Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առավելությունն իր աշխատակցին է տվել

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Իջեւանի քաղաքապետը պատճառաբանելով, որ իր ենթական Իջեւանում անգամ մի տաղավար չունի, օբյեկտի համար տարածք է հատկացրել:

«Օրեր առաջ Իջեւան քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ ծառաջարդ էր տեղի ունենում: Աբովյան 14 հասցեում, տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնելու պատրվակով՝ հատվել է 3 հաստաբուն ծառ»,- երեկ պատմեց «Առավոտի» խմբագրություն եկած իջեւանցի Հայկազ Ալավերդյանը: Նա հարեւանությամբ գտնվող խանութի սեփականատերն է: Հ. Ալավերդյանի ներկայացմամբ. «Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանից մարդիկ եկան ու ասացին, որ մեր խանութի մոտ պետք է մաքրման աշխատանքներ իրականացնեն ու քանի որ կան չորացած ու փտած ծառեր, որոնք առողջներին խանգարում են, պետք է հատվեն: Մենք էլ դեռ նրանց օգնեցինք՝ «Դրուժբան» մեր խանութից միացրինք, հետո նոր հասկացանք, որ ծառերը տարածքն ազատելու նպատակով են կտրում»:

Ծառահատումը կանխելու համար Հ. Ալավերդյանն անմիջապես տեղյակ է պահել Իջեւանի ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ, ինչպես Հ. Ալավերդյանն է հավաստում, եկել են, տեղում արձանագրություն կազմել ու ծառահատումը դադարեցրել. «Մտածեցինք, թե էդ անօրինականությունը էլ չի շարունակվի, սակայն որոշ ժամանակ անց եկան ու սկսեցին մի հաստաբուն առողջ ծառի ճյուղերը կտրատել ու գետը նետել, հետո էլ քար ու ավազ բերեցին-թափեցին էդ կանաչապատ տարածքում ու նոր հասկացանք, որ կտրատած ծառերի տեղն ուզում են շինարարություն սկսել»: Հ. Ալավերդյանին հասած տեղեկություններով, այդ տարածքում պատրաստվում է օբյեկտ կառուցել Արարատ Պարոնյանը, որն Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետն է. «Պարզ է, որ նրան հովանավորում է քաղաքապետը, քանի որ նախքան տարածքի սեփականատիրոջ հայտնվելը, ես եմ ցանկացել իմ խանութից ընդամենը 4 մետր հեռավորության վրա գտնվող այդ տարածքը բարեկարգել, կանաչապատել ու սրճարան կառուցել, սակայն քաղաքապետն ինձ թույլ չտվեց՝ պատճառաբանելով, որ կանաչ գոտի է եւ որ այդտեղ շինարարական աշխատանքներն արգելված են»: Ըստ Հ. Ալավերդյանի, նոր կառուցվող օբյեկտը ոչ միայն իր խանութի մուտքն է փակելու, այլ կառուցապատման արդյունքում հսկայական կանաչապատ տարածք ոչնչացվելու է:

Այս առնչությամբ դիմեցինք Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արարատ Պարոնյանին: Նա «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ տարածքն իսկապես իրեն է պատկանում: Ասաց, որ այն ձեռք է բերել 140 հազար դրամով՝ այս տարվա մարտ ամսին. «Ինքնակամ ոչ մի ծառ չեմ կտրել: Քաղաքապետարանի ծառերի էտման ծրագրով իմ սեփականաշնորհած տարածքում ընդամենը 1 չոր ծառ է հատվել, որի հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Իսկ նման կեղծ խոսակցությունները վերագրում եմ այն բանին, որ Հայկազ Ալավերդյանն ինքն էր ցանկանում ինձ պատկանող տարածքը գնել: Նա քաղաքի տարբեր մասերում խանութներ ունի, անգամ Սեւանում հողատարածք ու Երեւանում տներ ունի: Նա ինձ առաջարկեց քաղաքի այլ մասում գտնվող իր խանութներից մեկն այդ Աբովյան 14 տարածքի հետ փոխանակել, որին ես չհամաձայնեցի»:

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծառերի էտման աշխատանքներ իրականացվել են ամբողջ քաղաքում, իսկ վերոնշյալ տարածքում հատվել է ընդամենը 1 չոր ծառ. «Այն էլ շինարարության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, առավել եւս, որ կառուցապատմանը չի էլ խանգարում»: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ է այդ տարածքը քաղաքապետարանի աշխատակցին, ոչ թե Հայկազ Ալավերդյանին տրամադրվել, Վ. Ներսիսյանը պարզաբանեց. «Հայկազի դեմ որեւէ տրամադրվածություն չունեմ, նա իմ դասընկերն է, սակայն մեր քաղաքում նա 3 սեփականություն ունի, իսկ Արարատ Պարոնյանը մի տաղավար անգամ չունի: Կարծում եմ՝ ես արդարացի եմ վարվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել