Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Լեւոն Մկրտչյանը երեկ խոստովանեց, որ որոշ հարցերում ԿԳ նախարարությունը թերացել է

Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) երեկվա հյուրը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էր, թեման՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առկա խնդիրները: Լ. Մկրտչյանի խոսքերով, հասարակության ամենադրական հատկանիշն այն է, որ այսօր կրթական համակարգը բոլորին մտահոգում է: Նա հաջող որակեց խորհրդային կրթահամակարգը, իսկ անկախ Հայաստանի կրթահամակարգի մասին էլ ասաց, որ «մինչեւ 2015թ. պիտի կարողանանք վերլուծել ու հասկանալ, թե ինչ էր պետք եւ ինչի ենք հասել»: Ըստ Լ. Մկրտչյանի, անհրաժեշտ է ստեղծել համահայկական կրթական համակարգ, ուր իր արժանի տեղը կունենա Սփյուռքի ներուժը: Նախարարի փոխանցմամբ, այսօր հանրակրթության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ հատկապես հումանիտար ու բնագիտական առարկաների բլոկում. «Այդ պրոբլեմները արդյունք են նրա, որ գրչի մեկ հարվածով Երեւան քաղաքի դպրոցների բոլոր փորձառու տնօրենները ազատվեցին աշխատանքից ու դպրոց եկան բոլորովին վերջինիս հետ կապ չունեցող մարդիկ»:

Դառնալով բուհական եւ հանրակրթական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին՝ նախարարը նշեց, որ դրանք մեծապես կախված են աշխատաշուկայից: Ըստ նրա, այսօր շատ ցածր կոռուպցիոն ռիսկայնություն կա միջին մասնագիտական կրթական համակարգում, որովհետեւ պահանջարկը այս մասում ցածր է: «Անհրաժեշտ է բարելավել դասախոսների եւ ուսուցիչների սոցիալական վիճակը, ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ հնարավոր լինի կանոնակարգել դասախոս-աշակերտ կապը: Կրեդիտային համակարգը տալիս է այդ հնարավորությունը: 1998 թվականից սկսած՝ նախարարությունը թերացել է: Ուշադրությունը կենտրոնացնելով միայն մուտքի քննություններին՝ աչքաթող է արել վերջնական արդյունքները: Այժմ մշակել ենք նոր կարգ եւ ուզում ենք փոխել ավարտական քննությունների հանձնման համակարգը: Քննող դասախոսական կազմը պետք է լինի մեկ այլ բուհից, որպեսզի լինի նաեւ մասնագիտական մրցակցություն»,- ասաց նա: Դառնալով ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության կողմից քննությունների ժամանակ հավաքած բազմաթիվ բողոքներին, նախարարն ասաց. «Ես դիմել եմ իրենց՝ խնդրելով ինձ տրամադրել բոլոր փաստերը, նաեւ խոստացել, որ յուրաքանչյուր փաստի առիթով ինքս կդիմեմ դատախազություն: Սակայն առ այսօր այդ փաստաթղթերի փաթեթը չեմ ստացել»:

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է դաշնակցական նախարարը գնահատում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից մի քանի օր առաջ ուսանողների համար կազմակերպած միջոցառումը, որի ժամանակ քիչ էր մնում «Արամ Խաչատրյան» համերգասրահի դռները ջարդեին, եւ արդյո՞ք հաջողվեց շնորհավորել առաջին կուրսեցիներին, ինչի համար հրավիրված էր, Լ. Մկրտչյանը պատասխանեց. «Ես առաջին կուրսեցիներին կարողացա շնորհավորել ներսում: Ցավոք, դրսում մեծաթիվ երիտասարդություն էր հավաքված, որոնք եկել էին համերգի, բայց չէին կարողացել ներս մտնել: Ես մեր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տղաներին ասացի, որ պետք էր ճիշտ հաշվել հրավիրյալներին, ոչ թե հրավիրատոմսերն ավելի շատ բաժանել, քան տեղերն էին»: Այնուհետեւ փորձելով հավաստիացնել, որ իր ներկայությունը «դաշնակցական» միջոցառմանը քարոզարշավային բնույթ չուներ եւ ինքը չէր օգտագործում իր նախարարական լծակները՝ Լ. Մկրտչյանը հավելեց. «Ես ընդհանրապես նման միջոցառումների միշտ էլ ներկա եմ լինում, օրինակ՝ վաղն էլ գնալու եմ Այնթապի դպրոց, որտեղ բացվում է հատուկ դասարան: Մեծ հնչեղություն ունեցող միջոցառումներին կրթության նախարարի ողջույնի խոսքը, կարծում եմ, բնական է: Եվ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է կազմակերպում, ես սիրով եմ մասնակցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել