Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆԱՃԻ ՊԱՐԱԴԻԳՄԸ

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Հարցազրույց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ

– Պ-ն Բագրատյան, կառավարությունը հուլիսի կեսերին ԶԼՄ-ների միջոցով դիմել էր ՀՀ քաղաքացիներին. կազմակերպվել էր ծրագրի վերաբերյալ հասարակական հարցում: Ձեր ներկայացրած նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները ըստ էության նոր ծրագիր են: Արդյոք դա ինչ-որ այլընտրա՞նք է կառավարության ծրագրին:

– Ամենեւին ոչ: Այսօրվա իշխանություններին այլընտրանքային սոցիալ-տնտեսական ծրագիր ես, իհարկե, ունեմ: Դա գաղտնիք չէ եւ հետաքրքրված ուժերին կարող եմ տրամադրել: Ասեմ նաեւ, որ դա այլընտրանքային է բառի բուն իմաստով: Շատերը ծրագրեր ունեն: Այդ թվում՝ այսօրվա ընդդիմությունը: Բայց նրանց սոցիալ-տնտեսական ծրագրերը, իմ կարծիքով, այլընտրանքային չեն: Դրանք պոպուլիստական խոստումների, անհիմն թվերի շարան են, ուր որեւէ հավասարակշռում չկա հնարավորությունների եւ խոստումների միջեւ: Գիտեք ինչ, իշխանություններն իրենք հիմնականում սոցիալիստական են: Ճիշտ է, իրենց տնտեսական քաղաքականության մեջ նրանք որոշակի «զիջումներ» են անում ազատականությանը՝ նկատի ունենալով միջազգային տնտեսական կառույցների պարագան: Եվ ուրեմն, սոցիալ-տնտեսական կյանքի հիմնախնդիրը կիսատ-պռատ ազատականությունն է: Ընդդիմությունը՝ ինչպես ԱԺ անցած, այնպես էլ չանցած, երբեմն ավելի պոպուլիստական է եւ, ուրեմն, ավելի կիսատ-պռատ: Այս առումով, ներկայացված առաջարկների նպատակն է կառավարության ուշադրությունը հրավիրել, իմ կարծիքով, թերի մոտեցումների, խաբկանքի, ակնհայտ սխալների, ավելորդ պոպուլիզմի եւ այլն վրա: Միաժամանակ հույս ունեմ, որ ընդդիմություն լինել կնշանակի ոչ միայն դեմ լինել իշխանության մեջ գտնվողներին, այլեւ նրանց գաղափարներին ու մոտեցումներին: Այս առումով բավարարված կլինեմ, եթե փաստաթուղթը որեւէ օգուտ բերի նաեւ նրանց:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագիրը:

– Նախագահական ընտրություններից առաջ նման փաստաթղթին պետք է վերապահումներ անել: Այնուամենայնիվ, մի քանի բան ակնհայտ է: Նախ, փորձ է արվում մնալ ազատական տնտեսության շրջանակներում, ապահովել զարգացումներ: Երկրորդ, այնուամենայնիվ, չկա իրավիճակի վերլուծություն, շիտակություն՝ խնդիրների լուծման ուղիների առումով: Երրորդ, կառավարությունը չի տիրապետում տնտեսության իրական վիճակին ամբողջությամբ. մասնավորապես նա գերի է այն պաշտոնական վիճակագրությանը, որն իրականության հետ ադեկվատ չէ: Ավելի մանրամասն կարծիքս ներկայացված է փաստաթղթում:

– Նշեցիք ոչ ադեկվատ վիճակագրության մասին: Ի՞նչ նկատի ունեք:

– Բազմիցս նշել եմ, նույնիսկ գրքույկ եմ գրել այն մասին, որ վերջին 7-8 տարիներին վիճակագրական մարմինների ու Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող թվերը՝ տնտեսական աճի մասին, հաճախ շեղվում են իրականությունից: Այդ մարմինները, ակնհայտ է, ՀՀ ղեկավարությունից հրաման են ստանում երկնիշ տնտեսական աճից ցածր թիվ ցույց չտալ: Բացի այդ, դրանք ճարպկորեն խեղաթյուրում են հետխորհրդային տարածքներում տնտեսական զարգացումների առանձնահատկությունները՝ չարաշահելով միջազգային տնտեսական կառույցների վստահությունն ու հետեւողականության պակասը:

– Բայց ինչի՞ համար է դա պետք:

– Դա պետք է քաղաքական պրոպագանդայի, կենսամակարդակի գերաճ ցույց տալու, ներքաղաքական դիկտատուրայի, պատմության առջեւ կեղծ փաստերով հանդես գալու, կառավարական երեւելիների եւ ղեկավարության ցոփությունն արդարացնելու (իբր թե՝ զարգանում ենք, ի՞նչ է եղել, եթե նախարարը մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենա է վարում) համար եւ այլն: Խնդիրն այն է, որ վերցվում է տնտեսական աճի մի քանի տոկոսը, իսկ այդ տարիներին որոշակի տնտեսական աճ եղել է (բացառությամբ 1999 եւ 2000թթ., երբ աճն աննշան էր կամ էլ բացակայում էր), եւ այն բազմապատկվում է: Ծրագրին արված դիտողությունների մեջ կոնկրետ նշված է, թե ինչպես են, ասենք, սարքվում թվերը գյուղատնտեսության բնագավառում, ծառայությունների ոլորտում, շինարարության մեջ եւ այլն: Պետք է ասեմ, որ վիճակագրական մարմիններն այնքան են վարպետացել այս ամենի մեջ, նույնիսկ որոշ միամիտների համոզել էին կովկասյան վագրի գոյության մասին:

– Ինչպե՞ս կարող եք փաստել կեղծիքները տնտեսության մեջ, բացի, իհարկե, այն կոնկրետ դեպքերից, որոնք նշված են, ասենք, գյուղատնտեսության մասով:

– Ես, անշուշտ, չեմ կարող մանրամասն հաշվել, թե իրական թվերն ինչ են։ Դրա համար ինձ մի ամբողջ վիճակագրական ծառայություն է պետք, որն այսօր պետության ձեռքում է։ Բայց ես կարող եմ ցույց տալ, թե տարիների ընթացքում ինչի՞ են բերել սիստեմատիկ հավելագրումները եւ որոշ մակրոտնտեսական ցուցանիշների մոտավոր գնահատական տալ:

– Օրինակ:

– Տեսեք, 2006թ., ըստ վիճակագրության, ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 134%-ը: Բնակչությունն իջել է 3.8 մլն-ից 3.0 մլն-ի (այս պահին ես վերցնում եմ միայն վիճակագրական պաշտոնական թվերը): Կնշանակի, որ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 1.7 անգամ: Բայց արի ու տես, որ նույն պաշտոնական տվյալներով, 2006-ին բնակչության իրական եկամուտները կազմել են 1990-ի……16 տոկոսը: Կամ, ՀՆԱ-ն 1990-ի նկատմամբ կազմել է 134%, իսկ ծառայությունները՝ 60 տոկոս: Այդ ընթացքում, սակայն, ծառայությունների ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 34.4%-ը աճել է մինչեւ 35.2%-ի: Այսպիսի բան լինել չի կարող: Միեւնույն ժամանակ մանրածախ առեւտուրը կազմել է 1990-ի ընդամենը 69%-ը:

– Միգուցե արտահանե՞լ ենք:

– Ճիշտ հակառակն է: Նախ, ասվում է, որ առկա է վճարման հաշվեկշռի բացասական մնացորդ: Օրինակ, 2005-ին արտահանել ենք 1323 մլն դոլարի եւ ներմուծել ենք 1962 մլն դոլարի ապրանք ու ծառայություն: Այսինքն, երկրի ներսի մանրածախ առեւտրի ոլորտի պաշարները արտաքին տնտեսական գործունեության ընթացքում մի բան էլ ավելացել են:

– Հնարավոր է գործ ունենք մասնակի սխալի կամ թյուրիմացության հետ:

– Լավ կլիներ, եթե այդպես լիներ: Վախենամ թե գործ ունենք կազմակերպված վիճակագրական ստի հետ: Ուր նայում եմ՝ առկա են խորամանկ, երբեմն նույնիսկ ցինիկ ստի հետքեր: Այսպես, 2008թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, առաջին անգամ հայտարարվում է 2007թ. առաջին 8 ամսվա արդյունքների մասին (8 ամիսը մանրամասն հաշվետվության ժամկետ երբեք չի եղել. եռամսյակ, կիսամյակ, տարի՝ այլ բան է)՝ 13.6%: Մարդիկ ասում են. այսքան աճի հետ նույնիսկ չգիտենք ի՞նչ անել: Մեզ գերազանցեցին քիչ է, հիմա էլ իրենք իրենց են գերազանցում: Բայց ստի ոտքերը կարճ են: Մի քիչ խորանում ես՝ ամեն ինչ պարզ է դառնում: Օրինակ, ասվում է, որ 2005թ. արտահանման ծավալները 1996թ. նկատմամբ աճել են 4.47 անգամ՝ կազմելով 1323 մլն դոլար: Իրականությունն այլ է: Նախ, համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում արտահանման գների ինդեքսը կազմել է 2.21 անգամ: Բաժանելուց հետո ստացվում է 598 մլն դոլար: Հիմա այս թիվն էլ ճշտենք՝ նկատի ունենալով դոլարի արժեզրկումը 10 տարում. 47%: Մնում է 406 մլն դոլար: Եվ, ուրեմն, լավագույն դեպքում աճը եղել է 137%՝ 447-ի փոխարեն: Այսինքն, 10 տարվա ընթացքում արտահանման ծավալներն աճել են տարեկան ընդամենը 3 տոկոսով։ 1994-1996թթ., օրինակ, ՀՆԱ-ն աճել է 16%-ով, իսկ արտահանումը կրկնապատկվել է (տարեկան աճը՝ 26%): Փորձը ցույց է տալիս, որ եթե առկա է որակական աճ, ապա ՀՆԱ 1% աճին պետք է զուգակցի 2-5% արտահանման աճ:

– Ուրիշ ի՞նչ փաստեր կան պաշտոնական վիճակագրության ոչ հավաստի լինելու վերաբերյալ:

– Դրանք շատ են: Օրինակ, արտադրության ֆիզիկական ծավալների վերաբերյալ թվերը: Այսինքն, երբ վերցնում ենք արտադրության ծավալները հատերով, տոննաներով, կիլոգրամներով, մետրերով, քառակուսի մետրերով, ապա տեսնում ենք, որ արտադրանքների մեծ մասի գծով 2005թ. ցուցանիշները բացարձակ մեծությամբ զգալիորեն փոքր են 1996թ. ցուցանիշներից:

– ՞:

– Այո, այո: Չէի ուզենա թվախեղդ անել, բայց առանց դրա էլ չի լինում։ Այսպես, 2005թ. ծանր արդյունաբերության, մեքենաշինության, քիմիական եւ թեթեւ (նախկին) արդյունաբերության ենթաճյուղերում արտադրվել է 92 մետաղահատ հաստոց, 1996-ին՝ 459, ռելեներ (համապատասխանաբար՝ 313410 եւ 459600), փաթաթման եւ էմալապատ լար (115 եւ 142 կմ), լուսավորման լամպեր (3.3 եւ 16.0 մլն հատ), փոքր հզորության էլեկտրաշարժիչներ (1097 եւ 5545), ուժային տրանսֆորմատորներ (15 եւ 211), 63-355 մմ բարձրությամբ պտտման առանցքով փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ (87 եւ 19081), պոմպեր (403 եւ 16231), փոփոխական հոսանքի գեներատորներ (4 եւ 570), բամբակյա գործվածք (143 եւ 984 հազ. քառ. մետր), գուլպեղեն (443 եւ 7075 հազ. զույգ): Քիչ արտադրատեսակներ են, որոնց արտադրությունն ավելացել է. կաուստիկ սոդա, ավտոդողեր, մարտկոցներ: Իհարկե, հենց այսպես պարզորեն համեմատելը ամբողջական չէ: 2005թ., օրինակ, արտադրվել են բաներ (համակարգիչներ, ջրային հաշվիչներ, էլեկտրական հաշվիչներ), որոնց արտադրությունը 1996-ին բացակայում էր: Սակայն նախ դրանք չնչին քանակություններ են եւ, ապա, 1996-ին արտադրվել են ապրանքներ, որոնց արտադրությունը իսպառ կամ գրեթե վերացել է 2005-ին. շարժական էլեկտրակայաններ, ավտոմեքենաներ, վերելակներ, ավտոբեռնիչներ, կոշիկներ, քիմիական թելեր եւ մանրաթելեր, փոփոխական հոսանքի գեներատորներ եւ այլն: Անշուշտ, գուցե թե ճիշտ էլ չէ այս արտադրատեսակների ֆիզիկական ծավալների դինամիկայի քննարկումը, քանզի դրանք այլեւս չեն բնութագրում հանրապետության տնտեսությունը: Սակայն սա այսօրվա վիճակով ՀՀ պետական վիճակագրական ծառայության կողմից հաշվառվող անվանացանկն է:

Նկատենք, որ գործնականում վերացված է մեքենաշինությունը: Մինչդեռ այս ճյուղի առկայությունը փաստում է ազգի տնտեսական կազմակերպվածության մակարդակը: Այսպես, ժամանակակից մեքենաշինական արտադրանքը 13-20 տեխնոլոգիական պրոցես է իրենից ներկայացնում, ենթադրում է արտադրական ներհանրապետական եւ տարածաշրջանային կոոպերացիա, քիմիան՝ 7-8, շինանյութերի եւ սննդի արտադրանքը՝ 3-4։ Պատահական չէ, որ զարգացած մեքենաշինություն կա բարձր կազմակերպված ժողովուրդների մոտ (անգլոսաքսեր, գերմանացիներ, ֆրանսիացիներ, ճապոնացիներ եւ այլն):

– Իսկ ինչպիսի՞ն է վիճակը սննդի եւ շինանյութերի արդյունաբերության մեջ:

– Սննդի արդյունաբերության մեջ աճերն ու անկումները հաջորդում են իրար: 1996-ի համեմատությամբ աճել են պանրի, պահածոների, հրուշակեղենի, մակարոնեղենի, օղու, կոնյակի, գարեջրի, սիգարետների արտադրության ծավալները: Չնայած այստեղ էլ մի շարք արտադրանքների արտադրության գծով լուրջ անկում կա (կաթնամթերք, ձավարեղեն, գինի, շամպայն գինի, աղ, ձկան որս եւ այլն): Դժվարանում եմ ընդհանուր գնահատական տալ, բայց կարծում եմ, որ այս ճյուղում աճ կա: Սննդարդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է ներմուծման փոխարինման գործընթացի բնականոն առաջխաղացմամբ: Ցավում եմ, բայց տնտեսական քաղաքականություն որպես այդպիսին չկա: Օրինակ, Հայաստանի համեմատական առավելությունը խաղողի, գինու եւ կոնյակի արտադրությունն է: Սակայն այսօրվա իրականության մեջ հարկային քաղաքականությունն այնպիսին է, որ համեմատական առավելություն է ապահովվում օղու արտադրության մեջ (այս մասին տես նաեւ մեր կողմից կառավարության ծրագրի կապակցությամբ արված դիտողությունները): 1996-2005թթ. օղու արտադրությունն ավելացել է շուրջ 2 անգամ, իսկ գինիներինը պակասել 3.5 անգամ: Շատ խելոքներ սկսում են փիլիսոփայել, թե մենք օղի խմող հասարակություն ենք: Ինչպե՞ս չնշես, որ խնդիրը, նախեւառաջ, տնտեսական է: Օղի արտադրելն ու վաճառելը, նկատի ունենալով հնեցման բացակայությունը եւ ցիկլի տեւողությունը, պարզապես զգալիորեն ավելի շահեկան է գինու համեմատությամբ (հենց թեկուզ ակցիզային հարկի տեսանկյունից): Հնարավո՞ր է սա փոխել: Իհարկե ոչ. նախ, սա պետության կողմից մոգոնված խաղ է եւ, երկրորդ, բիզնեսն ու քաղաքականությունն այնքան են խառնվել, որ անհնար է որեւէ լուրջ փոփոխություն ակնկալել:

Շինանյութերի արդյունաբերություն. ցուցանիշների մի զգալի մասով այստեղ աճ կա (ապրանքային բետոն, երեսպատման սալ, ոչ հանքային շինանյութ, կիր, գաջ, ցեմենտ): Որոշ ցուցանիշներ անկում են ապրել կամ նույնը մնացել. երկաթբետոնյա կառուցվածքներ, ծակոտկեն լցանյութեր, տուֆ (հիմա ավելի շատ երեսպատում են): Սակայն ապշեցուցիչ է մեկ այլ բան. 1996-2005թթ., ըստ վիճակագրության, կապիտալ շինարարության ֆիզիկական ծավալներն ավելացել են 5.63 անգամ՝ 48 մլրդ դրամից հասնելով 426-ի:Այդ ընթացքում, սակայն, շահագործման են հանձնվել նույն քանակի բնակարաններ, իսկ ցեմենտի եւ գաջի արտադրությունն ավելացել է ընդամենը 2-2.5 անգամ: Ինչպե՞ս դա կարող էր պատահել: Կամ աճն է ուռճացված, կամ էլ նոր կառուցվող շենքերում ցեմենտ չկա եւ շուտով դրանք կքանդվեն: Իրականության մեջ ներկայումս կառուցվում են մոնոլիտ շենքեր (ինչը, առանց կասկածի, ճիշտ է), ուր բետոնի եւ ցեմենտի հարաբերական ծախսն ավելանում է: Պարզ է, որ, մի կողմից, այստեղ թվերի խաղ կա, մյուս կողմից, ուռճացնելով շինարարության արժեքը՝ մարդիկ փող են լվանում: Քանի անգամ եմ ասել. եղբայր, հիմա կառուցվում է մասնավորի կողմից։ Ինչո՞ւ շինարարությունը չեք հարկում: Կամ էլ, հարկին ադեկվատ, ինչո՞ւ, օրինակ, կառուցվող բնակարանների մի մասը (մինչեւ 50%-ը՝ եթե շենքը կառուցվում է Կենտրոն համայնքում, 30%-ը՝ Կենտրոնից մի փոքր հեռու եւ 10%-ը՝ Երեւանի ծայրամասերում, իսկ հանրապետության մնացած քաղաքներում եւ բնակավայրերում՝ 0 տոկոս) չի հատկացվում պետությանը: Որովհետեւ նախագահականից, կառավարությունից մինչեւ պատգամավոր ու նախարար, դատախազ եւ դատավոր՝ շինարարությամբ են զբաղված: Ո՞վ օրենք կփոխի:

– Ինչի՞ է այս ամենը բերում:

– Այս ամենը մակրոմակարդակում, բնական է, հանգեցնում է ազգային հաշիվների համակարգի լուրջ դիսբալանսի: Նախեւառաջ, ՀՆԱ հաշվարկած արտադրական եւ եկամուտների ձեւավորման (ինչպես նաեւ օգտագործման) եղանակներով տարբերություն է տալիս: Չէ՞ որ եթե կա աճ, ապա այդ բոլորը պետք է սպառվի: Այլ խոսքով, ապրանքների ու ծառայությունների թողարկման գումարը (միջանկյալ սպառումը հանած) պետք է հավասար լինի ապրանքների ու ծառայությունների վերջնական սպառման ծախսերի գումարին (գումարած համախառը կուտակումներն ու զուտ արտահանումը):

Ահա այստեղ է, որ մոգոնվել են կախարդական «փայտիկներ»: Դրանցից մեկը դրսից տրանսֆերտների սիստեմատիկ գերագնահատումն է: Սրանց գումարը կամայական ձեւով մեկնաբանելով (մեծացնելով ավելի քան 2 անգամ) ԿԲ-ն եւ վիճծառայությունը ՀՆԱ-ում շուրջ 0.7-0.8 մլրդ դոլարի հավելագրում են կատարում (այս «տիպի» հավելագրումները բնորոշ են վերջին 2-3 տարիներին):

Մյուս կախարդական «փայտիկը», ուշադրություն, հայրենի խոշոր ձեռներեցների տրանսֆերտներն են դեպի դուրս (նրանք մեզանից լավ գիտեն, թե որքանով է վստահելի ՀՀ քաղաքական իշխանությունը): Սրանք, որպես կանոն, թերագնահատվում են կամ հաշվի չեն առնվում: Այստեղ եւս ԿԲ-ն ու ծառայությունը լրացուցիչ «շահում» են 180-200 մլն դոլար:

Դրանից բացի, վիճակագրական խաղ է տարվում ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալների դինամիկայի եւ սղաճի հաշվարկման գործում: Այսպես, ԿԲ-ն ճարպկորեն իջեցնում է սղաճը զամբյուղում նոր ապրանքների ու ծառայությունների հաշվառումը հետաձգելու (օրինակ, ինտերնետ ծառայությունների սակագները միայն վերջերս են մտցվել ՍԳԻ կազմի մեջ) միջոցով: Դրա հետ մեկտեղ, հասարակական պրակտիկայից արդեն դուրս եկած ապրանքների ու ծառայությունների հաշվառումը ՍԳԻ կազմում շարունակվում է անգամ այն ժամանակ, երբ դրանք այլեւս դեր ու կշիռ չունեն (օրինակ՝ տրամվայը): Այս «փայտիկի» օգնությամբ, որպես կանոն, տնտեսական աճը տարեկան ուռճացվում է 1.5-3 տոկոսով:

Ի վերջո, սա արդեն շատ հետաքրքիր է, վիճակագրական մանիպուլյացիաներ են կատարվում ներդրումների մասով. օբյեկտների վաճառքն ու վերավաճառքը (հետխորհրդային տարածքներում սեփականատերերը հաճախ են փոխվում եւ գներն էլ ցատկոտում են. սա մի քանի տարուց, իհարկե, իրեն կսպառի), հատկապես արտասահմանյան ներդրողների առկայության պայմաններում լավ հիմք է տալիս խաղեր տալ ՀՆԱ-ի նկատմամբ: Այս «փայտիկի» ազդեցությունը կախված է օտարերկրյա եւ այլ ինվեստորների միջեւ բիզնեսի վաճառքի ծավալներից:

– Բայց չէ՞ որ տնտեսական աճն իր արտահայտությունն է գտնում բյուջեի աճի մեջ:

– Առաջին հայացքից թվում է, թե բյուջեն, իրոք, շեշտակիորեն աճել է։ Բայց պարզվում է՝ դա էլ է էյֆորիա: Այսպես, 1996-2005թթ. բյուջեի հարկային եկամուտները 73 մլրդ դրամից աճել են մինչեւ 304 մլրդ-ի: Թվում է, թե վատ չէ: Բայց այդ 10 տարիներին հավաքական սղաճը կազմել է 47%։ Այսինքն, 73 մլրդ-ի հետ պետք է համեմատել 206.8-ը (304:1.47):Այսինքն, 10 տարում բյուջեի հավելաճը կազմել է 180%. տարեկան միջին հաշվով 11%: 1994-1996թթ. ընդամենը 3 տարում հարկերի հավելաճը եղել է 196%։ Սա դեռ բոլորը չէ: 1997-2007թթ. «ազգային հարկային ծանրաբեռնվածությունը» (հարկերի պոտենցիալ մակարդակը) ՀՆԱ 22%-ից աճել է մինչեւ 26%-ի (հարկերն ավելացել են, հատկապես ակցիզները, արտոնությունները վերացել են եւ հարկումը տեղափոխվել է սահման): Սա էլ հաշվի առնելով ստացվում է 176.3 մլրդ դրամ։ Այսինքն, 10 տարում իրական հավելաճը կազմել է 141% կամ 9.4%՝ միջին տարեկան հաշվարկով:

Ի դեպ, նկատի ունեցեք, որ մենք վերցնում ենք սղաճի պաշտոնական թիվը, որն ինչպես եւ մյուս թվերը, ԿԲ կողմից «խմբագրված» է։ Այսօր ՀՆԱ-ն եւ հարկերն աճում են նույն տեմպով։ Օրինակ, 2001-2005թթ. ՀՆԱ-ն աճել է 90%-ով, հարկերը՝ 96։ Այսինքն, ՀՆԱ 1% հավելաճը զուգակցվել է հարկերի 1% հավելաճով։ 1994-1996թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 16%, իսկ հարկերինը՝ 196%։ Փորձը ցույց է տալիս, որ ՀՆԱ-ի 1% հավելաճին պետք է ուղեկցի հարկերի առնվազն 1.7-2.0% հավելաճ։ Պատահական չէ, որ չնայած հարկերի անվանական աճին, վերջին 10 տարիների ընթացքում հավաքագրված հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ մնացել են 14-15%-ի վրա եւ դեռ մի բան էլ նվազել են (հատկապես վերջին 4-5 տարիներին)։

Իսկ եթե վերցնում ենք բյուջեի ընթացիկ եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ, ապա ակնհայտ է դառնում ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի աճը։ Այսպես, պարզվում է, որ նշված ցուցանիշը 1995թ. Հայաստանում կազմել է 19.9%։ Այն ժամանակ սա առաջինն էր Անդրկովկասում (Ադրբեջան՝ 17.6 եւ Վրաստան՝ 11.1 տոկոս) եւ քիչ էր զիջում Իրանին եւ Թուրքիային (համապատասխանաբար՝ 23.2 եւ 21.6 տոկոս)։ 2005թ. արդյունքներով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների մեջ միակն է, որ անկում է ապրում։ Ցուցանիշն իջնում է մինչեւ 16.1 տոկոսի։ Մինչդեռ մյուս երկրներում առկա է հսկայական առաջընթաց. Վրաստան՝ 19.7, Ադրբեջան՝ 21.6, Իրան՝ 37.1 եւ Թուրքիա՝ 41.5%։ Մեր երկրի պարագայում նման անկումը պայմանավորված է ՀՆԱ-ի աճի գերագնահատմամբ եւ նշված տարիներին ստվերային տնտեսության տեսակարար կշռի ավելացմամբ։

– Գուցե ա՞յդ պատճառով է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց կարճ ժամկետում բյուջեն 2.5 մլրդ դոլարի հասցնելու մասին։

– Գիտեք, նորից չես հասկանում՝ որտեղ է տրամաբանությունը։ Բանն այն է, որ հունիսին, ընդամենը 2 ամիս առաջ, ԱԺ-ում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը, վարչապետն ասել էր. ՀՆԱ-ի ամենամյա աճ՝ 8-10%։ Նույն ծրագրում ասված է. «հարկերի հավաքագրման աստիճանի բարձրացում տարեկան ՀՆԱ-ի 0.3-0.4 տոկոսային կետով»։ Հիմա հաշվենք. ՀՆԱ-ի 10% աճի դեպքում (ես վերցնում եմ առավելագույնը) հինգ տարում, 2011թ., այն կկազմի 10.5 մլրդ դոլար։ Հավաքագրման աստիճանի 0.4% բարձրացման դեպքում 5 տարում թիվը կավելանա 2% եւ կկազմի 16% (ներկայումս հարկերը կազմում են ՀՆԱ-ի 14%-ը)։ Այսինքն, 5 տարի հետո, 2011թ. բյուջեն, ըստ ծրագրի, պետք է կազմի 1.68 մլրդ դոլար։ Խոսվում է, սակայն, 2.5 մլրդ-ի մասին եւ արդեն մյուս տարի։ Հակասությունն ակնհայտ է։

– Բայց չէ՞ որ մեր «աճը» նկատում են միջազգային էքսպերտները, խոսում են կովկասյան վագրի մասին։ Ամեն օր լսում ենք տարածաշրջանի ամենակայացած պետության մասին։

– Խորհուրդ կտայի այդ ամենին լուրջ ուշադրություն չդարձնել։ Այդ նույն էքսպերտներն իշխանություններին մի բան են ասում, մեզ՝ մեկ ուրիշ բան։ Բան չունեմ ասելու, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գալիս են այս երկրի համար մի բան անելու։ Բայց վերջին շրջանում մի տեսակ շատացել են պատահական մարդիկ։ Կամ էլ հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ նվազել։

Ի՞նչ տեղ ենք գրավում մենք տարածաշրջանում։ Հաճախ ենք լսում ամենակազմակերպվածը լինելու մասին։ Թվերով, սակայն, տարածաշրջանի 5 պետությունների մեջ ամենակարեւոր ցուցանիշներով վերջինն ենք կամ նախավերջինը։ Այսպես, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (5880 $ – հաշվի առած գնողունակության պարիտետը) մենք նախավերջինն ենք (Թուրքիա՝ 9060, Իրան՝ 8480, Ադրբեջան՝ 5960$)։

ՀՀ արտահանումների ծավալը կազմում է ընթացիկ ՀՆԱ-ի ընդամենը 27%-ը, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքներինը՝ 0.7%-ը։ Սրանք տարածաշրջանի պետությունների մեջ ամենացածր թվերն են։ Համեմատության համար նշենք, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների ու ծառայությունների արտահանումը կազմում է. Վրաստան՝ 22.6, Իրան՝ 1.9, Թուրքիա՝ 1.5 եւ Ադրբեջան՝ 0.8%։ Մեր արտաքին պարտքը (ՀՆԱ 37%-ի չափով) ամենամեծերից է (մեզնից վատ է միայն Թուրքիայի ցուցանիշը՝ 47%)։ Հայաստանում տարածաշրջանում ամենակենտրոնացած տնտեսությունն է. 10% ամենահարուստները 26 անգամ ավելի լավ են ապրում, քան 10% ամենաաղքատները, մեկ ընտանիքի ձեռքում է տնտեսության 8, իսկ 10 ընտանիքի ձեռքում է դրա 16 տոկոսը։ Հաճախ մեզ այս թվերի փոխարեն մատուցում են 20% ամենահարուստների եւ 20% ամենաաղքատների համեմատությունը։ Այո, այս ցուցանիշով (7.6%) մենք տարածաշրջանում լավագույնն ենք (ցուցանիշը գրեթե բոլոր երկրների համար նույնն է. 5.1%-ից մինչեւ 7.6-ը)։ Սակայն չմոռանանք, որ այս ցուցանիշը մեզ համար չէ։ Մեր իշխանություններն ու հարուստները, ինչը նույն բանն է, պարզապես չեն թողնում, որ 10% հարուստներին լրացուցիչ տոկոս ավելանա։ Մեզ մոտ տնտեսության կենտրոնացվածությունը 3-6 անգամ ավելի բարձր է, քան Թուրքիայում եւ Իրանում եւ 2 անգամ ավելի բարձր՝ քան Վրաստանում ու Ադրբեջանում։

Հաճախ ենք լսում պաշտոնական տեղեկատվությամբ, թե Ադրբեջանում վիճակն ավելի վատ է. այնտեղ միայն նավթ կա եւ այն էլ նախագահի ձեռքում է։ Ոչ այդպես չէ։ Անշուշտ, դա կոռումպացված երկիր է։ Բայց մեզնից ավելի վատը չէ։ Որպես տարբերիչ գիծ պիտի նշեմ, որ այնտեղի նախագահը որեւէ խոշոր ոլորտ չի սեփականաշնորհել (մարդն իրեն ամբողջ երկրի տերն է զգում եւ ոչ թե առանձին ոլորտների)։ Մասնավորապես, վաճառված նավթի եկամուտների հիման վրա պետական կայունացման ֆոնդ է ստեղծվել, ուր արդեն 1.5 մլրդ դոլար կա։ Սա օգտագործում են հանրային եւ սոցիալական կարիքների համար։

– Իսկ մի՞թե մեզ մոտ լավագույն բանկային համակարգը չէ։

– Հիմա, այսպես կոչված, «կայացած» բանկային համակարգի մասին։ Այն տարածաշրջանում ամենավատն է։ Բնակչության մեկ շնչին ընկնող բանկային ակտիվների մեծությամբ (433$) Հայաստանը տարածաշրջանում վերջինն է։ Ավելին, բանկերի ընդհանուր ակտիվներ ՀՆԱ հարաբերությամբ (19%) Հայաստանն ընդհանրապես գրավում է աշխարհում վերջին տեղերից մեկը։ Սրանք այնքան կարեւոր ու համապարփակ ցուցանիշներ են, որ մյուսներից կարող եմ չխոսել. նույն վիճակն է կամ էլ ավելի վատը։ Ի պատասխան այս դիտողություններին, հաճախ ԿԲ լսում ենք, թե փոխարենը հայկական բանկերի ակտիվները (տնտեսավարող սուբյեկտներին տրամադրած վարկերը) լավ որակի են։ Սակայն բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքը ուսումնասիրելիս տեսնում ենք, որ գերակշռում են շրջանառու միջոցների լրացմանն ուղղված եւ մանրածախ վարկերը։ Բանկերը տնտեսության զարգացման, ներդրումների ֆինանսավորմամբ գրեթե չեն զբաղվում։ Կնշանակի՝ որակի տակ իշխանությունները, ԿԲ-ը հասկանում են դրանց վերադարձելիությունը եւ ոչ թե կառուցվածքը։ Հասկանալի է, տիրապետում են հզոր ռեպրեսիվ մեթոդների եւ փորձի, իրենցից բացի, մեկ ուրիշը այստեղ խաղեր տա։ ԿԲ-ն առաջին հայացքից վարում է երկրի ֆինանսական համակարգի հուսալիության ապահովման գերլիկվիդայնության քաղաքականություն. նորմատիվային ու ռեզերվային պահանջներն այնպիսին են, որ, օրինակ, արտահանմանն ուղղված ներդրումների նվազագույն շահութաբերությունը պետք է լինի 47, իսկ ներքին շուկայի համար նախատեսված բիզնեսինը՝ 32%։ Դե արի ու այս պայմաններում բիզնես զարգացրու։ ԿԲ բանկը, իսկ ավելի ճիշտ՝ նրա ղեկավարը, օգտվելով ԱԺ կողմից ընդունած օրենքներից (իհարկե, այս ամենն արվել է մտածված եւ երկրի ղեկավարության գիտությամբ), ցանկացած վարկ ցանկացած պահի համարում է անհուսալի կամ կասկածելի, պահուստավորում, ռեզերվացնում է դրանք, պատժում բանկին, նրա ղեկավարին եւ տնտեսավարող սուբյեկտին։ Եվ սա հիմա դարձել է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործիք։ Դրանով քաղաքականապես «վերահսկվում» են բոլոր ֆինանսական հոսքերը։ Նկատի ունեցեք. այս հարցերով դատ ու դատաստան չկա (օրենքներն են այդպիսին):

ԿԲ-ն հեքիաթներ է պատմում դրամի արժեւորման անխուսափելիության եւ դրսից եկող տրանսֆերտների հիմնախնդրի մասին: Այս մոտեցումը իմ կողմից հիմնավորապես քննադատվել է (տես «Հայկական Ժամանակ», 24 մարտի 2005թ., 6 ապրիլի 2005թ., «168 ժամ», 2006թ. սեպտեմբերի 15-ի եւ 17-ի համարները)։ Ի՞նչ ասես. դրամն արժեւորվում է, իսկ ԿԲ-ն դրամով արժեթղթեր է վաճառում, կամ ոսկին (որի գները բարձրանում են) վաճառում է եւ արտարժույթ է ձեռք բերում (որն արժեզրկվում է):

Հայաստանում բիզնեսն ամենաանկազմակերպն է: Շուկայի կապիտալիզացիան ընդամենը 0.9% է: Համեմատություն. Թուրքիա՝ 44.6, Իրան՝ 20.4, Վրաստան՝ 5.5%: Նույնիսկ Ռուսաստանը, որի նկատմամբ մերոնք իրենց ռազմավարական դաշնակից են ձեւացնում, շուկայի կապիտալիզացիան հասցրել է 72% սահմանի։ Այս ցուցանիշով Հայաստանը ՀԲ-ի կողմից հաշվառվող 208 երկրների ու ինքնուրույն տարածքների կազմում գրավում է 125-րդ տեղը, զիջելով, ասենք, Բանգլադեշին, Բոտսվանային, Գանային եւ, չեք հավատա, նույնիսկ Գազայի սեկտորին։ ԱՊՀ երկրներից վիճակը մեզանից ավելի վատ է միայն Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։ Իսկ ի՞նչ է սա նշանակում։ Քիչ է, որ երկրի ղեկավարից սկսած մինչեւ կառավարության անդամ ու պատգամավոր՝ օգտագործելով իշխանության լծակները, իրենց ձեռքում են պահում տնտեսական մենաշնորհները (մեքենաների ու բջջային հեռախոսների, վառելիքի, շաքարավազի եւ այլն ներմուծումներ, լեռնահանքային արդյունաբերություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, շինարարություն, կապ, տրանսպորտ), քիչ է, որ իրենք են ինչպես օրենք ընդունողները, այնպես էլ դրա կատարողները, ստեղծել են մի վիճակ, երբ գործնականում ոչ ոք ի վիճակի չէ այդ ընկերություններից գոնե մեկ բաժնետոմս գնելու։ Այս պարագայում այդ ընկերությունները կարող են գլխավորել ցանկացած որակի մարդիկ։ Հաճախ նման դերում հանդես է գալիս որեւէ սափրած գլուխ։ Իսկապես. մի՞թե այդ պայմաններում դրանք արդյունավետորեն կառավարելու խնդիր կա։ Ո՞վ է տնտեսապես խլելու այդ ընկերությունները ոչ արդյունավետ կառավարման դեպքում։ Շուկան իրար մեջ բաժանել են։ Կապիտալիզացիա չկա։ Ստացվում է, որ օգտագործելով քաղաքական իշխանությունը, ոչ միայն յուրացրել են տարբեր բիզնեսներ, այլեւ հավերժացրել են

դրանց գոյությունը։ Իսկ բնակչության որոշ խմբերի մոտ գոյացող խնայողությունները ստիպված են բավարարվել բանկային դեպոզիտների տեսքով։ Այստեղ էլ հումորային վիճակ է ստեղծվել. բանկերը արտարժութային դեպոզիտների դիմաց տալիս են 4-9%, երբ արտարժույթը արժեզրկվում է 12-16%, պլյուս գների աճը։ Դե, ասեք, այսքանից հետո հնարավո՞ր է, որ աշխատող մարդը կամ գերհաջողակ մի բիզնեսմեն կարողանա բարձրացնել իր սոցիալական կարգավիճակը։ Նկատի ունեցեք, որ ֆոնդային շուկայի հետ կապված հարցերի պատասխանատուն նույնպես ԿԲ-ն է:

– Պ-ն Բագրատյան, իսկ գուցե մեր համեմատական առավելությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են, ժամանակակից հեռահաղորդակցությունը, կրթությունը:

– Թվում է, թե այստեղ Հայաստանը պետք է ավանգարդում լիներ: Ճիշտ հակառակն է. ամենավերջինն է գրեթե բոլոր ցուցանիշներով: Այսպես, 1000 բնակչի հաշվով Հայաստանում կա 260 ֆիքսված եւ բջջային հեռախոս, Թուրքիայում՝ 868, Իրանում՝ 384, Վրաստանում՝ 337, Ադրբեջանում՝ 397: Մեզ մոտ 1000 մարդուց միայն 53-ն ունի ինտերնետ կապ, իսկ 66-ն ունի ԱԿ։ Ահա մեր հարեւանների թվերը. Թուրքիա՝ 222 եւ 52, Իրան՝ 103 եւ 109, Վրաստան՝ 39 եւ 42, Ադրբեջան՝ 81 եւ 23։ Այնպես որ, հեքիաթները երկրորդ սիլիկոնային հովտի, հնդկական հրաշքի կրկնության մասին՝ պետք է մոռանալ։ Տեսանք, թե ի՞նչ ձեւով սեփականաշնորհվեց «ԱրմենՏելը» հույներին (այն էլ պետական ընկերությանը), ապա վերավաճառվեց ռուսներին։ Վերավաճառքն արդեն փաստում է առաջին վաճառքի (1998) անարդյունավետ լինելը։ Ի վերջո, այս ոլորտը վերջին 9 տարիներին հայտնվել էր այնպիսի շահագործողի ձեռքում, որն ինքն էր Արեւմուտքից այս հարցերում տեխնոլոգիական աջակցություն ակնկալում։ Ավելացնենք, որ այդ վաճառքներն ու վերավաճառքներն իրականացվում են մենաշնորհային զգալի արտոնություններ տրամադրելով։

Կրթության մասով. Հայաստանը վերջին տեղում է տարածաշրջանի երկրների մեջ:

– Ինչպե՞ս:

– Դա հենց ՀՀ կողմից տրամադրած թվերով է հաշվարկած: Եվ այսպես, Հայաստանում դպրոցական կրթության մակարդակը կազմում է 78.8%, մինչդեռ Թուրքիայում՝ 89.3, Իրանում՝ 95.2, Վրաստանում՝ 86.7 եւ Ադրբեջանում՝ 84.5%: Պատճա՞ռը: Արդեն 10 տարի է՝ այս ռեժիմը իշխանության գլուխ է եւ 10 տարի է՝ ռեֆորմների փոխարեն խոստումներ ենք լսում: Բանն այն է, որ ժամանակակից միջնակարգ դպրոցը իր մեջ պետք է պարունակի 3 մակարդակ: Հայաստանում նոր-նոր ենք անցնում դրան։ Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանությունները մի 10 տարի նախկիններին էին փնովում, մի 10 տարի դպրոցական բարեփոխումները հետ գցեցին եւ միայն հիմա է, որ այդ ռեֆորմները բոլոնյան պրոցես անվանելով՝ փորձում են առաջ տանել:

– Լավ, իսկ ի՞նչ լավ բան կա, արդյո՞ք Ձեր բերած թվերը հոռետեսական չեն:

– Իհարկե, ինչ-որ թվեր կան տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ: Բայց այստեղ մեթոդաբանության խնդիր կա: Օրինակ, Հայաստանի մաքսային օրենսգիրքն ամենաազատն է: Ամեն մարդ կարող է, ասենք, ավտոմեքենա բերել: Մաքսային ծառայությունը միայն մեկ, բայց այն էլ ինչպիսի, իրավունք ունի. սահմանել ներմուծման գինը: Թուրքիայում, օրինակ, ամեն մարդ նման ներմուծումով չի կարող զբաղվել: Այստեղ լիցենզիա է պետք, համապատասխան վճար: Այսինքն, օրենսդրորեն նախնական սելեկցիա է առկա: Բայց, ի տարբերություն Հայաստանի, այստեղ երկրի ղեկավարի տղան արդեն սելեկցիա անցած ներմուծողների մեջ առավելություն չի ստանում՝ վայելելով մաքսային մարմինների ավելի «մեղմ» վերաբերմունքը: Հիմա այնպես է ստացվել, որ «Հերիթեյջ»-ին խնդրի սկզբունքային կողմն է հետաքրքրել: Բացի այդ, Հայաստանը տնտեսական ազատության մասով շարունակում է վայելել 90-ականների սկզբներին իրականացված ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհում ամենալավ բարեփոխումներից մեկի պտուղները:

Կամ վերցնենք էներգետիկան: Միավոր վառելիքի հաշվով Հայաստանն ապահովում է 5.6 միավոր ՀՆԱ: Մեզանից լավ միայն Թուրքիան է (6.2): Ընդ որում, նշված ցուցանիշը շատ մոտ է զարգացած Արեւմուտքի ցուցանիշին եւ լավագույնն է ԱՊՀ-ում: Այն էլ շնորհիվ 1993-1995թթ. իրականացրած էներգետիկ ռեֆորմի: Մեր երկրում դա նույնիսկ չեն էլ հասկացել: Հետո, եթե հիշում եք, համակարգը վաճառվեց ինչ-որ «Միդլենդ ռեսուրս» օֆշորի, սրանք էլ սպեկուլյատիվ գնով այն վերավաճառեցին: Ի վերջո, մեր բարեփոխված ոլորտը հայտնվեց չբարեփոխված եւ կառավարման ավելի անարդյունավետ ցուցանիշներ ունեցող շահագործողների ձեռքում:

Ինչեւէ, կառավարությունը, նախեւառաջ, պետք է տնօրինի ճիշտ տեղեկատվություն եւ հստակ կողմնորոշվի խնդիրներում, որպեսզի իր ծրագրում ընտրի լավագույն քայլերը:

– Ի՞նչ կասեիք այդ ընթացքում իրականացված սեփականաշնորհման քաղաքականության մասին:

– Սկզբում լուրջ աղմուկ բարձրացվեց իբր թե նախկինում կատարված սեփականաշնորհման քաղաքականության սխալականության, այսպես կոչված՝ թալանի մասին: Այս աղմուկի տակ վերացվեցին սեփականաշնորհման նախկին ինստիտուտները. 1999 թ. ի վեր սեփականաշնորհում են այն սուբյեկտին, այն գնով, ձեւով ու մեթոդով, որը «հաճելի» է իշխող քաղաքական վերնախավին: Միանշանակ պիտի ասեմ, որ ներդրումներ կատարելու խոստումների ներքո իրականացրած սեփականաշնորհումը պատրվակ էր սեփականաշնորհելու առավել անվերահսկելի, սպեկուլյատիվ ու ավելի էժան գներով: Ընդ որում, նկատեք, նախկինում կատարված «ապօրինի» սեփականաշնորհման որեւէ դեպք չվերանայվեց: Սա հատկապես խոսուն է, եթե նկատի ունենանք, որ մի տեւական ժամանակ սեփականաշնորհման գործի կառավարումը հայտնվել էր մի քաղաքական ուժի ձեռքում, որը հայտնի է նախկինների նկատմամբ իր մարտնչող մատերիալիստական «աշխարհայացքով»: Ինչեւէ, այդ ձեւով սեփականաշնորհվեցին արդյունաբերությունը (նախկինում սեփականաշնորհվել էր դրա ընդամենը 15 տոկոսը), արտադրական ենթակառուցվածքները, ապա նաեւ սոցիալական ենթակառուցվածքները (դա արդեն անվանվեց օպտիմալացում): Սեփականաշնորհման կոնկրետ ընթացքի ու դրա սուբյեկտիվ կողմերի, փաստերի մասին կխոսենք առանձին:

Պարտավոր եմ նաեւ նշել մեկ այլ երեւույթ. հաճախ օբյեկտները սեփականաշնորհվում կամ վաճառվում են արտասահմանյան պետական կառույցներին: Սա մի տեսակ արտապետականացում (վաճառք դրսի պետական ընկերություններին) է: 1998-ին հունական OTE-ին վաճառած «ԱրմենՏելի» մասին արդեն խոսեցինք (երկու տարի առաջ այն վերավաճառվեց ռուսական մասնավոր ընկերությանը): Ավելի ուշ, արտապետականացվեցին էներգետիկ ընկերությունները, բանկերի մի մասը, հյուրանոցներ, հասարակական սննդի օբյեկտներ: Ըստ իս, մի տեսակ պետականացում է նաեւ Հայաստանի ղեկավարների, նախագահական ապարատի, պատգամավորների, կառավարության անդամների կողմից ռազմավարական բիզնեսի ոլորտների յուրացումը: Ի վերջո, նման պետականացման արդյունքում, վերջին տարիներին մասնավոր սեկտորի տեսակարար կշիռը տնտեսության մեջ 88%-ից իջել է 83-ի: Երկիրը պարզապես հետադիմում է:

– Ի՞նչ է հետեւում այդ ամենից:

– Վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 8-9 տարիներին պրոպագանդվող տնտեսական աճը զգալի չափով թվերի խաղ է: Այսպես, պաշտոնապես, 1999-2006թթ. ՀՆԱ-ն աճել է 2.1 անգամ, աճելով մինչեւ 6.4 մլրդ դոլարի, տարեկան միջին աճը եղել է 11.5%: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կոռեկտ թվաբանության պարագայում ՀՆԱ-ի միջին աճը 6.4 տոկոսից ավելի չէր կարող լինել. եթե հաշվի ենք առնում դրսից տրանսֆերտների եւ օլիգարխների կողմից դուրս առաքվող փողերի «փայտիկները»: Եվ սա այն դեպքում, երբ մենք հալած յուղի տեղ ենք ընդունում գնաճի եւ տնտեսական աճի բոլոր պաշտոնական թվերը: Գնաճի «փայտիկը», հաշվի առնելով տնտեսական աճի իրական թիվը, եղել է 4.4-4.9%: Այսինքն, իրական պատկերն այն է, որ Հայաստանը, այո, իհարկե ունի որոշակի տնտեսական աճ: Սակայն մենք սկսել ենք զգալիորեն ետ մնալ հարեւաններից: Սա է պատմության մարտահրավերը: Մինչ այդ Հայաստանը, 90-ական թվականներին, չնայած համընդհանուր տնտեսական դժվարություններին, շնորհիվ ավելի շահեկան տնտեսական քաղաքականության, իր զարգացման տեմպերով ավելի բարձր էր հարեւաններից: Ըստ էության, երկիրը այս վերջին 10 տարիներին հարաբերական ետընթաց է ապրում: Իսկ մարտահրավերները գնալով խստանում են:

Ետեւում են ԱԺ 2007թ. ընտրությունները, 2008թ. փետրվարին կկայանան նախագահական ընտրությունները: Դրանք սոսկ մարդկանց փոփոխություն չպետք է լինեն: Կարծում եմ, որ պետք է իշխանության գան ճշմարտությանն ուղիղ աչքերով նայող, անշահամոլ մարդիկ: Հույս կա, որ իրականությանը սթափ աչքերով նայելու ընդունակ մեկը կստանձնի երկրի կառավարումը: Հույս կա, որ ինչ-որ մեկը կգա ու կհասկանա, որ անհրաժեշտ են շիտակ, առանցքային, ոչ պոպուլիստական եւ արմատական բարեփոխումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել