Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշնակցականներից ազատվում է

Սեպտեմբեր 28,2007 00:00

Նորանշանակ մարզպետը սկսել է «ազատվել» նախկին մարզպետի՝ Ռոմիկ Մանուկյանի կադրերից եւ նրանց բոլորին մարզում զբաղեցրած իրենց պաշտոններից հերթով կրճատում է:

Երեկ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն աշխատանքից ազատել է «ռոմիկական» միանգամից երկու կադրերի՝ առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանին եւ իր օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանին: Տեղեկացնենք, որ այս երկուսին պաշտոնաթող անելու խոսակցությունները Գյումրիում պտտվում էին Լիդա Նանյանի մարզպետ դառնալու երկրորդ շաբաթից: Առողջապահության վարչության պետը, որը քաղծառայող է, չնայած ձեւականորեն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, սակայն իրականում, մեր աղբյուրների վստահեցմամբ, դա եղել է Նանյանի հարկադրմամբ: Վերջինիս առաջարկվել է վարչության պետից դառնալ Գյումրիի օպտիմալացվող հիվանդանոցներից մեկի՝ «Մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը: Այդ պաշտոնը չի գոհացրել Ս. Բեյբությանին: Մարզպետի օգնականի՝ դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանի կրճատման հրամանը նրա համար անակնկալ է եղել: Ինչպես արդեն անդրադարձել ենք «Առավոտում», Մ. Ղալաչյանն օրերս դատի էր տվել մարզպետին՝ իրեն անօրինական նկատողություն տալու համար: Հիշեցնենք, որ մարզպետն այնպիսի հանձնարարական էր տված եղել իր օգնականին, որը, ըստ Ղալաչյանի, իր իրավասությունների մեջ չի մտել: Այդ դատը մի քանի օրով հետաձգվել էր, եւ օգտվելով առիթից, փաստորեն, մարզպետը դատարանից շուտ կայացրեց վճիռ՝ օգնականից ազատվելու:

Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում նոր մարզպետից իր դժգոհությունները հայտնեց Լիդա Նանյանի նախկին օգնական Մեսրոպ Ղալաչյանը: «Միգուցե իմ դատի տա՞լը վիրավորեց մեր տիկին մարզպետին, որ կտրուկ քայլի դիմեց եւ որոշեց վերջակետ դնել՝ ինձ ազատել աշխատանքից՝ կրկին օրենքին հակասող որոշում կայացնելով: Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ էսօր ինձ կազատեն աշխատանքից, մտածում էի, որ նա այդ ամենն ավելի գրագետ ձեւով կաներ, երկրորդ նկատողության փորձ կկատարեր, հիմքեր կստեղծեր: Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ մեկ տարվա մեջ երկու անընդմեջ նկատողություն ստանալը հիմք է ծառայում աշխատողից ազատվելու, գոնե այդ տարբերակն օգտագործեր: Բայց էնպիսի անակնկալ եղավ, ներս մտնելս ու հրամանս ձեռքս տալը մեկ եղավ, էնքան էլ գեղեցիկ ձեւով դա արեցին, մտածեցի՝ պարգեւատրում եմ ստացել: Սկզբում կարծեցի, թե մարզպետը գիտակցել է, որ ինձ տված նկատողությունն անհիմն է եղել եւ որոշել է շտկել իր սխալը: Բայց պարզվում է՝ որոշել է վերջակետ դնել»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը: Նա մարզպետին վստահեցրեց, որ նրա դրած վերջակետը բազմակետ է դարձնելու:

Լիդա Նանյանը մարզպետարան ոտք դնելու առաջին իսկ օրից տրամադրված էր ազատվել Ղալաչյան օգնականից: Նույնիսկ համոզել է նրան՝ ազատվել իր դիմումի համաձայն, բայց քանի որ փոխարինող նորմալ աշխատանք չի առաջարկել, Ղալաչյանը կտրուկ հրաժարվել է մարզպետի ասածն անելուց: «Ինձ առաջարկվում էր մի գործ, որը կապված էր համակարգչի տիրապետման հետ, բայց ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ ես կարող եմ: Իհարկե, ես կարող էի ընդառաջ գնալ, հազար տեսակի խնդիր կա, միգուցե իմ սիմպատիան չէր բռնում, բայց մյուս կողմից՝ պետք է հարգվի մարդկանց իրավունքները, հենց էդպես չի կարելի ասել՝ ելեք- գնացեք: Ինձ ազատել են՝ պատճառաբանելով, որ ինձ հետ կնքված պայմանագրի վրա կնիք չկա, այն անօրինական է: Ես էլ բարեխղճորեն իմ գործն արել եմ, թե կնիքն այդ ժամանակ ո՞ւմ մոտ է եղել, ինչի՞ համար չեն կնքել, դա իմ խնդիրը չէ: Եվ հետո՝ իբրեւ թե մարզպետի մյուս օգնականի ու երկու խորհրդականների պայմանագրերը կնքված են, Ղալաչյան Մեսրոպինը կնքված չէ՞»,- դժգոհեց Մեսրոպ Ղալաչյանը՝ վստահեցնելով, որ մարզպետին նորից դատի է տալու:

Մեր տեղեկություններով, առաջիկայում մարզպետը պատրաստվում է աշխատանքից ազատել այլ դաշնակցականների եւս: Նրանց թվում կլինեն հիմնականում դպրոցի տնօրեններ: Մարզպետն այս օրերին աշխատանքային տեսչությանն ուսումնասիրությունների է ուղարկել դաշնակների ղեկավարած կառույցներում՝ հիվանդանոցներում ու դպրոցներում: Ըստ դաշնակցականների, մարզպետը դաշնակներին այլ կադրերով փոխարինելու միջոցով քաղաքական պատվեր է կատարում: Նա առաջիկա նախագահական ընտրություններում ապահովում է վարչապետ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ ձայները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել