Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեղեկատվությունը երշիկի նման է»

Սեպտեմբեր 28,2007 00:00

Ըստ ռուս փորձագետի, երկուսի սպառումն էլ կախված է թարմությունից եւ որակից

Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» մեկնարկեց «Տեղեկատվական դաշտի ընդհանրությունները ԱՊՀ տարածքում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ «ՌԻԱ նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ:

«Սա այն եզակի դեպքն է, երբ փորձում ենք ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ասում են, որ այն գոյություն ունի, բայց դա ընդամենը պատրանք է»,- կարծում է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Կազմակերպված գիտաժողովը՝ ըստ մասնակիցների, ուղղված է հենց այդ «մտացածինը» իրական դարձնելուն: «Դրան կնպաստեն Հայաստանի երիտասարդ ժուռնալիստիկայի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի հեղինակավոր լրատվամիջոցների լրագրողների քննարկումները: Եվ Հայաստանում, եւ Ռուսաստանում ժուռնալիստիկայի դաշտում ներկայումս կան որոշակի կարծրատիպեր, որոնցով առաջնորդվում են մեր լրատվամիջոցները: Սակայն ժուռնալիստիկայի խնդիրը պետք է լինի նախ եւ առաջ պետությունների հարաբերություններում առաջացած հարցերը վեր հանելը, ինչը քաղաքական որոշումներ կայացնող մարդկանց կօգնի լինել ավելի օբյեկտիվ»,- կարծում է Ա. Դարբինյանը: «Էխո Մոսկվի» թերթի ներկայացուցիչ Վիտալի Դիմարսկին էլ առանց մանրամասնելու նշեց. «ԱՊՀ-ում ընդհանուր տեղեկատվական դաշտը պահպանելու համար պիտի որոշակի գործիքներ ստեղծվեն»: Սլավոնականի ուսանողների հետ շփվելուց հետո նա զարմացած էր. «Ձեր՝ ապագա ժուռնալիստների շարքերում հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ տեսա: Հարցրի՝ արդյոք ժուռնալիստիկան Հայաստանում, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, կանացի՞ մասնագիտություն է, ուսանողները պատասխանեցին՝ այո, քանի որ այն վատ վարձատրվող աշխատանք է»: «Ռիա նովոստի» գործակալության ԱՊՀ եւ բալթյան երկրների գլխավոր ներկայացուցչության տնօրեն Ալան Կասաեւն էլ «Առավոտին» ասաց. «Հայաստանում տեղեկատվություն ստանալու հիմնական միջոցը հեռուստատեսությունն է, դրան զիջում է տպագիր մամուլը, իսկ էլեկտրոնային տեղեկատվական միջոցները վերջին տեղում են: Նման բան ոչ մի երկրում չես տեսնի»:

Երեկվա միջոցառման ժամանակ փորձագետները քննարկեցին նաեւ տեղեկատվական բիզնեսի շահութաբեր կամ հեռանկարային լինելուն վերաբերող հարցեր: Վ. Դիմարսկին նկատեց. «Մենք՝ լրագրողներս, սովորաբար մեր մասին մեծ կարծիք ունենք: Բայց իրականում մեր ստեղծածը արտադրանք է, այսինքն՝ երշիկի նման մի բան, որը կամ համեղ է, կամ ոչ, կամ թարմ, կամ հին: Սպառման ծավալն էլ հենց այդ որակով է պայմանավորված»: Ասուլիսի վերջում Ա. Կասաեւը տեղեկացրեց, որ հնարավոր է իրենք համագործակցեն հայաստանյան մի քանի լրատվական գործակալությունների եւ մեկ հայկական հեռուստաընկերության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել