Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՑՈՒՄԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ Է

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Կրկին՝ «ցրտի ու մթի» մասին

Ինչո՞ւ են ազգերն ու ժողովուրդներն այդքան ուշադիր սեփական պատմության նկատմամբ: Ինչո՞ւ են հատկապես հակված հերոսականացնել սեփական պատմությունը, տարփողել հաղթանակները, դրանցից կարեւորների համար տոնական օրեր սահմանել: Հարցերը հռետորական են, եւ պատասխանները՝ ակնհայտ. որովհետեւ դրանք օգնում են պահպանել ազգային ինքնությունը, բարձրացնում են ժողովրդի ոգին ու կենսունակությունը, ազգային հպարտության զգացում ծնում, հավատ ներարկում, ուղղակիորեն կամ միջնորդավորված նպաստում պետության ամրապնդմանը: Այսինքն՝ պատմությունն ակտիվ գործոն է եւ օբյեկտիվորեն ազդում է տվյալ ժողովրդի ներկայի ու ապագայի վրա:

1941-45թթ. Հայրենական պատերազմն ուղեկցվում էր զանգվածային սովահարությամբ եւ սովամահությամբ՝ խլելով միլիոնավոր կյանքեր: Սովը պատերազմի հետեւանք էր: Պատերազմից հետո էլ այն միանգամից չհաղթահարվեց, տարիներ տեւեցին: Մի կողմ թողնենք խորհրդային համակարգի էությունն ու այլ հանգամանքներ: Ոչ մի կերպ չի կարելի ուրանալ, որ հաղթանակի համատարած եւ ամենօրյա քարոզչությունն ու ներբողը յուրաքանչյուրին հաղթողի հոգեբանություն էր ներարկում, իսկ վերջինս օգնում էր դիմակայել, ապրել ու դժվարություններ հաղթահարել: Ոչ միայն այն ժամանակ, այլ մինչեւ հիմա էլ որեւէ մեկի մտքով անցե՞լ է Հայրենական պատերազմի եւ հետպատերազմյան տարիները կոչել «սովահարության ու սովամահության տարիներ»: Այսօր էլ, այդ տարիները չտեսած մեր սերունդն անգամ, նման գնահատական չի հանդուրժի, սրբապղծություն կհամարի: Սակայն պատմությունը միայն այն չէ, ինչը չենք տեսել, ինչը եղել է հարյուր, հազար, երեք հազար տարի առաջ: Պատմություն է նաեւ մեր կերտածը՝ անցած տասնամյակը, տարին, ամիսը: Քանի՜- քանի հայ պատմաբանների աշխատանքներ են նվիրված օտարների կողմից մեր պատմության եղծմանը, հաղթանակների ուրացմանը, արժեքների հափշտակմանը կամ նվաստացմանը։ Եթե հարյուր, հազար, երեք հազար տարի առաջվա մեր պատմության ու հաղթանակների նկատմամբ այդքան նախանձախնդիր ենք, ինչո՞ւ ենք նույն նախանձախնդրությունը զլանում մեր տեսած, մեր ապրած, մեր կերտած պատմությանն ու հաղթանակներին: Հաճախ նույնիսկ ատում ենք դրանք, չարությամբ վերաբերվում: Սա ի՞նչ երեւույթ է, ժողովրդի մեռնելու ցանկությո՞ւն, ազգի ինքնասպանության սինդրո՞մ: Ինչպե՞ս են կոչվելու, բնութագրվելու մեր պետականության առաջին 4-5 տարիները: Թվում է՝ շատ պարզ. աննախադեպ համազգային համախմբման ու հերոսացման, ծանրագույն խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման, անկախության ձեռքբերման եւ անկախ պետականության կերտման, պատերազմի ու հաղթանակների տարիներ, այսինքն՝ այնպես, ինչպես որ իրականում եղել են եւ ինչ արդյունք որ ունեցել են: Իսկ այդպես կոչելը, այդ իրողության գիտակցումը վեհացնում է մարդու հոգին, լցնում հպարտությամբ ու ազգային արժանապատվությամբ, սեփական ուժերի նկատմամբ հավատով, այս հողը ոչ թե վերացական Հայրենիք, այլ հարազատ տուն համարելու եւ դրանում ապրելու անփոփոխելի որոշմամբ: Եվ հենց այդ զգացումներով էինք ապրում բոլորս այդ դժվարագույն տարիների յուրաքանչյուր օրը:

Բայց հետո՞ ինչ եղավ: Հետո ինչ-որ արշակսադոյանակերպ ու շավարշքոչարյանատիպ մարդկանց անսուրբ բերանով հնչեցին լեգենդներ «լափած մազութի», «հողին տրված» ու «գետը լցված» հոսանքի, «մոմերի բիզնեսի» մասին։ Եվ ողջ ժողովրդի հերոսական մաքառման գնով ձեռք բերած հաղթանակների տարիները սկսեցին կոչվել «ցրտի ու խավարի» տարիներ: Ու նման մարդկանց, հարազատների խնամքին կամ համապատասխան բուժական հաստատություններ պարտադիր բուժման տանելու փոխարեն, տարան… խորհրդարան. Քոչարյանական վարչախումբը հաճույքով խրախուսեց «նախկինների» դեմ ուղղված ամեն մի անհեթեթություն (կարծես իրենք Լուսնից էին իջել), դրա համար ազատորեն նրանց տրամադրելով ցանկացած խոսափող ու ծախու լրատվամիջոց: «Ցրտի ու խավարի տարիներ» անվանումը միայն «նախկինների» դեմ ուղղված քարոզչական հնարք չէ: Դա հայհոյանք է, անարգանք՝ հերոսամարտի այն հինգ հազար զոհերին, այն տասնհինգ հազար հաշմանդամներին, այն տասնյակ հազարավոր ազատամարտիկներին, որոնց կյանքի, արյան ու հերոսության շնորհիվ նույն այդ տարիներին մեր պատմության մեջ արձանագրվեցին վաղուց աննախադեպ հաղթանակներ: Դա հայհոյանք ու անարգանք է՝ պատերազմի սարսափներն ապրած Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանային շրջանների բնակչությանը, հայհոյանք ու անարգանք է՝ ուղղված ողջ ժողովրդին, որ անմնացորդ ու համբերատար թիկունք կանգնեց ու թիկունք դարձավ այդ հաղթանակներին։ Եվ ոչ մեկը չբողոքեց այդ անարգանքի դեմ՝ ո՛չ մի ազատամարտիկ, ո՛չ մի զոհվածի հարազատ, ո՛չ մի հաշմանդամ: Սրբապիղծ այդ արարածներին չսաստեց ո՛չ մի մտավորական, որ այս ամենը չհասկանալ չէր կարող: Ավելին՝ գտնվեցին մարդիկ՝ ոչինչ չհասկացողից սկսած մինչեւ (ո՜վ զարմանք) գիտությունների դոկտոր, որոնք հազարավոր անգամ կրկնեցին ու տարածեցին անհեթեթության ու ցինիզմի ամեն սահման անցնող այդ անարգանքը: Վարչախումբը «մազութի գործով» խորհրդարանական հանձնաժողով ստեղծեց, քանդեցին մինչեւ վերջին թելը, հավաքած նյութերն ուղարկեցին դատախազություն, դատախազությունը մանրադիտակով ուսումնասիրեց ամեն ինչ եւ հրապարակավ խոստովանեց՝ «տակը բան չկա»: Բայց այդ ընթացքում ու դրանից հետո էլ չդադարեց վայնասունը ու «ցրտի ու խավարի» քարոզը: Ո՛չ հանձնաժողովը կազմողները, ո՛չ հանձնաժողովի նախագահ դաշնակցական Դ. Լոքյանը, ո՛չ որեւէ մեկը պետության անունից, այդպես էլ ներողություն չխնդրեց: Նրանց նպատակը մեկն էր՝ ամիսներ շարունակ թմբկահարել «մազութի գործի» լեգենդը՝ որպես «ցրտի ու խավարի» պատճառ, հետո՞ ինչ, թե «տակը բան չկա»: Ու դրանից հետո եւ մինչեւ այսօր էլ անպատիժ շարունակվում է «ցուրտ ու խավար տարիների» մասին բարբաջանքը, մինչդեռ այդ ամենը չընկալելու համար պետք է կամ մարդկային ուղեղ չունենալ, կամ ունենալ զրահապատ ուղեղ:

Ինձ կարող են առարկել, թե՝ քաղաքական պայքար է, մարդիկ այդ կերպ են մղում իրենց քաղաքական պայքարը, իսկ քաղաքականությունը, ինչպես գիտենք, անբարոյականություն է: Քաղաքականությունը եւ ցանկացած այլ զբաղմունք անբարոյականություն է, եթե դրանով զբաղվում են անբարոյական մարդիկ: Եվ քաղաքականությունը, ինչպես ցանկացած այլ զբաղմունք, դառնում է ազնվական, եթե դրանով զբաղվում են ազնիվ մարդիկ։ Այո,՛ քաղաքական պայքարում օգտագործվում են ոչ միայն «սպիտակ», այլ նաեւ «սեւ» տեխնոլոգիաներ: Բայց նույնիսկ վերջինս իր սահմաններն ունի եւ չի՛ կարող, չպե՛տք է անցնի այդ սահմանները, այլապես կարող է ունենալ այնպիսի ավերիչ հետեւանքներ, ինչպիսին ամենածանր հանցագործությունը, իրական պետական դավաճանությունը: Իսկ այդ դեպքում դա հենց այդպես էլ պետք է կոչել ու համարժեք պատիժ սահմանել դրա համար:

Կես դարից ավելի է, հայ քաղաքական միտքն զբաղեցնող առաջին հարցը 1915 թվականի Հայկական ցեղասպանությունն է ու դրա ճանաչման խնդիրը։ Դրանում մեր մեջ վիճելու հարց չկա, վիճելի են մոտեցումները: Ընդ որում՝ հաճախ խոսք է գնում ոչ միայն ճանաչման, այլ, իրավացիորեն, նաեւ ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: Չքննարկենք, թե կորցրածը հետ բերելու, փոխհատուցման առումով ինչ գործնական արդյունքներ ենք ակնկալում Ցեղասպանության ճանաչումից: Համարենք, որ այդպիսիք հնարավոր են, ապագայում: Չքննարկենք դրա հետ կապված այլ հարցեր, այստեղ արձանագրենք տվյալ դեպքում ամենակարեւորը, այն է՝ Ցեղասպանության ճանաչումը կանխում է դրա կրկնվելու հնարավորությունը, այսօր մարդկանց ազատում զոհի բարդույթից, երաշխավորում սեփական երկրի հետ իր ճակատագիրը կապելու անվտանգությունը: Եվ, այնուամենայնիվ, Ցեղասպանությունը վերջին հաշվով նաեւ մեր պարտությունն էր, մեր պապերի պարտությունը, ծանր ու համազգային պարտությունը: Ու եթե այդքան նախանձախնդիր ենք մեր համազգային պարտության նկատմամբ, ինչո՞ւ ենք այդքան անտարբեր ու թշնամաբար վերաբերվում մեր՝ այսօրվա սերնդի համազգային ջանքերով ձեռք բերած հաղթանակների տարիներին ու թույլ ենք տալիս դրանք ուրանալ՝ այլ կերպ կոչելով: Չէ՞ որ հաղթանակների գիտակցումը եւ քարոզը շատ ավելին են անում՝ կրկնապատկում են դրանց արդյունքները: Իսկ ուրացումը՝ մարդուն դարձնում է անվստահ ու փոքրոգի, զրկում հպարտության ու ազգային արժանապատվության զգացումից, խարխլում սեփական ուժերի նկատմամբ հավատը, արհամարհանք սերմանում պետականության նկատմամբ, կասկածի տակ առնում իր երկրի ապագան, մղում արտագաղթի՝ ավելի ապահով երկրներ: Օտարի սրից ես փախչում, թե սեփական երկրի ապագայի անորոշությունից, արդյունքը նույնն է՝ կործանարար արտագաղթ, հայրենիքի կորուստ:

Այսինքն՝ խնդիրն ամենեւին բարոյական հարթության վրա չէ, եւ մեր հաղթանակների տարիները «ցրտի ու խավարի տարիներ» կոչողները միայն անբարոյականներ կամ անբարոյականների զավակներ չեն, այլ՝ իրական հանցագործներ ու դավաճաններ: Ու հանցագործ է, դավաճան եւ օտար այն իշխանությունը, որը չի կանխում, առավել եւս՝ եթե խրախուսում է այդ քարոզչությունը: Նրանք հանցագործներ են, նրանց արածը՝ ազգասպանություն է, քանզի դրա հետեւանքները, առանց չափազանցնելու, ժամանակի ընթացքում կարող է համեմատելի լինել դարասկզբի Ցեղասպանության հետեւանքներին: Ուստիեւ՝ եթե մարդկային բարոյականությունն ու միտքը չի բավարարում դա կանխելու համար, ուրեմն պետք է օրենք ընդունել՝ հաղթանակների ճանաչման ու դրանց ուրացումը քրեորեն պատժելու մասին: Ու դա այսօր մեզ համար գործնական տեսակետից, հաստատ, ավելի կարեւոր է, քան դարասկզբի Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել