Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ ստիպված ես ու պարտավոր

Սեպտեմբեր 29,2007 00:00

Ինչու էր լռում Տեր-Պետրոսյանը

Նորմալ մարդը՝ մի բանը մի անգամ է ասում:

Նորմալ մարդուն՝ մի բանը մի անգամ են ասում:

Ավելը՝ անոմալիայի արտահայտություն է:

Էնպես որ՝ միանգամայն սխալ եւ հիմնազուրկ են այն պնդումները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ չի արել, որ չի խոսել շուրջ 10 տարի:

Ի՞նչ խոսեր:

Էն, ինչն ինքն ասել է՝ հրաժարականի հայտարարությունը ներառյալ, ոչ միայն գործերով, այլեւ խոսքով չի հերքվել 9,5 տարվա ընթացքում: Ավելին. գործերով-իրավիճակով-զարգացումներով եւ դրանց իսկ միանգամայն կանխատեսելի հեռանկարներով՝ հաստատվել ու ապացուցվել են նրա ասածները:

Եվ սրանք սոսկ խոսքեր չեն: Բացեք նրա հեղինակած ելույթների, հոդվածների եւ հարցազրույցների «Ընտրանին» (Երեւան, 2006 թ.), կարդացեք, փորձեք հասկանալ, եւ ակնհայտ կդառնա, որ հատկապես նորմալ մարդը մի բանը մի անգամ պետք է ասի: Որ նաեւ, նորմալ մարդուն մի բանը մի անգամ պետք է ասվի:

Անշուշտ՝ մարգարե չէ Տեր-Պետրոսյանը, սակայն նրա ասածները-հաշվարկները-կանխատեսումները ճշգրտորեն իրականացել են: Երկրի թե արտաքին, թե ներքին կյանքում: Սկսած շրջափակման խորացումից եւ զարգացումների ընդհանուր շրջագծից դուրս մնալուց, վերջացրած սոցիալական խորացող շերտավորմամբ:

Եվ, այդ պարագայում, ի՞նչ պետք է ասեր Տեր-Պետրոսյանը:

Չարախնդա՞ր՝ «Բա որ ասում էի՞»:

Բայց ինքը չի կարող չարախնդալ:

Այսինքն՝ սա միակ բանն էր, որ հարկ էր ասել նախորդ 10 տարիների ընթացքում, սակայն դա էլ, փաստորեն, անհնարին էր, քանի որ ինքը չարախնդացող չէ: Կերպով եւ էությամբ:

Ցա՞վ հայտներ:

Կարծում եմ՝ կհայտնի: Պարտավոր է: Բայց ոչ թե պարզապես «ախ ու վախ»-ի, «վայ-վույ»-ի, «վաշ-վիշ»-ի կամ այլ տեսքերով, այլ՝ պատասխանատվություն ստանձնելով: Խոտոր ընթացքը կասեցնելու եւ շտկելու նպատակով: Երկրի եւ ժողովրդի հանդեպ: Խոչ ու խութերը հաղթահարելու համար: Հանուն վաղվա քաղաքակիրթ աշխարհին Հայաստանի միաձուլման:

Որովհետեւ, երբ համոզված ես, որ ճիշտ ես, բայց քո ասածները կամ դիտմամբ, կամ էլ, պարզապես, չհասկանալու պատճառով չեն անում, պարտավոր ես ինքդ իրականություն դարձնել դրանք:

Այո, պարտավոր ես:

Նաեւ՝ ստիպված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել