Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՈՉԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՍԱՐԵ՞Ր Է ՇՈՒՌ ՏՎԵԼ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Լոռու նոր մարզպետը, իր խոսքերով՝ առողջապահական, կրթական ու սոցիալական ոլորտները կաշառակերներից մաքրել է:

Արդեն մոտ 1 տարի է՝ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանից հետո այդ պաշտոնում է նշանակվել Արամ Քոչարյանը: Դեռեւս տարեսկզբին մեր թերթին տված հարցազրույցում մարզպետը դժգոհել էր, որ Քոչինյանի ղեկավարած մարզում շատ ոլորտների աշխատանքն իրեն դուր չի գալիս: Մասնավորապես, մարզպետին անհանգստացրել էր սոցիալական ծառայությունների մատուցման, առողջապահության եւ կրթության ոլորտները, որտեղ պարոն Քոչարյանը շատ անելիքներ էր տեսնում: Պարզելու համար, թե այս ժամանակահատվածում մարզում ի՞նչ բարեփոխումներ են կատարվել՝ զրուցեցինք Արամ Քոչարյանի հետ.

– Երբ նոր էիք դարձել մարզպետ՝ վստահեցնում էիք, որ կլինեն կադրային փոփոխություններ, եւ տարբեր ոլորտների անբարեխիղճ աշխատողներ կազատվեն աշխատանքից: Եղե՞լ են պատժվողներ:

– Իհարկե, փոփոխություններ եւ պատժվողներ եղել են: Սոցիալական ոլորտում տիրող անթույլատրելի մթնոլորտը, կարելի է ասել, մաքրվում է ապօրինություններից, երբ երկար տարիներ բնակիչն իրեն հասանելի նպաստը ստանալու համար պարտավորվում էր որոշակի գումար տալ կառույցի աշխատակիցներին: Նպաստ ստանում էին սոցիալապես ոչ անապահով մարդիկ: Նման պաշտոնյաները կրել են իրենց պատիժը՝ ազատվելով աշխատանքից:

– Որքան ես տեղյակ եմ, պաշտոնից ազատվել է մարզի սոցիալական ծառայության պետ Արամ Մկրտչյանը։ Է՞լ ովքեր են զրկվել պաշտոնից:

– Արամ Մկրտչյանը ոչ թե ազատվել է պաշտոնից, այլ երբ սոցիալական ծառայությունն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ, քաղաքապետարանը նրա հետ չվերահաստատեց աշխատանքային պայմանագիրը: Մյուսների առումով անուններ ես առայժմ չեմ ուզում տալ, դա կասեմ մի քանի ամիս անց, երբ նրանց առնչությամբ ընթացող գործերը հասնեն ավարտին։ Եղել են երկու դպրոցների տնօրենների փոփոխություններ: Այժմ դրամահավաքության առնչությամբ կան նաեւ այլ դպրոցների տնօրենների դեմ բողոքներ, բայց հիմա դեռ ճշտում ենք ինֆորմացիայի հավաստիությունը, եթե պարզվի, որ ճիշտ է՝ նրանք նույնպես կազատվեն աշխատանքից: Ուսուցիչների հետ օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ ես այդ հարցը մեկ անգամ եւս խիստ եմ դրել: Փոփոխություններ կան նաեւ առողջապահական համակարգի ղեկավարների մեջ, էլի կլինեն: Դրանք հիմնականում պայմանավորված են ե՛ւ համակարգի օպտիմալացմամբ, ե՛ւ որոշակի թարմություն բերելու, ժողովրդի վստահությունը վերականգնելու անհրաժեշտությամբ: «Առավոտի» ձեր հրապարակումից հետո աշխատանքից ազատվել է նաեւ հոդվածում հիշատակված բժշկուհին՝ Լուսինե Վարդանյանը, որը, ինչպես նշել էիք, ծննդաբերության համար 40 հազար դրամ «մաղարիչ» էր պահանջել:

– Մարզում շարունակվում են «վեր խոյանալ» ապօրինի կառույցները, որոնք խաթարում են քաղաքների, մայրուղիների եւ հանրապետական նշանակության ճանապարհների ճարտարապետական տեսքը: Բնականաբար, դրանք չեն կառուցվում առանց քաղաքային իշխանությունների իմացության, որոնք «սիրով» օրինական բնույթ են տալիս դրանց: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք կանխելու ուղղությամբ:

– Այո, ես շրջել եմ քաղաքում եւ տեսել անթույլատրելի բաներ: Շատ մարդիկ տառապում են անպայման ինչ-որ տեղ ինչ-որ բան կառուցելու մոլուցքով։ Նրանք նախ կառուցում են իրենց ուզածը, հետո փորձում օրինականացնել, անկախ այն բանից՝ համապատասխանո՞ւմ է իրենց կառույցը քաղաքաշինության նորմերին, թե՝ ոչ: Դրանց դեմ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են եւ կշարունակվեն կանխվել ապօրինի կառույցները: Ստեղծվել եւ աշխատում է հանձնաժողով, որը զբաղվում է հենց նմանատիպ կառույցների հարցերով, մեր մարզն անպայման կմաքրվի դրանցից:

– Աղետի գոտու որոշ քաղաքներում թեեւ տարբեր ֆինանսական միջոցներով ու ներդրումներով ընթանում է բնակարանաշինություն, սակայն բնակարան ստանալու համար հերթագրված քաղաքացիների ցուցակը կարծես թե չի նվազում, ընդհակառակը՝ նույնիսկ ավելանում է:

– Իրականում երեւույթը կա եւ շատ մտահոգիչ է: Այդ հարցը պարզելու համար մարզպետարանը ստեղծել է հանձնաժողով, որի կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց կտան, թե իրականում մինչ այժմ ինչ է կատարվել մարզի քաղաքաշինության ոլորտում:

– Վերջերս մարզպետարանը «թեժ գիծ» է բացել, որով Լոռու մարզի բնակիչներին կոչ է արվում ցանկացած բողոքների դեպքում զանգահարել (0322) 20413 հեռախոսահամարով ու հայտնել իրենց դժգոհությունը: Լոռեցիները կվստահե՞ն «թեժ գծին», եւ որքանո՞վ ապահովված կլինի բողոքողի անվտանգությունը:

– Մարզային տարբեր կառույցներում մենք հետեւողական պայքար ենք սկսել կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների դեմ: Դա ե՛ւ դպրոցական դրամահավաքությունն է, ե՛ւ սոցիալական ոլորտում, բուժհիմնարկներում տիրող ապօրինությունները: Այդ ամենի դեմ պայքարելը հեշտ չէ, եթե չլինի բնակչության օժանդակությունը՝ ապօրինությունների առնչությամբ մեզ ժամանակին տեղյակ պահելով: Մեր գործը կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում դժվարանում է նրանով, որ բնակիչները թեեւ անընդհատ բողոքում են, բայց երբ հարցը հասնում է բողոքին իրավական բնույթ տալուն՝ խուսափում են: «Թեժ գծի» առկայությունը, կարծում եմ, մեզ զգալիորեն կօգնի: Ինչ վերաբերում է բնակչության վստահությանն ու ապահովությանը, ապա ես վստահեցնում եմ, որ ոչ մի բողոքող ծնողի երեխա դպրոցում չի պատժվի, ոչ մի նպաստառու, հիվանդ եւ, առհասարակ, ոչ մի քաղաքացի իր զանգի արդյունքում չի տուժի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել