Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրացման գոտի

Սեպտեմբեր 28,2007 00:00

«Անեծքի վրա տուն չեն

կառուցի»,-

Սիրում էր ասել տատս ողորմած:

«Վայիս չեն լինի ուրիշի հացին»,-

Միշտ խրատում էր պապս

ողորմած:

Բայց նոր տերերին դա չեն

բացատրել,

Ու մեծացել են նրանք աչքածակ,

Քաղաքն առել են, դարձել

հողատեր

Ու իրենք էլ են կարգին

զարմացած:

Թունդ թիկնապահված

ջիփատերերն են

Հիմա անդադար վխտում

քաղաքում,

Հին Երեւանը նրանք կերել են,

Նրա՛նց քիմքով է քաղաքը

քանդվում:

Ու «քեշով» թափած փողերով

կանաչ

Վայ-ճարտարապետ տարբեր

գյադաներ

Իրենց գեղջկամիտ «ճաշակով»

ճանաչ

Գծել են… անեծքի՛ պողոտաներ:

Ու Երեւանը հասակ է առնում,

Բետոն, ապակի, արկղեր

էլիտար,

Հղփացած փողի քաղաք է

դառնում,

Դառնում է շքեղ ու դառնում՝

օտար…

Քաղաքը սարքած իրացման

գոտի՝

Արցունք ու ցավ են թափել

մայթերին,

Հիմա նայում են հրճվանքով

հորթի

Իրենց պատրաստած

«կարկանդակներին»:

Այդքան անեծքի տակ որ մտել

են,

Իրենց թվում է, թե Աստված չկա,

Թե հաշիվները բոլոր փակել են,

Մինչդեռ հատուցման պահը

դեռ կգա:

Կգա՝ ասթմատիկ հազի

նոպայով,

Ասֆալտի բույրով, օդով

փոշոտված,

Մորթված ծառերի վրեժով այրող,

Ու քինոտ կընկնենք՝ Աստծուց

մոռացված:

02.08.2007թ.

Քաղքի գեղցի պետերը

Լավ ջոկել են կետերը,

Դրել յուղոտ մատները,

Բաժանել են լոտերը:

Խնձոր մտած ճիճվի պես,

Անկուշտ, լափան ու չտես,

Փորփրել են ու այնպես,

Քաղաքը մաղ է ասես:

Տրորել են ու անցել՝

Մարդկանց, պատիվ ու ամոթ,

Ախր շատ են հղփացել

Չտես տղերքը գջլոտ:

Էլիտար են, «Լեքսուս»-ոտ,

Պողոտայված, բիզնեսչիկ,

Բայց դե հոգով են քոսոտ,

Լրիվ փտած են՝ ներսից:

Ու մինչ տժժում են սրտանց,

Գիշերը փեշն է փռում…

Մենք շրջանցում ենք դրանց

Եվ… հանդուրժում ենք, լռում:

Ու խիղճը բոմժ է դառել,

Ընկել արկղերը աղբի,

Բիբերում կյանքն է սառել

Մենակ թե՝ հարբի, հարբի՛: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել