Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ Է

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Քաղաքացիները գոհ են Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգից

ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը՝ ով մեր այցելության պահին արդեն իսկ մուտքագրել էր իր դիմումը Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգում, հեռանում էր գոհունակությամբ. «Մի ժամանակ մարդիկ գալիս էին եւ հաճախ նույնիսկ չգիտեին ո՞ր պաշտոնյային պետք է մոտենալ, ի՞նչ ասել. հիմա շատ լավ կազմակերպված է՝ եւ խորհրդատվությունը, եւ ընթացակարգը: Նույնիսկ ժամանակի խնայողություն ես անում»: Բայց մեր զրուցակիցը միակը չէ. քաղաքապետարանի այս աշխատասենյակներից գոհունակությամբ է հեռանում օրական 350-400 մարդ՝ սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ, ովքեր ստանում են անվճար իրավաբանական խորհրդատվություն, օգնություն՝ դիմումը լրացնելիս, փաստաթղթերը կազմելիս: Ամեն օր՝ ժամը 9-19-ը, առանց ընդմիջումի, «Մեկ պատուհանի» գրասենյակում սպասարկում են քաղաքացիներին՝ հնարավորություն տալով աշխատանքային ընդմիջումների եւ հետաշխատանքային մեկ ժամը ծառայեցնել նպատակին: Եթե կարիք է առաջանում հավելյալ փաստաթղթեր կցել գործին՝ տեղում քաղաքացիներին տրամադրվում են դրանք՝ անվճար: Այնուհետեւ գործը մուտքագրվում է համակարգ եւ համակարգիչն անմիջապես որոշում է, թե քաղաքացին երբ կարող է պատասխան ստանալ: Ժամկետները 5-40 օր են՝ կախված հարցի ծավալներից: Քաղաքացուն տրամադրվում է կտրոն՝ «բանալիով» եւ ծածկագրով, իր դիմումի հետագա ճակատագրով հետաքրքրվելու համար: Ի դեպ, դիմումի հետագա ճակատագիրը քաղաքացին կարող է պարզել ոչ միայն ինտերնետի միջոցով, այլ նույնիսկ հեռախոսազանգի կամ պարզապես այցելելով տվյալ գրասենյակը: Գրասենյակի նախասրահում քաղաքացին կարող է ծանոթանալ նաեւ աճուրդների մասին հայտարարություններին, միջոցառումների ժամանակացույցին եւ, ընդհանրապես, կարող է ստանալ քաղաքապետարանի գործունեության հետ կապված իրեն հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն: Կա նաեւ քաղաքացիների ընդունելության սենյակ: Քաղաքացին նախապես հերթագրվում է ընդունելության եւ հաստատված ժամանակացույցով հանդիպում իր նախընտրելի պաշտոնյայի հետ:

«Մեկ պատուհանը», ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգը՝ «ԷԼՓԱՍ», ներդրվել են 2006թ. հունիսի 20-ից՝ Երեւանի քաղաքապետարանում եւ բոլոր ստորաբաժանումներում ու բավականին արդյունավետ գործում են: Միջին օրական դիմումների թիվը 2007-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսների կտրվածքով կազմում է 230-240: Դրական պատասխանի է արժանանում դրանց 70 տոկոսը: Ի դեպ, համակարգի ներդրումից ի վեր մոտ 2,5 անգամ աճել է քաղաքացիների դիմումների քանակը, միաժամանակ՝ էապես նվազել են միեւնույն խնդրի վերաբերյալ կրկնակի դիմումները: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգորի Մելքումյանից տեղեկացանք, որ «ԷԼՓԱՍ»-ը մշակվել, ներդրվել եւ սպասարկվում է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից, նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ: Մայրաքաղաքի բոլոր 12 թաղային համայնքներում ձեւավորվել եւ նույն սկզբունքով գործում են համապատասխան գրասենյակներ: Քաղաքապետարանի եւ թաղապետարանների միջեւ միասնական էլեկտրոնային ցանցի միջոցով ստեղծվել է միասնական տեղեկատվական բազա: Համակարգի արդյունավետությունը, հետեւաբար նաեւ քաղաքացիների սպասարկման որակն էլ ավելի բարձրացնելու համար քաղաքապետարանում հաստատվել է համակարգի զարգացման երկրորդ փուլի ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն կտա քաղաքապետարան դիմում ներկայացնել իր բնակության վայրի թաղային համայնքից եւ պատասխանը ստանալ նույն տեղից:

Բացի այդ, արդեն երրորդ տարին է՝ ինտերնետային կայքում մանրամասն ներկայացվում է քաղաքապետարանի գործունեությունը: Կայքի այցելուների օրական միջինը կազմում է մոտ 800 մարդ, իսկ անցյալ տարի կայքը գերատեսչական մի քանի կազմակերպությունների հետ ոլորտում առաջին մրցանակ է ստացել: 2003-ից լույս է տեսնում «Երեւան 7 օր» թերթը եւ «ԱրմՆյուզ», «Արմենիա» հեռուստաընկերություններով հեռարձակվում են ամենօրյա ու շաբաթական լրատվական ծրագրեր՝ մանրամասն լուսաբանելով եւ տեղեկատվություն ապահովելով քաղաքապետարանի գործունեության մասին: Յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքապետարանում պարտադիր բրիֆինգներ են անցկացվում, որտեղ ոլորտների անմիջական ղեկավարները ներկայացնում են կատարված աշխատանքները եւ պատասխանում լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Իսկ յուրաքանչյուր եռամսյակը մեկ կատարված աշխատանքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփում է քաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել