Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 28,2007 00:00

Պարտվելու դեպքում ՀՖՖ նախագահը հրաժարակա՞ն կտա

\"\"Երեկ ադրբեջանական «azerisport.com»-ը, վկայակոչելով հայկական «Ֆուտբոլ 356» թերթը, հրապարակել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը, ըստ որի՝ պարոն Հայրապետյանը, պատասխանելով թերթի աշխատակցի՝ ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների եկող տարի կայանալիք հանդիպումների ճակատագրին վերաբերող հարցին, ասել է. «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Դուք գիտեք, թե Ադրբեջանն ինչ հիստերիա է բարձրացնում: Նրանք պարզապես չէին կարողանա տանել այդ պարտությունը: Եթե մենք խաղայինք Ադրբեջանի հետ ու պարտվեինք, ես հրաժարական կտայի: Կարծում եմ, նրանք վախենում են եւ դեռ պատրաստ չեն: Այդ պատճառով էլ չեմ բացառում, որ այդ հանդիպումները չեն կայանա՝ ադրբեջանցիներից ամեն բան կարելի է սպասել: Իսկ ֆուտզալը ժողովրդի մեջ այդքան մասսայականություն չի վայելում»:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Չեխիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին ընդգրկված են միեւնույն խմբում: Իսկ նրանց միջեւ հանդիպումները կայանալու են 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը՝ Չեխիայում:

«Կանայք եւ սպորտը»

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Կանայք եւ սպորտը» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվեց սեմինար՝ նվիրված մանկապատանեկան սպորտի հիմնախնդիրներին եւ զարգացման հեռանկարներին:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագետներն անդրադարձան «Ընտանիքի դերը երեխաներին սպորտում ներգրավելու, մարզական ընտրության սոցիալ-հոգեբանական հայեցակետերին», երեխաների ֆիզիկական բեռնվածության, հենաշարժողական ապարատի, սննդի խնդիրներին եւ օրախնդիր այլ հարցերի: Միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով մանկավարժներ, բժիշկներ, գիտնականներ եւ մարզաշխատողներ: Թեմաների շուրջ ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակություն:

ՀԱՕԿ-ի լրատվական ծառայություն

Կմասնակցեն-1

\"\"Հայաստանի ըմբիշները եկող տարվա ապրիլին, Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք տրվելու է միայն ըստ քաշային կարգերի հաղթողներին, կմասնակցեն վարկանիշային եւս երկու մրցաշարերի՝ Սերբիայի Նովի Սադում (այստեղ ուղեգիր վաստակում են 1-4-րդ տեղերը գրավողները) եւ Եգիպտոսում (1-3-րդ տեղեր):

Կմասնակցեն-2

Հայաստանի թենիսիստուհիները 2008 թվականին կրկին կմասնակցեն Ֆեդերացիայի գավաթի մրցաշարին, որը համարվում է կանանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն: Հայաստանի թենիսի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 4-րդ խմբի մրցաշարը նշանակված է Երեւանում ու ավելացնում, որ ներկայումս ձեւավորվում է ՀՀ կանանց հավաքականի կազմը, որի ընթացքում նախապատվությունը տրվում է հանրապետությունում աճած մարզուհիներին:

Կմատակարարենք Սոչիի՞ն

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետների սեպտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ՌԴ կառավարության նորանշանակ ղեկավար Վիկտոր Զուբկովն իր հայ գործընկերոջը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության համար շինանյութերի հիմնական մատակարարներից մեկը:

Պարտվեցին ոչ ֆուտբոլային հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 19 տարեկանների հավաքականը երեկ Լվովում Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում (7-րդ խումբ) ուժերը չափեց Շոտլանդիայի իր հասակակիցների հետ: Չճշտված տեղեկություններով՝ մեր ֆուտբոլիստուհիները զիջել են ոչ ֆուտբոլային 0:12 հաշվով: Նույն խմբի մյուս խաղում՝ ուկրաինուհիների եւ ադրբեջանցիների միջեւ, հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, որոնք երեք անպատասխան գնդակ են անցկացրել մրցակցի դարպասը:

Հայաստանի թիմի խոշոր հաշվով պարտությունը Եվրոպայի առաջնության նման բարձրակարգ մրցումներում տարօրինակ չէ: Մեր հանրապետությունում անգամ երկրի առաջնություն չի անցկացվում, ու ֆուտբոլիստուհիների համար մրցափորձի կուտակման միակ միջոցն ամբողջ տարվա ընթացքում ընդամենը մարզվելն է: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «DayAz»-ը, նրանց թիմը մրցաշարին նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաք է անցկացրել Ռուսաստանի Նոգինսկ քաղաքում, որի ավարտին ստուգողական հանդիպում է անցկացրել ՌԴ այդ տարիքային խմբի հավաքականի հետ, որն ավարտվել է 2:2 հաշվով:

Վաղը մեր թիմը, համալրված միայն «Քոլեջ» եւ «Բանանց» ակումբների սանուհիներով, հանդիպելու է Ուրկրաինայի, իսկ հոկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի հավաքականների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել