլ կողմ են եղել շինության կառուցմանը:

Ա. Ղեւոնդյանը պնդում է, թե թիվ 39 բնակարանի սեփականատեր Գայանե Մարկոսյանի կառույցն առանց համապատասխան հաստատված նախագծի է եւ շինարարության թույլտվություն չունի. «Ինքնակամ իր բնակարանին կից, մուտքի հարթակի հաշվին կառուցել է քարե շինություն եւ դրա համար առկա չէ մեր՝ հարկի մյուս բնակարանների սեփականատերերի համաձայնությունը: Բացի այդ, այս վիճելի շինությունը կառուցելով, կառուցապատողն ապօրինի փակել է մուտքի հարթակի պատուհանները, կցակառույցի պատճառով մենք դժվարանում ենք աղբատարից եւ աստիճաններից օգտվել»:

Ըստ Գայանե Մարկոսյանի, իրենց շենքի շատ բնակիչներ նման կառույցներ ունեն ու այսքան ժամանակ դրանց համար ոչ մի հարեւան չի բողոքել. «Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ դատարանից ծանուցագիր ստացա, չէ՞ որ ես սեփականության վկայական ունեմ, շինարարություն իրականացնելու թույլտվությունն էլ եմ ունեցել, ինչու պետք է օրինական կառույցի համար դատարան գնամ»:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ 2005 թվականից առաջ կառուցված ինքնակամ շինությունների համար քաղաքապետարանն ունի հանձնաժողով, որն էլ որոշում է շինության կարգավիճակը, այսինքն՝ օրինականացնում են կամ՝ ոչ: Նշենք, որ Գ. Մարկոսյանի կցակառույցը հանձնաժողովի որոշմամբ օրինականացվել է:

Գ. Մկրտչյանը նաեւ հավելեց, որ եթե որեւէ մեկը քաղաքապետարանի հանձնաժողովի որոշման հետ համաձայն չէ՝ կարող է հարցը վիճարկել դատական կարգով: Ա. Ղեւոնդյանի հայցն ընդդեմ Գ. Մարկոսյանի՝ դատարանում կքննվի նոյեմբերի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել