Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար ծրագիր չունեմ»

Սեպտեմբեր 28,2007 00:00

Երեկ հայտարարեց ճանաչված դիրիժոր Լորիս Ճգնավորյանը՝ հավելելով, որ Իրանում իրեն լավ է զգում

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 1989-2000թթ. գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանն էր: Խոսելով ծրագրերից՝ դիրիժորն ասաց. «Բազմաթիվ ստեղծագործություններ ունեմ, որոնք պատրաստվում եմ ի մի բերել: Շուտով Իրանի կառավարության հովանավորությամբ դրանք կհրատարակվեն»: Լ. Ճգնավորյանը նշեց, որ այնտեղ իրեն լավ է զգում եւ Հայաստան վերադառնալու մտադրություն դեռեւս չունի: Հարցին՝ ինչո՞ւ ժամանակին հեռացավ Հայաստանից, Լ. Ճգնավորյանը պատասխանեց. «Հայաստանում ես լիարժեք վայելել եմ իմ ժողովրդի սերն ու հարգանքը, որն ինձ համար իրոք մեծ նվեր էր: Այդ «ինչուն» կորչում է նմանատիպ նվերների մեջ: Ես այստեղից ամենեւին էլ վիրավորված չեմ հեռացել»: Դիրիժորը հայտնեց, որ չի պատրաստվում Հայաստանում համերգ տալ, Հայաստանի համար ծրագիր չունի, որովհետեւ «ծափ տալու համար երկու ձեռք է պետք»: Նա նաեւ հավելեց, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր հոբելյանը: Հոկտեմբերի 13-ին նա դառնում է 70 տարեկան:

Իսկ հաջորդ հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունից որեւէ առաջարկ չի՞ եղել 70-ամյակը այստեղ եւս տոնելու առիթով՝ մաեստրոն պատասխանեց. «Ոչ, այդ թռչունը դեռ չի եկել»: Արվեստագետը երեկ հայտարարեց, որ ամբողջ կյանքում միշտ էլ երազում է Հայաստան գալու մասին:

Խոսելով Ազգային օպերային թատրոնի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայիս գլխավոր դիրիժոր Է. Թոփչյանի՝ իբրեւ իր իրավահաջորդի գործունեության մասին, Լ. Ճգնավորյանն ասաց. «Ես Օպերային թատրոն չեմ մտնում, պարզապես կողքով եմ անցնում: Իսկ ինչ վերաբերում է Թոփչյանին, ես բոլոր երիտասարդ երաժիշտներին էլ գնահատում եմ: Երբեւիցե որեւէ երաժշտից չպետք է հարցնել, թե մյուսի մասին ինչ է մտածում: Դա անկեղծ պատասխան չի լինի, որովհետեւ, եթե լավը ասես՝ կասեն կեղծավորություն է անում, իսկ վատն ասելու դեպքում՝ նախանձում է: Գնահատական կարող է տալ միայն ժողովուրդը»:

Լ. Ճգնավորյանը իր կարծիքը հայտնեց նաեւ Հայաստանի օրհներգի փոփոխման վերաբերյալ. «Որտեղից փողի հոտ է գալիս, այնտեղ ուզում են փոփոխություններ անել: Լսել եմ, որ ով լավ օրհներգ գրի, 700 000 դրամ են տալու: Պատճառն այդ գումարն է՝ բոլորը ոգեւորված ուզում են օրհներգ գրել, ինչպես Հուդան, որ 30 արծաթի համար Հիսուսին դավեց: Օրհներգը պետք է կապված լինի պատմության հետ: Ինչո՞ւ փոփոխել, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Չէ՞ որ մեր մարտիկները «Մեր հայրենիք» երգելով են առաջ ընթացել ու հաղթանակների հասել: Ժողովուրդն արդեն իսկ ունի հոյակապ եւ ուժեղ օրհներգ»: Խոսելով հայկական մշակույթից, արվեստագետը նշեց, որ վերջին տարիներին այն աղավաղվել է. «Մեր մշակույթը կարծես վերածվել է ռուսականի, եվրոպականի, մինչդեռ այն պիտի հոգեւոր երաժշտություն, ճարտարապետություն, մանրանկարչություն լիներ: Եթե վերադառնանք մեր արմատներին, այդ դեպքում միայն կփայլենք ու կճանաչվենք աշխարհում: Իսկ այս հարցի նախաձեռնողը պետք է լինի մշակույթի նախարարությունը, իսկ ամենաշահագրգիռը՝ եկեղեցին»:

Կոչումների մասին էլ Լ. Ճգնավորյանն ասաց. «Ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պետք է «Մեսրոպ Մաշտոց» տային, բայց, չգիտեմ ինչու, նեղացան ու չտվեցին: Սակայն հետագայում ես «Խորենացու» մեդալ ստացա, ու այն ինձ լիովին բավարարում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել