Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ «ՄԹԻ ՈՒ ՑՐՏԻ» ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ, ԱՅԼ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Գնահատելով նորանկախ Հայաստանի՝ 1990-ականների առաջին կեսի պատմությունը՝ ասաց Երջանիկ Աբգարյանը

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀՇ-ի կազմակերպած հանդիսավոր արարողությանը մասնակցած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ 10 տարվա լռությունից հետո խոսեց եւ կոշտ գնահատականներով համեմված անդրադարձ կատարեց երկրում այսօր տիրող իրավիճակին եւ գործող իշխանություններին, իշխանական քարոզչամեքենան երկու օր լռությունից հետո սկսեց իր «գրոհը» նախկին նախագահի եւ ՀՀՇ-ի դեմ: Նրանք հիշեցին «մութ ու ցուրտ» տարիները, Լ. Տեր-Պետրոսյանի օրոք տեղի ունեցած մի քանի չբացահայտված սպանությունները, այդ թվում՝ ՊԱԿ-ի նախկին պետ Մարիուս Յուզբաշյանի, նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի եւ Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի. հիշեցին նաեւ 1996 թ. նախագահական ընտրությունները, բնականաբար՝ չմասնավորեցնելով, թե այդ ընտրություններում ինչ դերակատարություն են ունեցել այն ժամանակ ԱԱՆ նախարար, իսկ այսօր ՀՀ նախագահ դառնալու հավակնություն ունեցող Սերժ Սարգսյանն ու ԼՂ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մենք փորձեցինք սույն մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություններ ստանալ «նախկին իշխանություն» համարվող շրջանակներից: Մեր հարցադրումներին համաձայնեց պատասխանել «Արմատ» հասարակական-քաղաքական կենտրոնի հիմնադիր անդամներից մեկը՝ Երջանիկ Աբգարյանը, որը մասնավորապես ասաց. «Նրանք, ովքեր խոսում են «ցուրտ ու մութ» տարիներից, միայն մի նպատակ են հետապնդում՝ սեւացնել մեր անցյալը, մեր պատմությունը: Իրականում այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այդ տարիներին, շատ զարմանալի, նույնիսկ ֆանտաստիկ երեւույթ էր: Մարդիկ մոռանում են, թե Հայաստանն ինչ իրավիճակում անկախացավ, մոռանում են, որ անկախացման առաջին տարիներին հանրապետության 1/3-ը երկրաշարժի հետեւանքով ավերված էր, երկրում կար 500 հազար անօթեւան մարդ, որոնց պետք էր կացարանով ապահովել: Մոռանում են, որ 1992-ի հունվարի 1-ից այն 2 միլիարդ ռուբլին, որ Հայաստանի բյուջե էր մտնում Կենտրոնից՝ Մոսկվայից, այլեւս չկար, որ Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, որ եւս 300 հազար՝ Ադրբեջանից Հայաստան եկած փախստականների խնդիր կար: Հայաստանի ռեսուրսները այդ ժամանակահատվածում բացարձակապես զարգացման որեւէ աղբյուր այլեւս չունեին, որպեսզի հույսներս դնեինք դրա վրա: Մենք նավթ չունեինք, հումքային ռեսուրսներով հարուստ երկիր չէինք, եւ ահա այդ իրավիճակում, երբ քաղաքական ամենատարրական հաշվարկը՝ ներառյալ այն, որ պատերազմող մեր երկիրը մարդկային ռեսուրսներով, զինվածության առումով զիջում էր հակառակորդին, ու թվում էր, թե պետք է պարտվեինք՝ հաղթանակ տարանք: Այստեղ իր դերն ունեցավ մեր ժողովրդի՝ հանուն իր հայրենիքի պայքարելու ոգին, որը ղարաբաղյան շարժման, վերածննդի արդյունք էր: Մեր ժողովուրդը կատարեց ֆանտաստիկ գործ՝ այդ «մութ ու ցուրտ» կոչված տարիներին: Ինձ համար ծիծաղելի է, երբ ոմանք ասում են, թե այդպիսի անկախություն չէին ուզում: Անկախությունը քեֆ ու զուռնա չէ, մանավանդ որ՝ այդ ամենին զուգահեռ տեղի ունեցավ հասարակարգային փոփոխություն: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենահզոր երկիրը սարսափելի դրության մեջ կհայտնվեր: Հիշեցնեմ, որ 1917 թվի հեղափոխությունից հետո 40 երկար տարիներ պահանջվեցին, որպեսզի խորհրդային ժողովուրդն ուշքի գար սովից ու զանգվածային աղքատությունից, մարդակերությունից: Չգիտես ինչու, դա երբեք քննության առարկա չդարձավ՝ այն դեպքում, երբ այն ժամանակ ժողովուրդն ամբողջովին ստրկացված, կիսասոված վիճակում տանում էր այդ դժվարությունները՝ հանուն կոմունիզմի տեսլականի: Իսկ մենք այդ զրկանքները կրում էինք հանուն մեր Հայրենիքի եւ արցախահայության: Եվ այն, ինչ արվել է այդ տարիներին ռազմավարական առումով՝ արվել է ճիշտ ժամանակին եւ փայլուն կերպով՝ լինի դա պատերազմ վարելը, թե համակարգային ու տնտեսական բարեփոխումները: Հայաստանը բոլոր դեպքերում ընդամենը մի քանի տարվա ընթացքում հաղթահարեց մի քանի ճգնաժամեր՝ տնտեսական, ռազմական, էներգետիկ եւ այլն: Հրադադարից հետո՝ արդեն 1995-ին երկիրը բերվեց այն վիճակին, որ պետք էր մտածել միայն ժողովրդի բարօրության մասին, որտեղ սոցիալական հարցերն առաջին պլանում էին: Այլեւս ոչ մի պատճառ չկար այդ հարցերի լուծումը հետաձգելու: Եվ երբ 1997-ին՝ հե՛նց այն ժամանակահատվածում, երբ այս հարցերի լուծման առնչությամբ հարկավոր էր որոշում կայացնել, հայաստանյան հետադիմական ուժերը, որոնք պատերազմի տարիներին ցույցեր էին անում, ամենանողկալի ապատեղեկատվությունն էին տարածում, սկսեցին բարձրաձայնել «թալանի» եւ «գողության» մասին: Հիմա հրապարակվում է Հայաստանի տասը, հարյուր կամ հազար ամենահարուստների ցանկը: Եթե դրանց մեջ գտնեք այն մարդկանց, ում մեղադրում էին «թալանի» մեջ՝ մատնացույց արեք: Ի վերջո, այդ տարիների փաստաթղթային ամբողջ բազան իրենց՝ ներկա իշխանության ձեռքի տակ էր, եւ իրենց համար պրոբլեմ չէր դրանք վեր հանել, կասկածելի բաները քննել: Եվ արել են, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: «Մութ ու ցուրտ» կոչվող տարիներին նվաստացուցիչ գնահատական տալը ես անբարոյականություն եմ համարում, որովհետեւ դրանք իրականում հաղթանակի տարիներ են եղել»:

Ե. Աբգարյանը թեման շարունակելով՝ հիշեցրեց նաեւ, որ այդ «մութ ու ցուրտ» տարիներին, երբ մեր հասարակությունը սոցիալական ծանր վիճակում էր, Հայաստանի պետբյուջեից հատկացումներ էին արվում Ղարաբաղին՝ 4-5 միլիարդ դրամի չափով: Այդ նույն «մութ ու ցուրտ» տարիներին, երբ Հայաստանում, Երեւանում լույս չկար, Ղարաբաղում, մասնավորապես Ստեփանակերտում եւ որոշ այլ բնակավայրերում լույս կար, որովհետեւ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել էին, որ Սարսանգի հիդրոէլեկտրակայանն աշխատի, եւ աշխատել էր:

Ինչ վերաբերում է սպանություններին, ապա Ե. Աբգարյանի մատուցմամբ, ե՛ւ Մարիուս Յուզբաշյանը, ե՛ւ Համբարձում Գալստյանը սպանվել են նույն քաղաքական ուժի կողմից: «Ես ինքս հանգել եմ այդ եզրակացության»,- ասաց մեր զրուցակիցը՝ պարզաբանելով, որ Հայաստանում քաղաքական այն ուժը, որը շահագրգիռ էր Մ. Յուզբաշյանի սպանությամբ, շահագրգռված էր նաեւ սպանել Հ. Գալստյանին: Այդ երկուսի սպանությունը, ըստ նրա, փոխկապակցված էր, եւ այդ կապը այն էր, որ Մ. Յուզբաշյանի մի հրապարակումը բացահայտում էր այդ քաղաքական ուժի կապը ՊԱԿ-ի հետ, իսկ այդ հրապարակման հետ անմիջական կապ ուներ Հ. Գալստյանը:

Նրա սպանության մեջ կասկածվողը, ըստ էության, ճանաչվել էր Հ. Գալստյանի եղբոր կողմից, բայց սպանությունը, Ե. Աբգարյանի ասելով, քաղաքական որոշ ուժեր միանգամայն այլ հարթություն տեղափոխեցին, որովհետեւ շահագրգռված էին դրանում. «Եվ այն մարդը, ով վկա էր եւ մի անգամ արդեն անձամբ ճանաչել էր մարդասպանին, մի քանի հոգու թվում՝ ճանաչման ժամանակ, երկրորդ անգամ նրան չճանաչեց եւ ետ կանգնեց իր նախկին ցուցմունքից, որովհետեւ առաջին անգամ ճանաչելուց հետո ինչ-ինչ մարդիկ նրա հետ «զրույցներ» էին ունեցել»:

Երկաթգծի պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը, քաղաքական գործչի համոզմամբ, քաղաքական համատեքստ չուներ. «Դա մաֆիոզական հաշիվներ պարզելու արդյունք էր»: Մեր այն հարցին՝ եթե քաղաքական ենթատեքստ չուներ, ինչո՞ւ չբացահայտվեց, պարոն Աբգարյանը պատասխանեց, թե «այդ կոնկրետ դեպքում խոսքը գնում էր անդրկովկասյան մաֆիայի մասին, եւ այդ մաֆիան էլ նրա սպանության հետ ուղղակի առնչություն ուներ: Ղանդիլյանը երկաթգծի ղեկավարն էր, իսկ երկաթուղային փոխադրումներն այդ ժամանակ կատարվում էին շատ տարօրինակ երեւույթների ուղեկցությամբ՝ չհաշված պայթեցումները»,- ներկայացրեց Ե. Աբգարյանը: Ըստ նրա, այդ տարիներին ուզած ժամանակ ինչ-ինչ կեղծ պատճառաբանություններ էին բերվում ի պատասխան, օրինակ՝ այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստան եկող գնացքը Փոթիով անցել է, իսկ ահա Սադախլոյից Հայաստան մտնել չեն թողնում: Պարզվում էր, որ, չգիտես ինչու եւ ինչպես, փաստաթղթերն են ճանապարհին կորել եւ այլն: Նմանատիպ եւ հազարումի այլ բաներ էին կազմակերպվում, որի թիկունքին կանգնած էր անդրկովկասյան մաֆիան: Ի դեպ, պարոն Աբգարյանը հիշեց, որ այդ մաֆիայի անդամներից մեկին՝ Վրաստանի երկաթուղու նախկին պետ՝ Վաշակիձեին Միխայիլ Սահակաշվիլու օրոք վրաց իրավապահները ձերբակալել եւ դատապարտել են երկար տարիների ազատազրկման: Ե. Աբգարյանի մատուցմամբ, 90-ականների առաջին կեսին բեռնափոխադրումների ոլորտում մշտապես լարված իրավիճակ է եղել, որովհետեւ բազմաթիվ արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում, եւ դա անում էր մաֆիոզական մի խումբ, որի անդամները կապված էին նաեւ վրացական եւ ադրբեջանական իշխանությունների հետ: «Ես վստահ եմ, որ Հ. Ղանդիլյանի սպանությունը այդ շրջանակների փոխադարձ շահերի բախման արդյունք է եղել: Թող հեքիաթներ չպատմեն ու չքաղաքականացնեն»,- եզրակացրեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 1996թ. ընտրություններին՝ պարոն Աբգարյանը նախ հիշեցրեց, որ դրանց կապակցությամբ ԼՂ նախագահ Ռ. Քոչարյանը Ղարաբաղի ժողովրդի անունից աջակցություն էր հայտնել ՀՀ իշխանություններին: Բայց նա անգամ դա չկարեւորեց: Նրա վկայությամբ, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները, նպատակ ունենալով հրադադարից հետո ձեռնամուխ լինել մեր երկրի ինտեգրմանը տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական եւ անվտանգության համակարգերին, ջանում էին ղարաբաղյան ղեկավարների գիտակցությանը հասցնել այդ գործի կարեւորությունը հե՛նց ղարաբաղյան հարցի կարգավորման շահերի տեսանկյունից: «Ահա այդ համատեքստում տարակարծություններ կային: ԼՂ իշխանությունները կողմ չէին այն բանին, որ հանուն Հայաստանի շահերի պետք է արագորեն մտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Նրանք պարփակված էին Ղարաբաղի շահերի մեջ՝ չցանկանալով հասկանալ, որ Ղարաբաղի շահերի իրականացումը հնարավոր է միայն Հայաստանի ուժեղացման դեպքում: Փոխարենը ԼՂ իշխանությունները մշտապես շփվում էին Հայաստանի հետադիմական ուժերի հետ, մշտապես նրանց համագործակցությամբ փորձում էին Հայաստանում հարցեր լուծել»,- ներկայացրեց Ե. Աբգարյանը:

Մեր ճշտող հարցին, թե ինքը նկատի ունի նախկին ընդդիմադիր ուժերի՞ն՝ ԱԺՄ, Վազգեն Մանուկյան, ՀՅԴ, պարոն Աբգարյանը պատասխանեց. «Առաջին հերթին դա Դաշնակցությունն էր, որի հետ ղարաբաղյան ղեկավարությունը սքողված, բայց սերտ կապեր ուներ, ապա նաեւ նախկին կոմունիստները»: Ավելին, պարոն Աբգարյանը սրան անսպասելի մի հավելում արեց. «Ես չեմ կարծում, որ 96-ին տեղի ունեցած դեպքերին նրանց՝ ԼՂ ղեկավարության քողարկված մասնակցությունը չկար, որովհետեւ դրա նշանները արդեն 1995-ին նշմարվում էին, եւ բնական էր, որ պետք է լինեին»:

Իսկ թե ի՞նչ էր ծրագրել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում Ե. Աբգարյանի մատուցմամբ, կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: Վստահեցնում ենք, որ նրա մեկնաբանություններում բազմաթիվ բացահայտումներ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել