Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՈՒՆ ԹՎԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Ըստ ԳԹԿ տվյալների, ամենաշատը Երեւանն է «խաբել»

«Խայտառակ պատկեր դպրոցներում» հոդվածում («Առավոտ» 11.09.2007) տեղեկացրել էինք, որ ծաղկաձորյան խորհրդաժողովի ժամանակ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը հայտարարել էր, թե ԳԹԿ-ն ունի հայաստանյան բոլոր դպրոցների պատկերը՝ ըստ ավարտական ու միասնական քննությունների, եւ ամենաանմխիթարը երեւանյան դպրոցների վիճակն է: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, սակայն, մեր թղթակցին հայտնել էր, որ ինքը ոչնչից տեղյակ չէ եւ իր համար հետաքրքիր կլինի, եթե Կ. Նասիբյանը կոնկրետ փաստեր ներկայացնի («ԿԳ նախարարը գովեց դրսի փորձը», «Առավոտ», 19.09.2007): «Առավոտի» խնդրանքով ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը տրամադրեց ՀՀ եւ ԼՂՀ դպրոցների ավարտական եւ միասնական քննությունների միջին արդյունքների տվյալները: Դրանք մտահոգվելու տեղիք են տալիս: Որոշ դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննություն հանձնածները ավելի բարձր են ստացել, քան նույն դպրոցի այն աշակերտները, որոնք իրենց դպրոցի «տիրույթներից» դուրս՝ բուհի համար են քննություն հանձնել: Բերենք օրինակներ՝ Ապարանի Մուլքի գյուղի միջնակարգ դպրոցի ավարտական քննության միջին միավորը 18 է, միասնականինը՝ 13: Ստացվում է՝ նրանց լավագույն աշակերտները ստացել են ավելի ցածր, քան քիչ պարապածները: Կամ՝ Վաղարշապատի թիվ 1 հատուկ դպրոցի ավարտականի միջին միավորը 19,6 է, միասնականինը՝ 16,5, որովհետեւ, հավանաբար, վերջինիս վերահսկողությունը ուժեղ է եղել: Գնահատականների «ուռճացվածությամբ» ռեկորդակիր է Երեւանը: Օրինակ, Արաբկիր համայնքի, այսպես կոչված, արգենտինական թիվ 76 դպրոցի ավարտական քննության միջին միավորը 19,6 է, միասնականինը՝ 16,7: Ըստ Կ. Նասիբյանի, այստեղ մեծամասնությունը 19-20 միավոր է ստացել: Նույն համայնքի թիվ 82 դպրոցում հետեւյալ հարաբերակցությունն է՝ 19-15,93, իսկ Էրեբունի համայնքի թիվ 64-ում թվերն այսպիսին են՝ 19,3-12,7: Նրանցից հետ չի մնացել Կենտրոն համայնքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցը՝ 19,3-16,9, թիվ 61-ը՝ 19,1-14,83: «Աննորմալ» են Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ցուցանիշները՝ 19,2-14,2, Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանինը՝ 19,9-14, Շենգավիթ համայնքի թիվ 66 դպրոցինը՝ 19,4-15,44, Քանաքեռ-Զեյթունի թիվ 147 դպրոցի տվյալները՝ 19,1-15,6: Ըստ ԳԹԿ-ի ներկայացրած փաստաթղթերի, մարզերի դպրոցների գնահատականները արտացոլում են իրական պատկերը, երեւում է, որ մարզերն ավելի ազնիվ են աշխատել: Թեեւ որոշ մարզերում եւս կան ցցուն տարբերություններ՝ նույն դպրոցի ավարտական եւ միասնական քննությունների միջին միավորների առումով: Օրինակ, Ախուրյանի վարժարանի տվյալներն են՝ 19,1-14,8, Գյումրիի թիվ 43 դպրոցինը՝ 18-11,5: «Ռեկորդակիրներից» է նաեւ Կապանի թիվ 7 դպրոցը՝ 19,3-15,73: Այստեղ 35 շրջանավարտների մեծ մասը 20 միավոր է ստացել: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այն դպրոցներում, որտեղ միջին արդյունքները մյուսների համեմատությամբ ցածր են, վիճակը «վատ» է: Ըստ Կ. Նասիբյանի, իրականում դրանք «չխաբած» դպրոցներն են: Ինչպես, օրինակ՝ Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցը՝ 14,45-16,33, Անտառուկինը՝ 10,55-11, կամ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը՝ 13,95-16,10, թիվ 56 դպրոցը՝ 16,28-17,83 եւ այլն: Ըստ ԳԹԿ տվյալների, իրական են Հրազդանի եւ հատկապես Արցախի դպրոցների արդյունքները:

Կ. Նասիբյանը հայտնեց, որ առաջիկայում ԳԹԿ ներկայացուցիչները, ԿԳ նախարարության տեսչությունը եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը կայցելեն մեծ «տարբերություններ» ունեցող դպրոցներ. «Եթե, օրինակ, տեսչության խնդիրը պատժելն է, մերը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելը, որպեսզի հաջորդ տարիներին նման դեպքեր չկրկնվեն, եւ սուբյեկտիվությունը նվազագույնի հասցվի»: Մի կարեւոր հանգամանք եւս՝ առաջին անգամ քննությունների արդյունքները հրապարակելը, փաստորեն, փշրում է այն «էլիտար» դպրոցների մասին ստեղծված միֆը, թե իբր ամենալավ շրջանավարտներն իրենք են տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել