Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Հոկտեմբեր 02,2007 00:00

\"\"Չնայած բնակչության շրջանում առաջացած խուճապին, որ կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստանյութերը վնասակար են՝ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ դրանք միանգամայն անվտանգ են:

Հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում իրականացվող կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումները մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Չնայած առողջապահության նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որ 6-27 տարեկան բոլոր քաղաքացիները մասնակցեն կարմրուկի եւ կարմրախտի վերացման ազգային ծրագրին ու պատվաստվեն, սակայն մեծաքանակ գովազդներն ու տեղեկագրերը բնակչության շրջանում միայն կասկածների տեղիք են տալիս ու խուճապ առաջացնում: Դպրոցահասակ բազմաթիվ երեխաների ծնողներ բժիշկներին արգելում են պատվաստել իրենց երեխաներին: Նրանց կարծիքով՝ այդ պատվաստումներն առողջության համար վտանգավոր են, քանի որ իրենք համոզված չեն, որ ներարկվող դեղամիջոցը ժամկետանց չէ կամ երեխաների առողջության համար վնասակար բաղադրիչներ չի պարունակում: Երբ անհանգստացած ծնողները պոլիկլինիկաներից կամ այլ բուժհիմնարկներից հետաքրքրվում են, թե որտեղի՞ց են բերվել այդ պատվաստանյութերը, ի՞նչ բաղադրություն ունեն՝ բժիշկները խորհրդավոր լռություն են պահպանում: Ավելին՝ բուժհաստատությունների աշխատակիցներն իրենց պարտքն են համարում բարեկամ-հարազատներին զգուշացնել, որ «ամեն կերպ պատվաստումներից խուսափեք»: Լուրեր են շրջանառվում, որ կարմրուկ-կարմրախտի դեմ այդ պատվաստանյութերը Հայաստան է ներկրվել Հնդկաստանից, եւ որ դրանք անորակ են՝ այնտեղ չեն սպառվել, բերել են մեր երկիր: «Առավոտին» ահազանգած քաղաքացիներից մեկը, որը թույլ չէր տվել իր երկու երեխաներին պատվաստել, մտահոգություն հայտնեց, որ այդ պատվաստանյութերն ուղղված են ազգի գենոֆոնդը փոխելուն եւ խիստ վնասակար են մարդու առողջության համար:

Այս օրերին մայրաքաղաքի մի շարք դպրոցների տնօրեններ իրենց երեխաների պատվաստումից հրաժարվող ծնողներին պարտադրում են այդ մասին դիմում գրել, որպեսզի իրենք հետո նախարարության հետ ավելորդ խնդիրներ չունենան: Ի դեպ, դպրոցի տնօրենները պահանջում են, որ ծնողները դիմումի տակ անպայման գրեն նաեւ, թե որտեղ են աշխատում, սակայն որեւէ կերպ չեն մեկնաբանում, թե ինչով է պայմանավորված այդ պահանջը:

Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի տնօրեն Սիլվա Հակոբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ իրենց դպրոցում պատվաստվել է շուրջ 80 աշակերտ: Նա հավաստիացրեց, որ դեռեւս որեւէ ծնող իր երեխայի պատվաստումից չի հրաժարվել: Սակայն տիկին Հակոբյանը նշեց, որ դպրոցում 1500 աշակերտ ունեն եւ չի բացառվում, որ որոշ ծնողներ դեմ լինեն պատվաստումներին ու գրավոր ստորագրություն տան: Սիլվա Հակոբյանն էլ է գտնում, որ պատվաստանյութերը հնարավոր է՝ կասկածելի բաղադրություն ունեն. «Դրա համար էլ այսօր ամբողջ աշխարհի բնակչությունը պատվաստումների դեմ պայքարում է»: Սակայն կոնկրետ կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստվելուն դպրոցի տնօրենը կողմ է, քանի որ հեռուստատեսությամբ լսել է, թե որքան շատ մարդ է ամեն տարի կարմրուկից մահանում. «Ես էլ 27 տարեկան որդի ունեմ, ուզում եմ, որ նա էլ պատվաստվի, թեեւ նա հրաժարվում է»:

Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցի տնօրեն Արտավազդ Անդրեասյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը դպրոցում ծնողական ժողով է հրավիրել ու պատվաստումների մասին տեղեկացրել է ծնողներին: Նրա հավաստմամբ՝ «Բոլոր ծնողները կողմ են պատվաստումներին, բացի մեկից, որը «Եհովայի վկա» է եւ արգելել է կարմրուկի ու կարմրախտի դեմ սրսկել իր երեխային»:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ պատվաստանյութը որեւէ վտանգ չի ներկայացնում: Նրա խոսքերով՝ «Զարմացնում է, թե ինչու 1-6 տարեկանների շրջանում կիրառվող նույն պատվաստանյութը երբեք նման բողոքների տեղիք չի տվել: Անձամբ ես օրվա ընթացքում տասնյակ ահազանգեր եմ ստանում: Մարդիկ շատ անհանգստացած են ու կարծում են, որ այս պատվաստանյութը ի վնաս իրենց է կիրառվում: Սակայն վստահեցնում եմ, որ այն ժամկետի մեջ է մինչեւ 2009-ը: Պատվաստանյութը պարունակում է կարմրուկի եւ կարմրախտի թուլացված վիրուս եւ նեոմիցինի աննշան քանակություն, ինչը մարդու առողջությանը որեւէ կերպ չի կարող վնասել: Կարմրուկի եւ կարմրախտի վիրուսները որոշ մարդկանց մոտ կարող են միայն աննշան ցան կամ ջերմության բարձրացում առաջացնել, ինչը վտանգավոր չէ»: Գ. Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ վերոնշյալ հիվանդությունները շատ արագ են տարածվում եւ չպատվաստվող մարդը վտանգում է ոչ միայն իր, այլ նաեւ շրջապատի առողջությունը: Պատվաստանյութը ձեռք է բերվել ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» աջակցությամբ: Հիմնադրամի առողջապահության եւ սնուցման ծրագրերի աշխատակից, բժշկական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն «Առավոտին» եւս վստահեցրեց, որ այս տարվա նոյեմբերին ձեռք բերված պատվաստանյութը դեռեւս 2 տարի ժամկետի մեջ է եւ այն մարդու առողջության համար միանգամայն անվտանգ է: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի մեկնաբանմամբ էլ՝ պետությունն այս քայլով շատ կարեւոր գործ է իրականացնում: Նրա կարծիքով՝ որեւէ թերացում պարզապես բացառվում է: Պարոն Վաթյանը մեզ տեղեկացրեց նաեւ, ու երեկ թիվ 144 դպրոցում պատվաստվել են նաեւ իր 2 թոռնիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել