Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ACP»-ն պարտատոմսեր է թողարկել

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Ոլորտի պատասխանատուների կարծիքով, դա կնպաստի արժեթղթերի շուկայի եւ մեր տնտեսության զարգացմանը:

Սեպտեմբերի 25-ին Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ընկերության կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդեսը: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչ եւ գլխավոր տեղաբաշխող է հանդիսանում «Արմսվիսբանկը», որը երաշխավորել է տեղաբաշխել 500 մլն դրամի չափով պարտատոմսեր: Շնորհանդեսին մասնակցած ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կարեւորեց «ACP»-ի այդ գործառույթը, քանի որ, նրա խոսքերով՝ նման առաջնակարգ ընկերությունների մասնակցությունը արժեթղթերի շուկայում վստահություն է ներշնչում այդ շուկայի հանդեպ: «ACP»-ին ԿԲ-ի կողմից ստանալով Գ+ վարկանիշը, հնարավորություն է ընձեռում պրոֆեսիոնալ առեւտրային բանկերին, ներդրողներին՝ այդ պարտատոմսերը դարձնել լիկվիդային, քանի որ ԿԲ-ն այդ պարտատոմսերն ընդունում է ռեպո գործառույթներ իրականացնելիս, այսինքն՝ առեւտրային բանկերը այդ պարտատոմսերով ԿԲ-ի կողմից կարող են ստանալ լիկվիդային միջոցներ: Այս պարտատոմսերի սահմանված 18 ամիս մարման ժամկետն էլ կաշկանդող չէ, եւ պարտատոմսերի գրավչությունն ու հետաքրքրությունն ավելի է բարձրանում»,- վստահեցրեց Տ. Սարգսյանը:

ՀՀ նախագահի տնտեսական գծով խորհրդական Վահրամ Ներսիսյանցն էլ հավաստիացրեց, որ նման նախաձեռնությունը առանցքային դեր է խաղում հանրապետության տնտեսական աճի կենսունակության եւ կապիտալ շուկայի զարգացման մեջ:

Ըստ «ACP» ընկերության ղեկավար Գագիկ Արզումանյանի՝ հաշվի առնելով ընկերության գործունեության ծավալները, 500 մլն դրամի շրջանառությունը այն մեծությունը չէ, որ կարող է ուղղվել կապիտալ ծրագրերի ֆինանսավորմանը, դա է պատճառը, որ պարտատոմսերի թողարկումը ընկերության համար ոչ այնքան գումար հավաքագրելու, որքան արժեթղթերի շուկայում փորձ կուտակելու միջոց է: «Պարտատոմսերի թողարկումը «ACP»-ին կտա ֆինանսական հոսքերի դիվերսիֆիկացում եւ էժանացում, որովհետեւ մենք հնարավորություն ենք ունենում ներգրավել ֆինանսական միջոցներ հայաստանյան բանկերից, որոնց տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան այն, ինչով որ մենք տեղաբաշխել ենք»,- նշեց Գ. Արզումանյանը «Առավոտի» հետ զրույցում: Մեր այն հարցին, թե այս նախաձեռնությունը ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը, պարոն Արզումանյանն այսպես պատասխանեց. «Նպաստը, որ կբերի պարտատոմսերի թողարկումը մեր տնտեսությանը, դա, իհարկե, խնայողությունների հավաքագրումն է, նաեւ իրական հատվածի զարգացմանն ուղղված նպատակը: Այս պահին մենք դեռեւս այնպիսի տեղաբաշխման ծավալներ չենք ապահովել, որպեսզի ֆիզիկական անձինք եւս մեծածավալ ներդրումներ կատարեն: Առայժմ պարտատոմսերի շուկայում հիմնական խաղացողները կլինեն բանկերը, բայց այն բաց է նաեւ ֆիզիկական անձանց համար: Մենք համոզված ենք, որ մոտ ապագայում ֆիզիկական անձինք սա դիտարկելու են որպես ռեալ այլընտրանք՝ բանկերում ավանդների ներդրմանը, որովհետեւ տոկոսադրույքները չեն զիջում բանկային ավանդներին:

Այն ընկերությունները, որոնք ԿԲ-ում անցնում են վարկանշման գործընթաց եւ բավարար հեղինակություն ունեն պարտատոմսերի թողարկման համար, իրենք հուսալիությամբ չեն զիջում շատ-շատ ֆինանսական հաստատություններին»: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին ուղղված «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ կտա պարտատոմսերի թողարկումը մեր տնտեսությանը, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Սա լրացուցիչ միջոց է խնայողություններն ուղղել դեպի ինվեստիցիա, իսկ դա նշանակում է՝ տնտեսության աճ, ֆինանսական շուկայի ընդլայնում, սա նշանակում է՝ գործարարների եւ ընկերությունների ավելի թափանցիկ աշխատանք»:

«ACP»-ի կողմից թողարկված պարտատոմսերի ձեռքբերման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ձեռք բերել «Արմսվիսբանկից»: Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը, եթե 10 օրվա ընթացքում պարտատոմսերը չվաճառվեն, ապա ամբողջը կգնի «Արմսվիսբանկը»:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի «ACP» ՓԲԸ-ն հիմնականում զբաղվում է անզուտ պղնձի արտադրությամբ եւ իրացմամբ, ինչպես նաեւ հանքարդյունաբերությամբ: Ներկայումս ընկերությունը շահագործում է Ալավերդու պղնձի հանքավայրը եւ շահագործման է նախապատրաստում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել