Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀ ՈՒՆԵՆ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"«Գերագույն խորհուրդ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը վստահ է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ գլուխ են բարձրացրել, որովհետեւ անձնական շահ ունեն:

Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուբեն Թորոսյանին բարեւ չի տալիս եւ ժամանակին որոշ հարցերում իրեն խանգարել է, սակայն պարոն Թորոսյանը վստահ է, որ այսօր միակ ճիշտ տարբերակը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է. «Չնայած ինձ անձնապես վնասից բացի օգուտ չի տվել, օրինակ՝ թույլ չի տվել, որ ես ընտրվեմ հանձնաժողովի նախագահ կամ, եթե սոցիալական-անձնական հարցերով ասենք՝ անգամ բարեւ չի տալիս, բայց ես կարծում եմ, որ նա միակ մարդն է, որն այսօր մեծ հարգանք ունի քաղաքական էլիտայում, եւ համոզված եմ՝ եթե նա խոսի ժողովրդի հետ՝ կհաղթի, միայն մի բան կցանկանայի, որ նա իր գերինքնասիրությունը կարողանա մի փոքր զսպել»: Ռուբեն Թորոսյանը կողջունի նրա առաջադրումը, «եթե առաջադրվի նախագահի թեկնածու, եւ եթե նրա շրջապատը այդ առաջադրմանը կազմակերպված մոտենա, նա անպայման կհաղթի, բայց, ցավոք սրտի, այդ կազմակերպվածությունը հիմա ես չեմ տեսնում: Ես իմ առաջարկը մինչ այս էլ եմ արել. առաջարկել եմ ստեղծել ժողովրդավարների խորհուրդ եւ գտնում եմ, որ նա այդ գործը պետք է սկսեր հենց հիմա, սկսեր որպես առաջնորդ, հենց այդ հարցերով եւ այդ գործի մեջ նա անպայման կառանձնանար, եւ դա կբերեր հաղթանակի»: Ռուբեն Թորոսյանը որոշ վերապահում ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի վերաբերյալ. «Նա պետք է մտածի իր շրջապատի մասին: Նրանք, ովքեր մնացել են ՀՀՇ-ում, փառք ու պատիվ, բայց, ցավոք սրտի, որեւէ գործ չեն արել, եւ այսօր ես չեմ տեսնում այն շրջապատը, որով Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է գալ: Նա, իրոք, պետք է մտածի իր շրջապատի մասին»:

Ժողովրդավարների խորհուրդ ստեղծելու առաջարկը Ռուբեն Թորոսյանը այլ քաղաքական ուժերի հետ չի քննարկել եւ ահա թե ինչու. «Ես ավելի շատ իմ առաջարկն եմ ներկայացրել, ամեն մարդ արժե որ խորհուրդ տա, ես այդ խորհուրդը տվել եմ, բայց ինքս միշտ էլ աշխատում եմ այդ ուղղությամբ, անկախ նրանից՝ ով կարձագանքի եւ ով չի արձագանքի: Միայն քարոզչություն երբեւէ ինքս չեմ արել, բայց այս անգամ եթե գտնեմ, որ որեւէ մեկը կհասնի հաջողության եւ այդ հաջողությունը տրամաբանական կլինի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջողությունը, գտնում եմ, որ տրամաբանական է ժողովրդավարության հաղթանակի համար, ես այդ քարոզչությամբ էլ կզբաղվեմ»:

Նկատեցինք, որ ընդդիմադիր մի շարք ուժերի հետ հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացնում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ այդ քննարկում-հանդիպումների նպատակը եւս, իր ասելով, ժողովրդավարության հաղթանակն է: Ռուբեն Թորոսյանը չթաքցրեց իր վերաբերմունքը. «Ես, ընդհանրապես, բարձր գնահատելով Պարույր Հայրիկյանի անցյալը, գտնում եմ, որ այն, ինչ այսօր անում է Պարույր Հայրիկյանը, ուղղակի խաղ է, որը ինքը խաղում է հօգուտ իշխանությունների: Ես մոտ մեկ տարի առաջ մասնակցել եմ նրա նմանատիպ միջոցառմանը. գուցե հիշեք, մեկ տարի առաջ նրանք Վազգեն Մանուկյանի հետ կազմակերպեցին նման մի բան, եւ մենք այդ ժամանակ անգամ վիճեցինք: Ինչեւէ, Պարույր Հայրիկյան, Շավարշ Քոչարյան, Արամ Գ. Սարգսյան, այսինքն՝ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի բոլոր աջակիցները այսօր նորից գլուխ են բարձրացրել, եւ ես դրանում խաղեր եմ տեսնում: Այս մարդիկ որեւէ բան չեն արել, որ մեզ մոտ ընտրությունները նորմալ անցնեն եւ հիմա էլ չեն անում, ուղղակի գլուխ են բարձրացնում այն ժամանակ, երբ անձնական շահ են ունենում, այդ մարդիկ հիմա անձնական շահ ունեն»:

Իսկ Դաշնակցությունը, ըստ մեր զրուցակցի, ընդհանրապես իրավունք չունի երկրում գոյատեւելու, իր հայտնի թեզն առաջ քաշելով ասաց, որ նման կուսակցություն Հայաստանում գրանցված չէ. «Այդ կուսակցությունը գրանցված չէ, իսկ Արմեն Ռուստամյանը կատարել է հանցագործություն, այդ փաստաթղթերը կան, կարող ենք ուղարկել ձեզ, նա ուրիշ պաշտոնի անվան տակ է հանդես եկել եւ գրանցվել, եւ Դաշնակցությունը իրավունք չունի Հայաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ, էլ ուր մնաց՝ նախագահի թեկնածուներ առաջադրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել