Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորներից շատերը կարդալու հետ սեր չունեն

Սեպտեմբեր 29,2007 00:00

ԱԺ գրադարանից հատուկենտ պատգամավորներ են օգտվում

Ազգային ժողովում պատգամավորների համար գործում է գրադարան, բայց մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք օգտվում են այդ գրադարանից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանը, իրենց գրադարանի ընթերցասեր այցելուները հիմնականում հանձնաժողովների նախագահներն են եւ մի քանի պատգամավոր. «Նրանց հետաքրքրում է, թե այս կամ այն ոլորտը կարգավորող ինչ իրավական ակտեր կան, ուսումնասիրում են նաեւ միջազգային փորձը, ընթերցում են հատկապես եվրոպական օրենսդրությունը, շատ հետաքրքրված են օտարերկրյա պետությունների մասնագետների վերլուծություններով, ոմանք էլ օգտվում են քաղաքական գործիչների կենսագրությունների վերաբերյալ գրականությունից»: ԱԺ գրադարանի ամենաակտիվ ընթերցողներից են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Հրանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանի ներկայացմամբ, մեկ շաբաթվա ընթացքում ինքը գրադարանից օգտվում է 30-40 անգամ: Ըստ տիկին Հակոբյանի՝ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է իրավաբանական գրականությունը: Օգտվում եմ նաեւ գեղարվեստական գրականությունից, այս առումով մեր գրադարանը շատ աղքատիկ է եւ պատվիրում եմ Ազգային ակադեմիայի գրադարանից»:

Վիկտոր Դալլաքյանի խոսքերով էլ՝ որքան էլ ԱԺ գրադարանի աշխատակիցները բարեխղճորեն են աշխատում եւ փորձում են կարդալ չսիրող պատգամավորներին կապել գրքի հետ՝ անօգուտ է. «Պատգամավորի մեջ ընթերցասիրություն առաջացնելու համար առաջին հերթին նա պիտի գոնե դպրոց գնացած լինի կամ էլ դպրոցում լավ սովորած լինի, իսկ մնացածը նախասիրության հարց է, այսօր, ցավոք, պատգամավոր եւ գրադարան կապը միակողմանի է, քանի որ այսօրվա ԱԺ կազմը որոշակի չափանիշների չի համապատասխանում: Փոքր ժամանակ ծննդյանս տոներին խաղալիքների փոխարեն ինձ միշտ գրքեր են նվիրել, օրինակ՝ 5 տարեկանում հայրս ինձ Հին Հռոմի պատմության մասին գիրք է նվիրել, ես էլ այդ ոգով եմ մեծացել ու դաստիարակվել»:

Ընթերցանության հետ սեր ունեն նաեւ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանն ու Արմեն Ռուստամյանը: Նորընտիր պատգամավորները կարդալու հետ եւս սեր չունեն: Մ. Ասատրյանը հիշեց, որ նրանցից գրադարան այցելում են միայն ԲՀԿ-ից ընտրված Էռնեստ Սողոմոնյանը եւ Արեւիկ Պետրոսյանը: Նորընտիր պատգամավոր դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ դեռ չի հասցրել գրադարանից օգտվել, պատճառաբանելով, որ նոր է ինտեգրվում ԱԺ-ին. «Բայց անպայման օգտվելու եմ, առանց գրադարանի չեմ կարող աշխատել, օրինակ՝ ինձ շատ կհետաքրքրի, թե ինչ հիմնավորումներով են մեր օրենքներն ընդունել, որովհետեւ դրանք շատ լավ են նկարագրված, բայց իրական կյանքում տեղ չեն գտնում»:

Այս գումարման Ազգային ժողովը կորցրել է նաեւ մի քանի այլ ակտիվ ընթերցողների՝ նախկին պատգամավորներ Թաթուլ Մանասերյանին ու Աղասի Արշակյանին: Գրադարան չայցելող պատգամավորներին արդարացնելու համար տեղեկատվական վարչության պետը նկատեց. «Պարտադիր չէ, որ գիրք վերցնելու համար պատգամավորներն անձամբ գան գրադարան: Հաճախ դա անում են նրանց օգնականներն ու գործավարուհիները, այս դեպքում պատգամավորի անունը մեզ մոտ չի գրանցվում եւ չենք իմանում, թե այդ գրականությունը որ պատգամավորն է ընթերցում: Բացի այդ, պատգամավորները կարող են տեղեկություն ստանալ հենց իրենց աշխատասենյակներում. ԱԺ ներքին ցանցում կա էլեկտրոնային գրադարան, որի միջոցով պատգամավորները կարող են ծանոթանալ խորհրդարանին վերաբերող մամուլի տեսությանը: Դրանով նաեւ լուծվում է նրանց թերթ կարդալու խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել