Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը կարող են լուծել կոճակ սեղմողները»

Սեպտեմբեր 27,2007 00:00

Ստեղծագործողները կարծում են, որ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրները պիտի պետական ռազմավարական

մակարդակով լուծվեն:

«Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին օրենքը լավն է, բայց Հայաստանում դրա կիրառման մեխանիզմներն անկատար են: Հեղինակներն էլ հետեւողական չեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ինչը հաճախ պայմանավորված է ֆինանսական, ժամանակային ռեսուրսների բացակայությամբ, ինչ-որ բանի հասնելու անվստահությամբ»,- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանը «Առավոտին» այսպես ներկայացրեց ՀՀ-ում տիրող իրավիճակը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» ծրագրի շրջանակներում երեկ հրավիրել էր կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեց հուլիսի 13-ին կազմակերպված քննարկման ժամանակ տարբեր ոլորտների մասնագետների կողմից հնչեցված մտահոգությունները ներառող առաջարկությունների փաթեթը:

«Ցանկացած ոլորտում մարդիկ հսկայական գումարներ են կորցնում հեղինակային իրավունքի խախտման դեպքերում, ինչի պատճառով էլ ՀՀ-ում մեծ ներդրումներ չեն կատարվում, քանի որ հեղինակային իրավունքի պաշտպանության հարցն այստեղ խախուտ է»,- նշեց ԻՏՁՄ փոխտնօրեն Մերի Դուրյանը: Քննարկման արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ առաջացած խնդիրների պատճառը նաեւ մարդկանց անիրազեկ լինելն է: «Մենք այժմ պայքարում ենք «պիրատության» դեմ: Բայց դրա համար պետությունը եւս խախտումը բացահայտողի, քայլ անողի կարգավիճակ պիտի ստանա»,- համոզված է Ա. Մելիքյանը:

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն էլ «Առավոտին» ասաց. «Մեր ցանկացած բարձրաձայնում՝ ռադիոն ու TV-ները շահարկում են ընդդեմ արվեստագետների: Երբ տվյալ հեղինակը հայտարարում է, որ իր հեղինակային իրավունքները խախտվել են, նրան եթեր չեն տրամադրում»: Հետո էլ առաջարկեց. «Պիտի ստեղծվի մի կառույց, որը բաղկացած լինի ռեալ իշխանություն ունեցող մարդկանցից: Եթե, օրինակ, մի ռեստորան հնչեցրել է որեւէ մեկի ստեղծագործությունը եւ դրա դիմաց ժամանակին չի վճարել օրենքով սահմանված, ասենք, 20-40 հազար դրամը, կոճակ սեղմող մարդիկ պիտի նրան սկզբում տան որոշակի ժամկետ՝ սխալը ուղղելու համար, եթե հարկ լինի՝ հետո էլ փակեն ռեստորանը»:

Հեղինակային իրավունքի խախտման դեպքերը քիչ չեն նաեւ գրահրատարակչական ոլորտում: Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ վերջին տարվա ընթացքում հարուցվել է 10 դատական գործ: «Պատճենանենգությունն այժմ սարսափելի չափերի է հասել: Պատճենահանվում են գրքեր, կազմվում եւ վաճառվում: Օրինակ՝ Էդուարդ Միլիտոնյանն այսօր դժգոհում էր, թե իր գրքերից մեկը դրսում հրատարակել եւ դրա համար ոչ մի գումար չեն վճարել իրեն: Գրագողությունը գրպանահատության նման մի բան կարելի է որակել»,- մտահոգված է Վ. Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել