Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցուրտ ու մութ տարիներն անցել ենք միասին»

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ասում է, որ ՀՀԿ-ն աշխատում է հաղթելու համար:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունն իր հայտարարություններով՝ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, պարզապես կրկնում է «Օրինաց երկիր» կուսակցության ոչ հեռավոր անցյալի պահվածքը, երբ լինելով իշխանության մաս՝ «Օրինաց երկիրը» հանդես էր գալիս ընդդիմադիր կեցվածքով: Այս տրամադրությունը Սամվել Նիկոյանն ազնիվ չի համարում եւ գտնում է, որ Դաշնակցության կողմից ներկայացված նախագահի երկու թեկնածուների կապակցությամբ Հանրապետականը ոչ զարմանում է, ոչ էլ զայրանում. «Մեր զարմանքը ուղղակի իրենց հետեւյալ մտքին է վերաբերում, որ իրենք այլընտրանք են ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Այդ փորձն արդեն մենք ունենք ՕԵԿ-ի օրինակով, որը իշխանության մեջ լինելով՝ խաղում էր ընդդիմադիր դաշտում: Դա մեր ե՛ւ զարմանքն էր առաջացնում, ե՛ւ զայրույթը: Կարծում եմ, Դաշնակցության այս պահվածքը չի նպաստում քաղաքական դաշտի կայացմանը: Եթե իշխանական կուսակցությունը խաղում է ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիրը որտե՞ղ պիտի խաղա»:

Գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ դա «սովորական ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր, եւ այն կարող եք համեմատել Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի եւ մնացած բոլորի ելույթների հետ: Դա նույն այդ հարթության ելույթ էր, եւ երբեք էլ չեմ ուզում անդրադառնալ, թե ինչու խորքային վերլուծություն չկար, ինչու համեմատական վերլուծություն չկար, ես շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ասում է այն, ինչ իրեն այդ պահին ձեռնտու է»:

Սամվել Նիկոյանը ուղղակի չի ընդունում «այն չարախնդությունը, որ կա այսօր, որ ահա Ադրբեջանը ուժեղանում է, մենք դուրս ենք մնում բոլոր նախագծերից, հեսա պատերազմում մեզ կհաղթի, այսպիսի տագնապալից հայտարարությունները, որոնք միտված են թուլացնել մեր ոգին եւ ջուր են լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, ես բավականին վտանգավոր եմ համարում: Ցուրտ ու մութ տարիները մենք անցել ենք բոլորով, մենք պատերազմ ենք անցել եւ հաղթել ենք, իսկ հաղթելու համար զրկանքների միջով ես գնում, որեւէ ազգ, որեւէ պետություն երբեք շքեղ պայմաններում հաղթանակ չի տարել, ճանապարհը դա է, եւ մենք գնացել ենք այդ ճանապարհը, եւ պետք չի սեւացնել այդ հաղթանակը»: Պարզ չդարձավ, թե ով է փորձում սեւացնել մեր հաղթանակները:

Անդրադառնալով Դաշնակցության հայտարարություններին, թե ՀՀՇ-ի մասնակցությամբ նախընտրական պայքարը գաղափարական կդառնա, Սամվել Նիկոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն եւ ՀՀՇ-ն անցյալի ոչ դրական հարաբերությունների փորձն ունեն. «ՀՅԴ-ն իր մաշկի վրա զգացել է ՀՀՇ-ի իշխանության դաժան մոտեցումը՝ կուսակցություն փակել, թերթեր փակել եւ այլն, կամ՝ ստեղծել կոոպերատիվ դաշնակցական կուսակցություն, եւ այս ամենի պատճառով նրանք միմյանց համարում են հակառակորդներ: Թող համարեն: Իսկ մեր խնդիրն է հաղթել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել