Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Սեպտեմբեր 27,2007 00:00

Հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում իրականացվելու է կարմրուկի եւ կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումների արշավ՝ 6-27 տարեկանների շրջանում:

Չնայած այսօր ողջ աշխարհում կարմրուկի հիվանդացության նվազեցմանն ուղղված զանգվածային միջոցառումներ են իրականացվում, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ մանկական մահացություն բերող հիմնական վարակիչ հիվանդություններից մեկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում արձանագրված մանկական մահացության 10%-ը բաժին է ընկնում կարմրուկին: Այսպես՝ աշխարհում միայն 2003թ. կարմրուկով հիվանդացել է շուրջ 30 միլիոն մարդ, որոնցից 530 հազարը մահացել է: 2005թ. կարմրուկից մահացել է 345 000 մարդ: Բժիշկների ներկայացմամբ, կարմրուկից մարդկանց մոտ կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ուղեղի թաղանթի բորբոքում, ցնցումներ, ականջի բորբոքում, թոքաբորբ եւ այլն:

Պակաս վտանգավոր չէ նաեւ կարմրախտ հիվանդությունը: Ըստ մասնագետների, ամեն տարի կարմրախտը 300 հազարից ավելի երեխաների առողջության խեղման պատճառ է դառնում: Այն թեեւ ունի թեթեւ կլինիկական ընթացք, սակայն հղիների վարակման դեպքում վտանգավոր հետեւանքներ է թողնում: Կարմրախտը չպատվաստված հղի կանանց պտղի համար կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել, երբեմն՝ հանգեցնելով մահվան: Բացի այդ, հղիության շրջանում կարմրախտով հիվանդացած կինը կարող է լույս աշխարհ բերել խուլ, կույր, համր, սրտի եւ գլխուղեղի արատներով երեխաներ:

Ինչպես ամբողջ աշխարհում, մեր հանրապետությունում եւս, կարմրուկը եւ կարմրախտը շարունակում են մնալ հանրային առողջապահության գերակա խնդիրների շարքում: ՀՀ-ում կարմրուկի վերջին խոշոր բռնկումը գրանցվել է 2004-2005թթ., որի ընթացքում արձանագրվել է 4 հազար 64 դեպք: Տարբեր տարիքային խմբերում իրականացրած ուսումնասիրությունները վկայում են, որ հիվանդության փոխանցման ռիսկը դեռեւս առկա է: Նշենք, որ կարմրուկով հիվանդացման տարիքային կազմի զգալի «մեծացում» է նկատվում: Վերջին տարիներին կարմրուկով հիվանդների 75%-ը՝ 10 տարեկանից, իսկ 59%-ը՝ 15 տարեկանից բարձր անձինք են: Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կարմրուկով հիվանդացությունը մոտ 20 անգամ նվազել է: Սակայն հաշվի առնելով կարմրուկի պարբերականությունը, եթե չձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, հիվանդության հաջորդ բռնկումն անխուսափելի կլինի:

Բնակչության շրջանում վերոհիշյալ հիվանդությունների կանխարգելման համար շատ մեծ նշանակություն ունեն պատվաստումները: Նշված երկու վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ ռազմավարություն է իրականացնում՝ մինչեւ 2010 թվականը կարմրուկի եւ կարմրախտի տեղական շտամներով հարուցված հիվանդացման դեպքերը վերացնելու համար, որին միացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանում առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ռազմավարական մոտեցումներից մեկը հանրապետությունում կարմրուկի ու կարմրախտի վերացումն է եւ բնածին կարմրախտային համախտանիշի կանխարգելումը: Առողջապահության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, այդ նպատակին կարելի է հասնել պլանային (ազգային օրացույցի համաձայն) եւ լրացուցիչ պատվաստումների կամպանիայի միջոցով: Նախարարությունը մշակել է կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքերի վերացման 2007-2010թթ. ազգային ռազմավարական ծրագիր, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Համաձայն ծրագրի, սույն թվականի հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում իրականացվելու է կարմրուկի եւ կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումների արշավ՝ 6-27 տարեկանների շրջանում:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը՝ մասնակցել կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումների կամպանիային՝ այդպիսով պաշտպանելով մեզ եւ մեր երեխաներին: Ի դեպ, պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված բոլոր, այդ թվում՝ կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումները կատարվում են անվճար:

Կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստանյութը բարձրորակ է եւ առաջացնում է բարձր վարակամերժություն (իմունիտետ):

Ներկայումս լայնածավալ իրազեկման աշխատանքներ են իրականացվում դպրոցներում, բարձրագույն ուսումնական կազմակերպություններում եւ այլուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել