Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՂԲԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ»

Սեպտեմբեր 29,2007 00:00

Սնունդ հայթայթելու նպատակով Աշտարակից մայրաքաղաք տեղափոխված բոմժերը հույս ունեն, «որ ոնց էլ լինի»՝ մայրաքաղաքի

աղբանոցներում ուտելու բան կճարվի:

Մեկ տարուց ավելի է, Կոմիտասի անվան այգում՝ Պանթեոնի հարեւանությամբ, բաց երկնքի տակ բնակվում են Սերգեյ եւ Իրինա ամուսիններն ու նրանց ընկերը՝ Պյոտրը: Անօթեւան մնացած այս մարդիկ տարիներ առաջ Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից: Պյոտր Յակովը ծնունդով Կրասնոդարից է, նրա Հայաստան գալու պատճառը կինն է եղել, որն ազգությամբ հայուհի էր: Կնոջ՝ Անահիտի մահից հետո Պյոտրը հայտնվել է փողոցում. «Տղաս ինձ տնից դուրս է արել ու երեսս չի ուզում տեսնել, ամաչում է, որ հարբեցող եմ: Ես էլ ընկերացել եմ անտուն մնացած Սերգեյի եւ Իրինայի հետ, երեքով մեր գոյությունը մի կերպ պահում ենք: Բայց էլ չենք դիմանում: Ում դիմում ենք, որ մեզ մի բանով օգնեն՝ մերժում են»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Պ. Յակովը: Մեր այցելության պահին նա ծառի տակ նստած ճաշում էր, եւ տանտիրոջ իրավունքով մեզ էլ հրավիրեց իրեն ընկերակցելու՝ ասելով, որ իր ունեցած հացը, երկու կտոր երշիկն ու սոխն ինձ հետ «հալալ» կկիսի: Այդ օրվա սնունդը, ինչպես ինքը պատմեց, հայթայթել էր «Գումի» շուկայից. «Գնում ենք շուկաներ կամ աղբանոցներ ու հավաքում սննդի մնացորդները: Սաղ տարին դրանցով էլ սնվում ենք»: Նրա խոսքերով. «Ամառ-ձմեռ բաց երկնքի տակ ենք ապրում, որ անձրեւ կամ ձյուն է գալիս՝ պատսպարվում ենք փալաս-փուլուսի տակ»: Ամռան այս շոգին Պյոտրի հագին բրդյա գուլպաներ էին, քանի որ. «Ոտքերիս մատները կտրել են»: Նրա պատմելով, նախորդ ձմռանը ոտքերը սառչել են ու ցրտահարվել, իսկ հիվանդանոցում երկարատեւ չբուժելու եւ ավելորդ ծախսեր չանելու համար բժիշկները գերադասել են նրա ոտքի մատներն անդամահատել: Այգու բացատում, որտեղ հանգրվանել էին երեք բոմժերը, անխնամ այս ու այն կողմ էր թափված նրանց գույքը՝ աղբարկղերից ու փողոցներից հավաքած կենցաղային իրեր, ներքնակներ ու լոգարանի պարագաներ: Չնայած շուրջը տիրող հակասանիտարական վիճակին, Պյոտրը, մատնացույց անելով քիչ այն կողմ ընկած պլաստմասսայե վաննան, ասաց. «Ամիսը մեկ ջուր ենք կրում ու հենց ստեղ էլ վաննայի մեջ լողանում ենք: Եթե փողոցներից հում սնունդ ենք գտնում՝ մեկ-մեկ էլ ճաշ ենք եփում: Երկու քար ենք դնում ու օջախ ենք վառում»:

Մինչ կզրուցեինք Պյոտրի հետ, ամուսիններ Սերգեյը եւ Իրինան մյուս ծառի տակ հարբած-քնած էին: Պյոտրի բոլոր ջանքերը՝ զույգին արթնացնելու, ապարդյուն անցան: Տեղեկացանք, որ ամուսինները մինչ Երեւան գալն ապրել են Աշտարակում: Պյոտրի խոսքերով, Իրինան եւ Սերգեյը մայրաքաղաք են տեղափոխվել, որպեսզի սովից չմեռնեն, քանի որ. «Այստեղ հա՛մ աղբանոցներն են շատ, համ էլ՝ շուկաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել