Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմունիստները դեռ չեն կողմնորոշվել

Հոկտեմբեր 02,2007 00:00

Բայց Տեր-Պետրոսյանի վերադարձին դեմ են

«Կոմունիստական կուսակցությունը սթափ գնահատելու է իրավիճակը. նախագահական ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ ոչ, ինչ-որ նոր ֆորմատ առաջարկե՞լ կամ արժե՞, որ ՀԿԿ-ն թաթախվի այն հոսանքների մեջ, որոնք չգիտես որտեղից են գալիս, ում թելադրանքով եւ ուր են հոսում, ով՝ ում է ծառայում: Այս հարցերի պատասխանները կտա համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի վերջերին»,- այսպես պատասխանեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» դիտարկմանը, թե նախագահական ընտրություններին ընդառաջ բոլորն իրար են անցել, իսկ Կոմկուսում հանգիստ նստած են: Խոսելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին՝ Հայաստանի գլխավոր կոմունիստը կարծիք է, հայտնում. «Երբ ես նայում եմ 17 տարվա այս համակարգի քայլերը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մեղքեր ունի այսօրվա համար»: Ի ապացույց ասածի, մեր զրուցակիցն օրինակ է բերում «անգրագետ» սեփականաշնորհումը, դրամափոխությունը, «վաուչերները բաց թողեցին աննպատակ ու չիմացան, թե ո՞ւմ ձեռքն ընկան երկրի հարստությունները» եւ այլն: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ մեղքը, ըստ Ռ. Թովմասյանի, այն էր, որ՝ «նա իրեն շրջապատեց այնպիսի կադրերով, ովքեր հարուստ երկրից թողեցին թշվառ ու սովալլուկ ժողովուրդ: Սրանք էլ եկան ու նույն տեմպը շարունակեցին»: Ըստ այդմ, տարակուսելով եւ առաջին նախագահին խորհուրդ տալով՝ «լավ ծանր ու թեթեւ անել՝ արժե՞ խաղի մեջ մտնել, թե՞ ոչ», ընկեր Թովմասյանը ասում է. «Ես չգիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մարզերում, տարբեր գյուղերում հանդիպումների ժամանակ նրա երեսին ի՞նչ են ասում, բայց մենք լսում ենք, թե մեզ հետ հանդիպածները ինչ են ասում նրա մասին»:

ՀԿԿ առաջնորդը վերհիշեց այն արտահայտությունները, որոնք առաջին նախագահն արեց իր հրաժարականից առաջ. «Ես հեռանում եմ եւ երկիրը թողնում եմ պատերազմի կուսակցությանը»: «Ժողովուրդ ես թողնում դու, ո՞ւմ ես թողնում»,- հետին թվով հռետորական հարց է հնչեցնում կենտկոմի առաջին քարտուղարն ու օրինակ է բերում Սալվադոր Ալիենդեին. «Երբ Պինոչետը տանկերով խեղդում էր նախագահի նստավայրը, վերջին մի քանի րոպեներին նա դիմեց իր ժողովրդին՝ իր տրամադրության տակ մնացած միակ ռադիոալիքով: Ասաց, որ տեղի է ունենում դավաճանություն, խնդրեց, որ ոչ մեկը փողոց դուրս չգա, որպեսզի արյունահեղություն չլինի, բայց ինքն իր տեղից չհեռացավ: Եվ երբ Պինոչետի տականքները մտան պալատ՝ նրան տեսան նախագահական աթոռին նստած, ազգային դրոշով փաթաթված, բայց գնդակահարված: Սա՛ պիտի լինի նախագահի կերպարը, ոչ թե՝ ես իմ մորթին փրկեմ՝ ժողովրդին թողնեմ պատերազմական կուսակցությանը: Փոխանակ վճռական դիմեր ժողովրդին ու ասեր, թե ինչ է տեղի ունենում, ոչ նրա համար, որ դուրս գային լցվեին փողոցները, այլ պատմության դատի համար… Եթե հիմա է ինքը ասում դա՝ էլ ի՞նչ արժեք ունի այդ խոսքը: Հասկանում եմ՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ հաղթանակներ եղան, հասկանում եմ, որ երկրի ամբողջ համակարգն էր փոխվում, ցուրտ ու մթից չեմ խոսում՝ հասկանալով, թե անցողիկ շրջանում ինչեր տեղի կունենային, բայց այդպես թողնել ժողովրդին ու հեռանալ՝ նախագահին սազական չէ»: Ուստի, մեր զրուցակիցը գտնում է, որ առաջին նախագահը վերադառնալու հայտ ներկայացնելու բարոյական իրավունք չունի: Ավելին, եթե ՀԿԿ-ին դիմեն, կուսակցությունը չի պաշտպանի ոչ միայն պարոն Տեր-Պետրոսյանի, այլեւ այսօրվա որեւէ հավակնորդի թեկնածություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել