Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՑԱՌՈՒՏՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Հրապարակախոսի հայացքով

 

Այսօրվա եւ երեկվա իրողությունները տարբեր են: Այսօր պետություններ են նվաճում ոչ միայն զենքով ու զորքով, ոչ միայն եկվորների բարձր ծնելիության հաշվին չբազմացող կամ չափավոր բազմացող բնիկներին պատմական տարածքներից դուրս մղելով (ինչպես եղավ սերբերի պարագայում, ինչպես կլիներ Հայաստանում, եթե ազերիները մնային ու շարունակեին նույն տեմպերով բազմանալ), այլեւ տնտեսությամբ, մշակույթով: Տնտեսության մասով խոսքը ոչ թե փոխշահավետ առեւտրի, այլ տնտեսական լիակատար կախվածության մասին է, այնպիսի կախվածության, որից խուսափելու որեւէ լծակ չունես: Իսկ մշակույթի մասով, ասենք, խիստ կասկածելի գեղարվեստական արժեք ունեցող այն ֆիլմերի, հաղորդումների, որ գիշեր-ցերեկ ընթանում են գրեթե բոլոր հեռուստաալիքներով, անվերջ ցուցադրվում բոլոր կինոթատրոններում եւ քո ազգային տիպին, տեսակին ոչ միայն համահունչ չեն, այլեւ խորթ ու վնասաբեր արժեքներ են մատուցում, քարոզում, ներարկում: Եվ դա մեր հոգեկերտվածքի վրա, մեղմ ասած, իր հետքն է թողնում եւ արդեն թողել է: Եթե խորհրդային եւ նախորդ տարիներին, օրինակ, հայերս հայտնի էինք ամուր ընտանիքներով, ի տարբերություն այլազգի կանանց՝ հայ աղջկա մեջ ապագա մորը, ընտանիքի սրբությունը տեսնելու հակումով, այսօր այդ ամենից գրեթե հետք չի մնացել (իմիջիայլոց, մեր ազգային անվտանգության ռազմավարության ներքին սպառնալիքների շարքում նշվում է՝ «… ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության դեռեւս ոչ բավարար մակարդակը եւ ազգային ինքնության աղավաղումը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար»): Ինքնապաշտպանական բնազդով մեր ժողովուրդը ընտանիքը դարձրել էր ամրոց, պետություն, հավատքին, եկեղեցուն հաջորդող մի հասկացություն, վայր, ուր հայ մարդը խաղաղություն, ազգասիրություն էր գտնում, պահպանում իր արժանապատվությունը: Այսօր մեր մեջ այդ բնազդը թուլացել, բթացել է: Գուցե ենթագիտակցական պատճառները ռազմաճակատում տարած հաղթանակներն են ու Հայաստանի անկախ Հանրապետության գոյությո՞ւնը: Բայց չէ՞ որ՝ թե՛ դեռ Հայաստանի Հանրապետությունն է շատ երիտասարդ ու լիարժեք չի կայացել եւ թե՛ հաղթանակները վերջնական չեն: Եվ ո՞վ գիտե, գուցե մեր անկախ պետականություն ունենալու ժամանակահատվածները մեր բազմադարյան պատմության տեսանկյունից կարճատեւ են եղել, որովհետեւ շատ պարտականություններ հանձնելով պետությանը, մեր մեջ թուլացրել, բթացրել ենք մեր ազգային ինքնության, տիպի, տեսակի պահպանման բնազդը: Գուցե ընտանիքը երկար ժամանակ ամրոց, պետություն համարելով, մենք մեր հայրենի պետությունից, իշխանություններից միշտ պահանջել ենք այն, ինչ տեսել ենք մեր ծնողներից՝ սեր, հոգատարություն, նվիրվածություն եւ, այդ չտեսնելով, հիասթափվել ենք ոչ միայն իշխանություններից, այլեւ անկախ պետականությունի՞ց: Իհարկե, նաեւ հակառակը կա՝ զավակի պարտականությունը ծնողի հանդեպ, խնամքը ծերության հասակում: Մեր ազգին դա միշտ հատուկ է եղել, բայց երբ այսօր նայում ես՝ Հայաստանում ծերանոցների ինչ պահանջարկ կա եւ գործողներում ինչ վիճակ է, հասկանում ես, որ այդ հարցում էլ ենք փոխվում:

Ինչ-որ տեղ մխիթարական կլիներ, եթե կորուստների հետ մեկտեղ նաեւ դրական հատկանիշներ, որակներ ձեռք բերեինք՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից վարակվեինք ոչ միայն սեռական կարիքների բավարարման, նման հարցերում մտքի, խոսքի, կողմնորոշման ազատություններով, այլեւ կառավարման ժողովրդավարությամբ, օրինապաշտությամբ, գերմանացիների, ճապոնացիների պես, օրինակ, ճշտապահ, մաքրասեր եւ պետական, ազգային շահը սեփականից վեր դասող, անգլիացիների պես քաղաքավարի լինեինք եւ այլն:

Իհարկե, այսօր, գլոբալիզացիայի պայմաններում, ազգային ինքնության պահպանման, զարգացման խնդիր, յուրաքանչյուրը՝ իր առանձնահատկությամբ, ունեն փոքր եւ միջին գրեթե բոլոր ու նաեւ որոշ մեծ տերություններ: Այս տեսանկյունից Ռուսաստանի, Ֆրանսիայի, մի շարք այլ, հիմնականում՝ եվրոպական պետությունների, քրիստոնյա ժողովուրդների գերխնդիրը նախ եւ առաջ դեմոգրաֆիան է: Մահացողների քանակը գերազանցում է ծնվողներինը, ազգերը ծերանում են, ստիպված են լինում արյունը թարմացնել օտարների, հաճախ այլադավանների հաշվին, եւ դա այդ երկրներում ծնում է նոր մարտահրավերներ, նոր հակասություններ: Մենք նույնպես ունենք ծնելիության աճի, արտագաղթը կանխելու խնդիր, բայց ինչ-որ տեղ մեր վիճակը մխիթարական է այն առումով, որ մեր ազգային փոքրամասնություններն իրենց աճով, բնույթով, տեղաբախշմամբ եւ պահանջներով մեր տարածքային ամբողջականությանը, մեր ազգային ինքնությանը չեն սպառնում: Բայց նույն ֆրանսիացիների, ռուսների մոտ ազգային ինքնությունը, միտքը, որ իրենք ֆրանսիական կամ ռուսաց լեզվի, մշակույթի կրողն են, ծնում է հպարտության զգացում եւ այդ զգացումով, իրենց լեզվի, մշակույթի հանդեպ սիրով փորձում են վարակել օտարներին: Ես չէի ասի, որ հայերս մեր լեզվով, մշակույթով չենք հպարտանում: Սակայն հպարտանալով, ցավոք, միշտ չէ, որ այդ մշակույթը կրողն ենք: Լավ է, հպարտ ենք, որ Կոմիտաս ունենք, բայց ի՞նչ պարտադիր է, որ Կոմիտաս լսենք կամ երգենք: Լավ է, օտարների առջեւ հպարտանում ենք, որ տասնյոթ հազար եւ ավելի մագաղաթ ունենք Մատենադարանում: Ունենք, մեծ արժեք է, պահպանում ենք, եւ հերիք է, էլ ի՞նչ պարտադիր է, որ ծանոթ լինենք դրանց բովանդակությանը։ Բայց եթե, ասենք, Նարեկացին, Խորենացին ֆրանսիացիներինը կամ ռուսներինը լինեին, նրանց համար հանդիսանային այն, ինչ հայերիս համար են հանդիսանում, երբեք չէին հանդուրժի, որ Մատենադարանում առկա եւ հանրությանը անհայտ նրանց բազում գործեր չվերածվեին աշխարհաբարի ու, տպագրվելով, չդառնային բոլոր փնտրողների ու ցանկացողների սեփականությունը: Իսկ մենք՝ հայերս, հանդուրժում ենք: Դա դեռ ի՞նչ է որ, մեր հոգեւոր-մշակութային, բարոյական նկարագիրն աղավաղող, նսեմացնող, ավերող այնքան երեւույթներ ենք հանդուրժում (փառք Աստծո, գոնե ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունում կարեւորվում է՝ «հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երեւույթների կանխարգելումը», եւ հուսանք, որ մի օր այդ փաստաթուղթը կսկսի կիրառվել): Քանի որ դարեր շարունակ փրկվելու ու փրկելու խնդիր ենք ունեցել, շատ քիչ խաղաղություն, ժամանակ ենք ունեցել մեր իսկ ստեղծածի մեջ խորանալու, մեր իսկ ստեղծածը վայելելու, գերխնդիր ենք դարձրել այն չկորցնելը, պահպանելն ու հաջորդ սերունդներին փոխանցելը: Խաղաղության կարճատեւ դադարներ տեսած եւ մեզ անվերջ բնաջնջման, կորստի առջեւ կանգնեցրած մեր հազարամյակների պատմության ընթացքը մեր ազգի, ժողովրդի տարբեր շերտերի, խմբավորումների մեջ իրարամերժ՝ լուսավոր ու մութ բնազդներ է խորացրել: Եվ հաճախ խաղաղության, ազատության կարճատեւ դադարները երկարաձգելու, հարատեւ դարձնելու հարցում ժողովրդի, ազգի ներուժը միավորելու մարդկանց ճիգերը փշրվել են՝ բախվելով անհավատ ու անհույս մեծամասնության կարճատեւ ընթացքից, փոքր ամանից առավելագույնը քաղելու ձգտումին:

Երբ մեր առջեւ կանգնած հարցերի լուծման նպատակով խորանում ենք նրանց հարուցիչների, պատճառների մեջ, տեսնում ենք, որ ազգային ինքնության պահպանման խնդիրը չի դիտարկվում մյուս խնդիրներից անկախ եւ որ Հայաստանի, հայաստանաբնակ ժողովրդի համար բոլոր դժվարությունների հաղթահարման բանալին նախ եւ առաջ տնտեսական, սոցիալական հարցերի կարգավորումն է, ընտանիքի, հարազատների ապահովությունն ու վաղվա հեռանկարը: Պատահական չէ, որ 1988-ի նմանը չունեցող, աշխարհին լսելի համազգային պոռթկմանը նախորդել էին 25-30 սոցիալական առումով քիչ թե շատ ապահով տարիներ, երբ մարդիկ տենդագին չէին մտածում աշխատանքի, մի կտոր հացի, վաղվա օրվա մասին, եւ ավելի բարգավաճ ապրելու ձգտումի հետ մեկտեղ նրանց հոգում ու մտքում ծլարձակում էին ազգային արժանապատվության, միասնության, ազատության եւ անկախության մղումներ: Եվ հետո տեսանք, որ երբ մեր ժողովուրդը մի կտոր հացի, նվազագույնի, վաղվա օրվա ապահովություն չի զգում, տարիների ընթացքում նրա մեջ մյուս մղումներն էլ են խամրում, եւ շատերը կարոտում են ոչ ազատ, բայց կուշտ տարիները: Սակայն փորձենք ոչ թե ետ, այլ առաջ նայել: Եթե օրվա, վաղվա օրվա նվազագույն ապահովությունը, այն, ինչ կար խորհրդային տարիներին, հայը գտնի ազատ ու անկախ հռչակված Հայաստանի Հանրապետությունում, եւ դա լինի տեւական ընթացք, հանգրվան, ապա, համոզված եմ, մեզ կհաջողվի ոչ միայն մեր ազգային ինքնության, տիպի, տեսակի լավագույն գծերը զարգացնել ու խորացնել, այլեւ դուրս մղել մեզ խոչընդոտողներին, խանգարողներին:

Ցավոք, մեր անկախ պետականությունը դեռեւս դրան չի ծառայում: Բայց մեր հազարամյակներ տեւող պատմության տեսանկյունից այս ինքնուրույնությունը կարճատեւ մի դադար է, որն ամեն գնով երկարաձգելու կարեւորությունը դեռեւս հարկ եղած խորությամբ չենք ընկալում: Սակայն պարտավոր ենք սթափվել ու օգտվել, որովհետեւ մեզ տրված է միջոց՝ խաղաղության, անկախության այս կարճատեւ դադարը երկարաձգելով՝ հարատեւ դարձնելու, տրված է կռվան՝ մեր ազգային ինքնությունը, տիպն ու տեսակը ոչ միայն վերագտնելու, պահպանելու, այլեւ ինտեգրման, մեր ժամանակների ընձեռած փոխլրացման հնարավորությամբ՝ հղկելու ու զարգացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել