Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Պնդում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը

Թեեւ «Ժառանգությունը» սեպտեմբերի 24-ին ողջունեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքացիական վերադարձը, եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, թե քաղաքական դաշտում հետագա զարգացումները պայմանավորված են նախագահական ընտրություններին առաջադրվելու Տեր-Պետրոսյանի վերջնական որոշումից՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նույն օրը «ՆՏ»-ին ասել էր, որ Հայաստանի առաջին նախագահի ելույթը լսելուց հետո իր մոտ հարց առաջացավ, թե «այդ ե՞րբ ձեւավորվեցին Հայաստանի պետականությանը խփող, պետականության ընթացքին խոչընդոտող բոլոր այն երեւույթները, որոնց մասին խոսեց մեր շատ մեծարգո առաջին նախագահը»:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում Անահիտ Բախշյանն ընդգծեց. «Միայն հարցականներ եմ հնչեցրել: Եվ ասեմ, որ իմ տված հարցը հակադրություն չէ կուսակցության տեսակետին. մենք ընդամենը ողջունել ենք այլընտրանքային հավանական նոր թեկնածուին: Բայց իմ քաղաքացիական ներքին ձայնը չի՛ կարող չտալ այդ հարցը՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարման օրոք արմատավորվեցին շատ վատ երեւույթներ, մոտեցումներ օրենքի, կարգուկանոնի նկատմամբ: Այսինքն՝ այդ ծիլերը եղել են ա՛յն ժամանակ: Եվ այսօրվա իշխանություններն իրավահաջորդն են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ամե՛ն առումով: Նրանց միջեւ որեւէ տարբերություն չկա. ես չեմ տեսնում»: Հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթից չստացա՞վ տպավորություն, թե մտահոգիչ մոտեցումները վերանայվել են՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ո՛չ, չստացա: Ես ուրախ կլինեի, եթե իր կողմից մի փոքր անդրադարձ լիներ այդ երեւույթներին եւ դրանց գնահատական տրվեր»:

«Ժառանգության» պատգամավորները շարունակում են մասնակցել հասարակական հնչեղություն ունեցող գրեթե բոլոր գործընթացներին: Ասենք, անցած օրերին Անահիտ Բախշյանը ներկա էր դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ Արդարադատության խորհրդի հարուցած կարգապահական վարույթի քննարկումներին: Մեր հարցին, իր տպավորությամբ սա, այնուամենայնիվ հաշվեհարդա՞ր է «Ռոյալ Արմենիայի» գործով արդարացման դատավճռի համար, թե՞ գուցե փորձ է քաղաքականացնելու թույլ տրված օրինախախտումները՝ «Ժառանգության» վարչության անդամը պատասխանեց. «Ես լսեցի կարգապահական վարույթով զեկուցող դատավոր Արշակ Խաչատրյանի երկարաշունչ ելույթը՝ Պարգեւ Օհանյանի թույլ տված դատավարական խախտումների մասին: Ինքս մասնակցել եմ շատ դատավարությունների եւ կարող եմ պնդել՝ նման մեղադրանքներ կարելի է ներկայացնել ցանկացա՛ծ դատավորի: Ու պատահական չէ, որ գործնականում բոլորի կողմից կիրառվող այդ երեւույթները այսօր հանկարծ դարձան մեղադրանք հենց Պարգեւ Օհանյանի դեմ: Նա համարձակվեց ինչ-որ մի պահի չենթարկվել վերեւների կամքին, չգործել պատվերի շրջանակներում: Ու քանի որ դրսեւորեց դատավորի ճիշտ կերպար, երեւի այլեւս չուզեց գնալ իր խղճի դեմ՝ այդ պահին հիշեցին այն մեղքերը, որոնք հատուկ են բոլորին»:

Անահիտ Բախշյանը երեկ մասնակցել էր կառավարության նիստին: Սկզբում թվում էր, թե այդ նիստերին մասնակցությունը ընդամենը «Ժառանգության» պատգամավորական բեմելի մի բաղադրատարրն է: Սակայն արդեն քանի ամիս է՝ նրանք պարտաճանաչորեն ներկա են գտնվում կառավարության հինգշաբթի օրվա քննարկումներին: Մեր հարցին՝ ի՞նչ են իրենց տալիս այդ նիստերը, տիկին Անահիտը պատասխանեց. «Շատ կարեւոր մասնակցություն է: Անձամբ ես ուզում եմ տեսնել, թե կառավարությունն ինչպե՞ս է որոշումներ ընդունում: Եվ չգիտեմ, թե դրանք որքանո՞վ են այդ պատերից դուրս քննարկվում՝ նաեւ տարբեր շահագրգիռ մարդկանց հետ, բայց կառավարության նիստերի ընթացքում որոշումները կայացվում են այսպես՝ սեպտեմբերի 27-ին 42 որոշում կայացվեց 45 րոպեում: Նախարարը կարդում էր որոշման վերնագիրը, մեկ նախադասությամբ ասում, թե ինչի մասին է, գերազանցապես հարցեր չէին լինում, եւ որոշումներն էլ հիմնականում ընդունվում էին: Բացասական եզրակացություն էին ստանում այն նախագծերը, որոնք ներկայացված են խորհրդարանական ընդդիմության կողմից»:

Մեր զրուցակցի պատմածից դատելով՝ «Ժառանգություն» խմբակցության փորձը վարակիչ է դարձել նաեւ այլ պատգամավորների համար: «Կառավարության այս նիստին ոչ միայն մենք էինք ներկա, այլ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանը,- ասաց Անահիտ Բախշյանը:- Այս ընթացքում նրանք ոչ մի անգամ չէին եկել՝ սա առաջին անգամն էր: Եվ մեր ոչ միայն այս փորձն է վարակիչ դարձել. նկատում ենք, որ եթե հունիսին տեղի ունեցած ԱԺ նստաշրջանում հիմնականում մենք էինք ելույթներ ունենում, հարցեր տալիս՝ անցած քառօրյայի ժամանակ արդեն շատ էին պատգամավորները, որոնք տեսակետ, կարծիք ունեին: Այսինքն՝ քննարկումները բերվում են իրական բովանդակային ճիշտ հարթություն, որի անհրաժեշտությունը կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել