Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ «ԿՈՐԶՈՒՄ»

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Սակայն ոչ թե քաղաքական, այլ «առողջապահական» նպատակներով

Այս օրերին մայրաքաղաքի պոլիկլինիկայի բժիշկները տնետուն ընկած՝ բնակիչներից անձնագրային տվյալներ են հավաքում: Բանն այն է, որ եկող տարվա հունվարի մեկից յուրաքանչյուր բնակիչ պետք է ընտանեկան բժիշկ ունենա, իսկ ընտանեկան բժշկի աշխատավարձը կախված է լինելու «պացիենտների» թվից: Չնայած բնակիչների՝ ընտանեկան բժիշկների մոտ գրանցման ժամկետը մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ն է, սակայն քաղաքացիների շրջանում դեռեւս վստահություն չկա ընտանեկան բժշկի համակարգի նկատմամբ: Բացի այն, որ բնակչության ընդամենը 60 տոկոսն է հաշվառվել ընտանեկան բժիշկ ունենալու համար, շատերի համար դեռեւս մի շարք «մութ» հարցեր են մնացել: Սա վկայում է այն մասին, որ այս համակարգի վերաբերյալ քարոզչությունը, կարելի է ասել, բավարար չափով չի տարվել: Նկատենք, որ այս ծրագիրն իրականացնելու համար մեր կառավարությունը Համաշխարհային բանկից, 1998-ից սկսած, տասնյակ միլիոն դոլարի վարկ է ստացել, բայց մինչ օրս բնակիչները ընտանեկան բժշկի գործառույթների մասին գաղափար չունեն: Այսօր որեւէ գովազդային պաստառ կամ տեսահոլովակ չենք հանդիպի, որը բնակիչներին կծանուցի ընտանեկան բժշկի եւ քաղաքացու իրավունքների մասին: Բնակիչները մինչ օրս տեղյակ չեն, որ իրենք ընտրության մեջ ազատ են եւ կարող են իրենց ընտանեկան բժշկին ընտրել մայրաքաղաքի ցանկացած պոլիկլինիկայից: Պոլիկլինիկայի բժիշկներն էլ, օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից, մարդկանց տարբեր պատճառաբանություններով ստիպում են հենց իրենց մոտ գրանցվել, առանց զգուշացնելու, որ վերջինս այլընտրանք ունի: Ավելին, հաշվառման համար տներ այցելած թերապեւտները վերցնում են ընտանիքի բոլոր անդամների անձնագրերի տվյալները, անգամ նրանց, ովքեր այդ պահին տանը չեն եւ իրենց համաձայնությունը չեն տվել: Այն բնակիչներն էլ, ովքեր քիչ թե շատ տեղյակ են, որ կարող են նաեւ այլ պոլիկլինիկայից բժիշկ ընտրել, այնուամենայնիվ, չգիտեն, թե այլ տեղամասում սպասարկվելու դեպքում վճարելու ե՞ն, թե՞ ոչ: Քաղաքացիները նաեւ տեղյակ չեն, թե սահմանված ժամկետում չգրանցվելու դեպքում՝ պոլիկլինիկայում իրենց կսպասարկե՞ն, թե՝ ոչ: Օրինակ, Սունդուկյան 1 հասցեի բնակիչ Մարինե Հակոբյանին այցելած բժիշկը փոխանակ բացատրելու ընտանեկան բժշկի գործը, դեռ մի բան էլ վախեցրել է, որ եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը չգրանցվի իր մոտ, ապա հետագայում պիտի վճարովի սպասարկվի: «Առավոտին» դիմած Մ. Հակոբյանն ընդհանրապես դեմ էր ընտանեկան բժիշկ ունենալուն. «Ես ոչ մի ընտանեկան բժիշկ էլ չեմ ուզում եւ ոչ մի տեղ էլ չեմ գրանցվելու»: Այս առնչությամբ «Առավոտը» քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանից հետաքրքրվեց, թե ընտանեկան բժիշկ ունենալը պարտադի՞ր է: «Ի վերջո, ընտանեկան բժշկի ինստիտուտը տանում է նրան, որ պոլիկլինիկաները որպես այդպիսին վերանան եւ ավելի զարգանա ընտանեկան բժշկությունը: Միեւնույն է, մարդը մի օր պիտի՞ դիմի բժշկի, եթե այսօր պոլիկլինիկա այցելելու դեպքում դիմում են իրենց տեղամասի թերապեւտին, ապա հետագայում թերապեւտ չի լինելու, այլ լինելու են կայացած ընտանեկան բժիշկներ, իսկ եթե նրանք որեւէ ընտանեկան բժշկի մոտ գրանցված չեն՝ սպասարկվել չեն կարող»: Ինչ վերաբերում է բնակիչների այն մտահոգությանը, թե այլ տեղամասից ընտանեկան բժիշկ ընտրելը վճարովի՞ է, թե՝ ոչ, պարոն Սողոյանը պարզաբանեց. «Միանշանակ՝ անվճար է: Կապ չունի, թե բնակիչը որ պոլիկլինիկայից է բժիշկ ընտրել, նրան վճարողը պետությունն է, միայն թե հարցն այն է, որ բնակիչը պարտավոր է մեկ հոգու մոտ գրանցվել»: Մեր հարցին, թե այդ դեպքում այլ տեղամասից ընտրված ընտանեկան բժիշկը, ասենք, սրտաբանի մոտ ուղեգրելու համար բնակչին որ պոլիկլինիկա պետք է ուղարկի՝ տեղամասայի՞ն, թե՞ այնտեղ, որտեղ աշխատում է ինքը: Սրան ի պատասխան՝ վարչության պետն ասաց. «Այդ ամենը հետագայի հարց է: Այս պահին բնակիչն անվճար պետք է սպասարկվի իր տեղամասում: Իսկ երբ կայանան անկախ ընտանեկան բժիշկները, նրանք կուղեգրեն այն մասնագետների մոտ, որոնց հետ ունեն պայմանագիր, դա կարող է լինել նույն պոլիկլինիկայի մասնագետ, կարող է լինել հիվանդանոցի բժիշկ, եթե կա կնքված պայմանագիր բժշկի հետ, ապա սպասարկումն անվճար է, քանի որ ֆինանսավորումը պետության վրա է»:

Ա. Սողոյանի տվյալներով, այսօրվա դրությամբ մայրաքաղաքի պոլիկլինիկաներից վերապատրաստվել է ընդամենը 270 ընտանեկան բժիշկ, ինչը, սակայն, բավարար թիվ չէ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր նախընտրած ընտանեկան բժիշկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել