Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ ԿԼԻՆԻ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Մեկնաբանում է Տիգրան Հակոբյանը

– Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային ցույցեր էին՝ ի պաշտպանություն Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի, որը ձերբակալվել է երեկ ուշ երեկոյան: Նա մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման եւ անփութության մեջ: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ Օքրուաշվիլին հայտարարել էր. «Նախագահ Սահակաշվիլին մեկ անգամ չէ, որ ինձ հանձնարարել է վերացնել որոշ հեղինակավոր մարդկանց»: Վրաստանում պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման փաստի առթիվ «Ա1+»-ը խնդրեց «Հասարակություն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունները, որը բավականին քաջածանոթ է Վրաստանի քաղաքական իրավիճակին:

– Դա տխուր փաստ է ցանկացած պետության համար, երբ նախկին համախոհները, դաշնակիցները, միասին ինչ-որ բարեփոխումների ձգտողներն ու կատարողները այդպիսի մեղադրանքներ են մեկմեկու ներկայացնում: Դա ցավալի է, իսկ վտանգավոր է, երբ մի կողմում իշխանական ամբողջ բուրգն է՝ նախագահի գլխավորությամբ, իսկ մյուս կողմում պաշտպանության նախարարն է: Վտանգավոր է մի երկրի համար, որն ունի բազմաթիվ, այդ թվում՝ չլուծված տարածքային հարցեր: Այդ առումով, իհարկե, վատ է գնահատականը: Մի լուսավոր բան կա. պարզվում է՝ Վրաստանում ցանկացած ընդդիմադիր գործիչ ունի իր ազատ հեռուստաամբիոնը: Դա նշանակում է, որ իսկապես Վրաստանում ժողովրդավարական գործընթացները շատ արագ են զարգանում եւ ամեն ոք, անկախ իշխանական կամքից, կարող է ելույթ ունենալ նույնիսկ հեռուստատեսությամբ եւ մեղադրանքներ ներկայացնել: Չնայած դա չի փակում բոլոր այն բացասական հետեւանքները, որոնք կունենա այս ամբողջ պատմությունը Վրաստանի համար:

– Ժվանիայի սպանության հետ կապված Օքրուաշվիլու հայտարարությունները ինչո՞ւ ժամանակին չարվեցին:

– Ես համոզված եմ, որ դա միանշանակ քաղաքական նպատակներ էր հետապնդում եւ իրականության հետ որեւէ կապ չունի: Հայտնի է, որ Օքրուաշվիլին համարվում էր ամենաագրեսիվ առաջնորդներից մեկը, նկատի ունեմ այն քաղաքական ուժերին, որոնք պահանջում էին ավելի կոշտ քայլեր ձեռնարկել ինքնավար, ինքնակոչ հանրապետությունների նկատմամբ: Հիմա նա մեղադրում է, որ Միխայիլ Սահակաշվիլին էր փորձում համոզել իրեն, որ Ցխինվալին գրավեն, այնինչ այդպիսի ելույթներով, ցանկություններով միշտ աչքի էր ընկնում ինքը: Նորից իմ հավատը չի գալիս, որ դա այդպես էր: Հաշվի առնելով նաեւ իմ տեղեկատվական հոսքերը Վրաստանից եւ իմ վերլուծությունը՝ իմ համակրանքը, հավատը դեպի Սահակաշվիլին է, քան Օքրուաշվիլին: Նույնիսկ եթե գնում ես ընդդիմություն, դու պետք է որոշ ստանդարտներ փորձես պահել եւ, նախկինում լինելով պաշտպանության նախարար, դու որոշ խորհրդավոր լռություն պետք է պահպանես, եւ դա պարտադիր է բոլոր այն ղեկավարների համար, որոնք առաջնորդել են ուժային կառույցները: Ամեն մի պետական գաղտնիք չեն բացում:

– Որքանո՞վ եք Դուք հնարավոր համարում «վրացական այս սցենարի» կրկնությունը նաեւ Հայաստանում, օրինակ՝ նախընտրական շրջանում քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու նպատակով:

– Իհարկե, ամեն ինչ հնարավոր է Հայաստանում: Գիտեք, մինչեւ այդ Հայաստանը լավ, բարի որոշ ավանդույթ ցույց տվեց, նույնիսկ 1997թ., 1998 թ. հետո՝ հրապարակավ եղան այնպիսի հրապարակումներ՝ նախկին եւ ներկա իշխանություններից, ինչպես Վրաստանում է: Բայց այն ժամանակ մարդկանց որակն էր, իմ կարծիքով, ուրիշ: Այսօր քաղաքական գործիչների ամբողջ մակարդակն այնպես է իջել, որ իրենց իշխանությունը պահպանելու կամ ջրի երեսը մնալու համար նրանք ամեն մի քայլի կարող են դիմել՝ ամեն մի սադրանքի, զրպարտանքի: Եթե դա կատարվեց Վրաստանում բավականին կիրթ, Եվրոպայում կրթություն ստացած, Վրաստանին հավատացող եւ նրա համար բավականին մեծ աշխատանք կատարած անձանց կողմից, բնական է՝ դա չի կարելի բացառել Հայաստանի այսօրվա քաղաքական առաջնորդների մեծամասնության դեպքում, որոնք ոչ այդպիսի բաներ են գործել, ոչ աշխատանք են կատարել Հայաստանի համար, ոչ էլ այդ բարձր բարոյական հատկանիշներն ունեն, ինչպես իմ թվարկած գործիչները:

– Օքրուաշվիլուն ձերբակալել են նաեւ փողերի լվացման մեղադրանքով: Այս դեպքում որեւէ նմանություն տեսնո՞ւմ եք «Անհնազանդության» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալության միջեւ:

– Ինչպես ասում են՝ դա «լրիվ այլ համերգից է»: Դա արհեստական կլինի, եթե Վրաստանի պատմությունը տեղափոխենք այստեղ: Դրանք տարբեր բաներ են: Շատ տարբեր օրինակներ բերեցիք, ես նույնիսկ որեւէ կապող գիծ չեմ տեսնում: «Փողերի լվացումը» ամենահեշտ, ամենապարզ ներկայացվող մեղադրանքներից մեկն է: Օրինակ՝ ժամանակին՝ 30-ական թթ. Ամերիկայում քրեական մաֆիոզներին նստեցնում էին փողեր լվանալու կամ հարկեր չվճարելու համար: Այդպիսի գործ սարքելն իրականության մեջ, նույնիսկ եթե չկա, շատ հեշտ է: Այդպիսի մեղադրանքներ են ներկայացնում այն մարդկանց, որոնց իրական մեղադրանք ներկայացնելը շատ դժվար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել