Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ

Սեպտեմբեր 28,2007 00:00

Մոսկվայի Տվերի միջշրջանային դատախազությունում, որի վարույթում է գտնվում սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Great Valley ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի դեմ իրականացված մահափորձի փաստի առիթով հարուցված քրգործը, մշակվում է տեղի ունեցածի երկու հիմնական վարկած, որոնցից մեկով հանցագործությունը կատարվել է` կապված պատգամավորի մասնագիտական գործունեության հետ, մյուսով՝ հարձակումը կատարվել է պատգամավորին ծանոթ մարդկանց կողմից:

Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, նախաքննության տվյալներով, միայն այս տարի Արզաքանցյանը 33 անգամ այցելել է Մոսկվայի «Մետրոպոլ» կազինո եւ ունի կազինոյի պլատինե քարտ: Վերլուծելով խաղատան ներսում տեղադրված դիտախցիկների տեսագրած կադրերը եւ արձանագրելով նաեւ երկու մարդկանց դուրս գալը, որոնք ենթադրաբար կովկասցիներ են եւ կրակել են պատգամավորի վրա, քննությունը պարզել է, որ մոտավորապես առավոտյան ժամը 4-ին խաղատան սրահ են մտել երկու անհայտ անձինք, որոնցից մեկը կանգնել է մուտքից ոչ հեռու, իսկ երկրորդը, անցնելով խաղատան սրահով, ուղղվել է դեպի այն սեղանը, որի մոտ նստած է եղել «Մետրոպոլի» մշտական հաճախորդը՝ Արզաքանցյանը: Նրանց միջեւ անմիջապես ծեծկռտուք է սկսվել, որից հետո հարձակվողը դանակով մի քանի անգամ հարվածել է պատգամավորի ձեռքի դաստակին եւ նախաբազկին, ապա կրակել, որը դիպել է նախաբազկին: Տ. Արզաքանցյանը փորձել է պաշտպանվել, եւ, ըստ ամենայնի, հենց դրա շնորհիվ է, որ հանցագործին չի հաջողվել նրան՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնել:

Մի քանի վայրկյան տեւած միջադեպը, ըստ երեւույթին, կաթվածահար է արել խաղատան սրահում գտնվող անվտանգության 8 աշխատակիցներին, որոնք չեն հասցրել կանխել անգամ հանցագործների կայծակնային փախուստը: Ի դեպ, հանցագործներից մեկին, որի մոտ զենքն էր եղել, հաջողվել էր խաղասրահ մուտք գործել՝ շրջանցելով մետաղորսիչ սարքը:

Երեկվա դրությամբ Տ. Արզաքանցյանը ենթարկվել էր երկու վիրահատության, եւ նրա վիճակը Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտի բժիշկները գնահատել են բավարար: Նա եկել է գիտակցության, բայց իրավապահները նրան դեռ չեն հարցաքննել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել