Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարներին հետեւեցին պաշտպանության նախարարները

Հոկտեմբեր 02,2007 00:00

Հետեւելով նախկին պետքարտուղարների օրինակին՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին երեք նախարարներ եւս նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, ԱՄՆ ռազմական գերատեսչության նախկին ղեկավարներ Ֆրենք Քարլուչին, Ուիլյամ Քոհենը եւ Ուիլյամ Փերին համատեղ նամակում մտահոգություն են հայտնել, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: Նամակի հեղինակների պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեծ դեր ունի Բալկաններում եւ Միջին Արեւելքում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին աջակցելու գործում: Ըստ «Թրքիշ դեյլի նյուսի», Պենտագոնի երեք նախկին ղեկավարները Թուրքիայի հետ գործընկերությունը գնահատում են որպես արժեքավոր եւ ընդգծում են դրա նշանակությունը պաշտպանության բնագավառի երկկողմ հարաբերություններում:

Նամակում ասված է, թե բանաձեւի ընդունումը հավանաբար կվատթարացնի Միացյալ Նահանգների նկատմամբ հասարակական կարծիքը Թուրքիայում: Նախկին նախարարները նշում են նաեւ, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ենթարկվել հասարակական ճնշումների եւ սահմանափակել Միացյալ Նահանգների ներկայությունը Ինջիրլիքի ռազմակայանում, ընդհուպ մինչեւ ռազմակայանից դեպի Իրաք ու Աֆղանստան կատարվող թռիչքների ճանապարհի փակումը: Ընդունելով հանդերձ «Օսմանյան կայսրության անկման շրջանում՝ անցյալ դարասկզբին տեղ գտած ահավոր ողբերգությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը»՝ ամերիկյան ռազմական գերատեսչության նախկին ղեկավարներն իրենց նամակի վերջում Ներկայացուցիչների պալատին հորդորում են «քննարկել զոհերի հիշատակը հարգելու այլ պատշաճ ուղիներ՝ առանց վնաս հասցնելու Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին»:

Օրերս այս թեմային է անդրադարձել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ինչպես փոխանցում է «Նոյյան տապանը», Նյու Յորքում թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջինս հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը լուրջ չէ, «եւ թող որեւէ մեկը կասկած չունենա այն բանում, որ Բուշի վարչակազմը դեմ է հանդես գալիս դրան»: Վերջինս, սակայն, հավելել է, թե «պատրաստ է ծախսել իր ողջ էներգիան՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել