Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եկավ խոսելու ժամանակը»

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Անցած գիշեր Թաիլանդից վերադարձած ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս խոսքերով սկսեց հարցազրույցը «Առավոտի» հետ:

– Պարոն Մխիթարյան, Թաիլանդում մեր ծանրորդների մրցելույթները ձեզ գոհացնո՞ւմ են:

– Եկավ խոսելու ժամանակը: Ես խոստումներիս մեջ, սովորաբար, զուսպ եմ: Հիմա կարող եմ խոսել: Իմ կարծիքով, տղաների հավաքականը կատարեց իր պարտականությունը: Ես Չանգ Մայ մեկնելուց առաջ ասում էի, որ մեդալներ կունենանք: Միայն ափսոս, որ ակնկալիքներն իրականացան հիսուն տոկոսով: Մեդալներ սպասում էինք երկու մարզիկից՝ 77 կգ քաշային Գեւորգ Դավթյանից եւ 69 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանից: Գեւորգը մեր սպասելիքներն արդարացրեց: Նա արդեն չեմպիոն էր: Բայց, ինչպես ասում են, անակնկալ հարվածը ստացանք բուլղարացի Իվան Ստոիցովից: Ես երբեք չէի սպասի, որ նա հրում վարժությունում 205 կգ-ն կբարձրացնի: Իսկ մեզ համար ճակատագրական եղավ հրումում Գեւորգի ձախողումը 167 կիլոգրամում, երբ նա քաշն արդեն բարձրացրած լինելով՝ մի տեսակ թուլացավ ու չկարողացավ ուղղվել: Հետո, երբ խոսում էի հետը, ասաց. «Ինձ թվաց, թե վարժությունն արդեն կատարել եմ»: Այդուհանդերձ, աշխարհի այս առաջնությունում, որտեղ մրցակիցները, պատկերավոր ասած, «միմյանց քրքրում էին», արծաթե երկու մեդալը նույնպես մեծ նվաճում է, որի համար բոլորիս շնորհավորում եմ:

– 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանի ձախողման մասին ի՞նչ կասեք:

– Անկեղծ ասած, դրա բացատրությունն առայժմ չունեմ: Որտե՞ղ է եղել սխալը՝ չեմ գտնում: Ամեն բան արվել է, ամեն ինչ եղել է նորմալ՝ սկսած նախապատրաստական փուլից, ավարտած վերջին նախավարժանքներով: Մինչեւ նրան մրցահարթակ հրավիրելու պահը, անհանգստացնող ոչ մի խնդիր չենք տեսել: 151 կիլոգրամը Տիգրանի համար ծանրություն չէր: Երեւանում հավաքների ժամանակ օր է եղել, որ նա երեք անգամ 160 կգ է պոկել: Ավելին, կար ժամանակ, որ նա իր նախասիրած «պոկում» վարժությունը կատարելու պրոբլեմներ ուներ: Հիմա դա էլ արդեն չկար: Մենք կարող էինք նրան առաջին մոտեցման ժամանակ ավելի թեթեւ քաշի ուղարկել: Բայց, կրկնում եմ, Տիգրանը ցուցանիշի էր գնալու եւ նրան արհեստականորեն պայքարից հեռու պահելը ճիշտ չէր լինի: Հետո, վարագույրի հետեւում, երբ հետը խոսում էինք, ասաց. «Ծանրաձողը ծանր էր»:

– Այսինքն 151 կիլոգրամից շա՞տ էր դրված:

– Ոչ: Ծանրամարտում այդպիսի արտահայտություն կա: Պարզապես, Տիգրանը պետք է պայքարեր, մանավանդ որ, նրա որակները լիովին բավականացնում էին:

– Երկրորդ վարժությունում նա ընդամենը մեկ մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 171 կգ: Հետո ի՞նչ եղավ:

– Հրումում էլ նա կարող էր ինչ-որ բան անել: Բայց, ինչպես ասում են, մարզիկի կրակը մեջն արդեն մարել էր: Որքան փորձեցինք «ոտքի կանգնեցնել»՝ անհնար եղավ:

– Այստեղ՝ Երեւանում, մեր տղաների նվաճած օլիմպիական ուղեգրերի քանակի մասին տարբեր լրատվամիջոցներ տարբեր թվեր են նշում: Ի վերջո, մենք Պեկին քանի՞ ծանրորդ ուղարկելու իրավունք նվաճեցինք:

– Աշխարհի վերջին երկու առաջնությունների միջին արդյունքով Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց թիմային 9-րդ տեղը: Այսինքն, օլիմպիական խաղերում ունենք հինգ մասնակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել