Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՐԵՎԷ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ»

Հոկտեմբեր 02,2007 00:00

«Զուտ քաղաքագիտական առումով ընկալելի չէ այդ երկու ուժերի միասին հանդես գալը, քանի որ ՀՀՇ-ն համարվում է ծայրահեղ աջ ուժ, իսկ ՀՅԴ-ն ավելի ձախ է, եւ այդ երկու ուժերի ալյանսը ես քաղաքագիտական առումով այդքան էլ չեմ պատկերացնում:

Սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տակտիկան ու ստրատեգիան, եւ եթե Դաշնակցությունը իր տակտիկական խնդիրների շրջանակում է տեսնում այս մոտեցումը, ես նորմալ եմ համարում: Եթե ՀՀՇ-ն որդեգրել է այդպիսի ոճ, դա էլ իրենց որոշելիք հարցն է: Ինչ վերաբերում է մեզ հետ հանդիպումներին, ապա եթե առաջարկներ լինի եւ մեզ հետ, եւ ԲՀԿ-ի հետ հանդիպումների, մեր կուսակցության գործադիր մարմինը եւ կուսակցության խորհուրդը կքննարկի եւ որոշում կկայացնի»,- պատասխանելով մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում շաբաթ օրը կայացած Տեր-Պետրոսյան-ՀՅԴ հանդիպմանը եւ նրանց հնարավոր միասնական հանդես գալուն, եւ եթե ՀՀՇ-ն որոշի հանդիպել նաեւ Հանրապետականի ղեկավարության հետ, ինչպիսի՞ որոշում կկայացնեն հանրապետականները, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը:

Հարցրինք նաեւ՝ ՀՀԿ-ն արդյոք խանդի զգացողություն չունի՞, որ իր հետ իշխանություն ձեւավորած ուժը՝ ՀՅԴ-ն, այսօր հանդիպումներ է ունենում մեկ այլ, այս դեպքում՝ ՀՀՇ-ի հետ: Ըստ պրն Կարապետյանի, առավել տրամաբանական կլիներ, որ իշխանություն ձեւավորած ուժերը միասնական թեկնածուով հանդես գան, սակայն նաեւ այս դեպքում «որեւէ արտառոց բան ես չեմ տեսնում, որ ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն հանդիպել են: Քաղաքական պրոցեսների նոր փուլ է, եթե պայմանական ասենք՝ երկրորդ փուլ, եւ այս շրջանում ոչ միայն այդ հանդիպումը, այլեւ բազմաթիվ այլ հանդիպումներ եւս կլինեն, եւ բազմաթիվ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ կունենան ոչ միայն առաջին նախագահը, այլեւ Հանրապետական կուսակցության թեկնածուն եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Մենք հաշվի ենք առնում բոլոր հնարավոր եւ անհնար թեկնածուներին, որոնք կարող են առաջադրվել: Մենք հաշվարկում ենք բոլոր ուժերը եւ այդ բոլոր ուժերի առաջադրման պայմաններում մենք համարում ենք, որ մեր թեկնածուն տանելու է տպավորիչ հաղթանակ»,- վստահ է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել