Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՈԳԵՇՆՉՎԵԼ Է ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐԵՐԻՑ

Հոկտեմբեր 02,2007 00:00

\"\"«Ազգային միաբանություն» կուսակցության կոնֆերանսը որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտաշես Գեղամյանին: Գեղամյանը իր որոշման մասին կխոսի նոյեմբերին:

ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը շաբաթ օրը կայացած կուսակցության 10-րդ հոբելյանական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ ինքը թշնամական վերաբերմունք չունի ո՛չ Սերժ Սարգսյանի եւ ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ առաջնորդվելով հռոմեական կայսր Մարկոս Ավրելիուսի պատգամներով՝ որոշել է սիրել իրեն վիրավորողներին. «Իսկ այստեղ մի ազգի մեջ թշնամական այնպիսի մթնոլորտ են սերմանում, կարծես դրսում թշնամու պակաս ունենք, հիմա էլ ներսում ենք մեզ քանդում: Օրումեջ փորձում եք աստվածապաշտ երեւալ, բա մեկ-մեկ էլ Աստվածաշունչ կարդացեք, բա այնտեղ գրված է, չէ՞, կանգուն չի մնա այն տունը, որը ներսից է քանդվում»: Տունը «ներսից չքանդելու» համար Գեղամյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ձեւավորել «այլընտրանքային քաղաքական թիմ», որովհետեւ ոմանք ամեն ինչ անում են՝ քաղաքական պայքարը տեսնել կամ սեւ, կամ սպիտակ. «Այդպես չի լինում, հո վայրենի ցեղե՞ր չենք, 5-հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք: Եվ վաղը-մյուս օրը, առիթի դեպքում, անպայմանորեն կհանդիպեմ համ Տեր-Պետրոսյանի, համ Քոչարյանի, համ Սերժ Սարգսյանի հետ: Անձնական ոչ մի խնդիր ես չունեմ լուծելու, ես պատասխանատվության մեծագույն զգացում ունեմ, որ 10 տարի հետո երկրիս փլատակների վրա հանդիպած մարդը հանկարծ չթքի երեսիս»:

Արտաշես Գեղամյանի՝ մեկ ժամից ավելի տեւած ելույթում շարունակ շեշտվում էին Սերժ Սարգսյանի կառավարության կատարած լավ-լավ գործերը, մասնավորապես՝ բյուջեն 2,5 միլիարդ դարձնելը:

Անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճին, ասաց, որ այդ մասին արդեն անեկդոտ կա եւ պատմեց. «Ռոբերտ Սեդրակովիչին ասում են՝ գիտե՞ք, Լեւոն Տեր-Պետրոսյանը թեկնածությունը չի դնելու, նա ասում է՝ դա դժբախտություն է, դա դժբախտություն է: Հետո ասում են, բայց փոշմանելու է: Պատասխանում է՝ դա արդեն ողբերգություն է: Հիմա մենք ուզում ենք մեր ժողովրդին էդ ողբերգությունից փրկել, ո՞րն է դրա ճանապարհը: Ճանապարհը մեկն է՝ ընդդիմադիր, ժողովրդավարական եւ ոչ ընդդիմադիր ուժերը պարտադրված են անպայման միավորվելու եւ այլընտրանքային թեկնածու առաջ քաշելու, որ մեր ժողովուրդը հանկարծ կրկին ու կրկին չկանգնի երկընտրանքի առաջ»: Անդրադառնալով առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթին՝ ասաց. «Ում կովն ուզում է՝ թող բառաչի, քոնը պետք է լռի»: Ասացվածքը, հասկանալի է, հնչեց ռուսերեն:

Արտաշես Գեղամյանը զգուշացրեց նաեւ, որ եթե առաջիկայում իր կողմից իշխանությունների հասցեին անվանական քննադատությունը պակասի, թող ուրիշ բան չմտածեն, որովհետեւ «վիճակն է այդպես ստիպում, երկրի վիճակը»:

Անդրադառնալով նաեւ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 21-ին իր՝ նախագահական գնալուն, ասաց. «Բա եթե առաջին քայլն արել է, իրեն այդքան քննադատելուց հետո հրավիրել է, այն էլ՝ ազգային Անկախության տոնին, ի՞նչ, չգնա՞մ: Ձեզ թվում է՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, կամ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա՝ ես հետները հարց ունե՞մ»:

Մամուլի հրապարակումներին, թե ընդունելության ամբողջ ընթացքում «Ազգային միաբանության» առաջնորդը շփվել էր Սերժ Սարգսյանի փեսայի հետ, Գեղամյանը ամբիոնից հակադարձեց. «Սերժի փեսան հորս մոտ ընկերոջ թոռն է, իմ էլ՝ լավ ընկերոջ տղան, տեսնեմ՝ խռովեմ, շուռ գամ-գնա՞մ: Սա՞ է ձեր մակարդակը»:

Կոնֆերանսի աշխատանքների ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արտաշես Գեղամյանը հատուկ նկատել տվեց, որ «ոչ մի հեղափոխական կոչեր չեղան, վիրավորական խոսքեր չհնչեցին, այսինքն՝ մենք առաջնորդվել էինք ձեր կողմից շատ սիրված (ասելիքն ուղղված էր «Հայլուրի» թղթակցին- Մ. Ե.) Պյոտր Արկադեւիչ Ստոլիպինի ելույթի հայտնի դրույթով, այն է՝ 1906 թվականի մայիսի 10-ին Դումայում ելույթ ունենալիս նա ասաց. «Ես ձեզ առաջարկում եմ համեստ, ճշմարիտ ճանապարհ: Ոմանք ուզում են ռադիկալ փոփոխություններ, նրանց պետք են մեծ ցնցումներ, մեզ պետք է մեծ Ռուսաստան»: Հիմա չգիտեմ՝ ում ինչ է պետք, ԱՄ-ին պետք է մեծ, անվտանգ Հայաստան»: Իսկ այդ ճանապարհին հնարավո՞ր է, որ ԱՄ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Արտաշես Գեղամյանը այս հարցի համար էլ պատասխան ուներ. «Մեծ Հայաստան ունենալու ճանապարհը եզակի է, եւ այդ ճանապարհը պայմանավորված չէ այս կամ այն անձի իշխանության գալով, պայմանավորված է ազգային միաբանությամբ: Երբ ազգային միաբանությունը կկայանա, կկայանա ոչ թե անհատի շուրջ, այլ գաղափարի շուրջ, եւ այդ գաղափարը կրող ցանկացած քաղաքացի, որը կհամոզի մեզ, որ, այո, ինքն է այդ գաղափարը կրողը՝ բնականաբար: Ես պատահաբար չհիշեցրի Շրյոդերի հուշերը, որում ասվում է, որ երեկվա թշնամիները նստել էին որպես բարեկամ: Սա ամենեւին չմեկնաբանվի, թե ես ասում եմ, որ պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանին կամ այլ թեկնածուի, Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ ինքս եմ առաջադրվելու: Խնդիրը շատ ավելի խորն է, ինչի մասին ես խոսեցի 1 ժամ 10 րոպե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել