Երեկ Թաիլանդից «Առավոտին» հեռախոսով տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը:
Չանգ Մայ զանգահարեցինք, երբ աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնության եզրափակիչ օրը +105 կգ քաշային կարգում «B» խմբում ընդգրկված Ռուբեն Ալեքսանյանը նոր էր ավարտել մրցելույթը: Ֆեդերացիայի նախագահի տրամադրությունը վատ չէր: «Ռուբենը քիչ առաջ երկամարտի 395 (175+220) կիլոգրամով խմբում ցույց տվեց լավագույն արդյունքը՝ միեւնույն ժամանակ սահմանելով Եվրոպայի պատանիների հինգ նոր ռեկորդ,- ասաց նա:- Ինչպես գիտեք, այստեղ խաղարկվում էին նաեւ եկող տարի Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության թիմային ուղեգրեր: Հաշվարկը կատարվում է աշխարհի ներկայիս եւ նախորդ առաջնությունների արդյունքներով երկրների գրաված տեղերի միջին թվաբանականով: Արդեն կարող եմ ասել, որ մեր տղաների հավաքականը (հեռախոսազրույցի ժամանակ +105 կգ քաշայինների «A» խմբի մասնակիցները դեռ պայքարը չէին ավարտել) զբաղեցրել է թիմային 9-րդ տեղը եւ Պեկինի հինգ ուղեգիր է նվաճել: Ինչ վերաբերում է աղջիկներին, եթե հիշում եք, անցած տարի Սանտա Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնությանը մեր հավաքականը մասնակցել էր թերի կազմով: Այնպես որ, Չանգ Մայում վաստակած միավորներն էլ նախորդին գումարած, առայժմ ունենք օլիմպիական մեկ վարկանիշ: Սակայն, ի տարբերություն տղաների, աղջիկներն ուղեգիր նվաճելու հնարավորություն դեռ էլի ունեն: Խոսքը եկող տարի մարտ ամսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության մասին է, որտեղ ձգտելու ենք եւս մեկ վարկանիշ ձեռք բերել»: