Երեկ ասաց ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը
Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում ասուլիս էր հրավիրել ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ Վարդան Եղիազարյանը, թեման՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց եւ առեւանգված ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքներն էին: Վ. Եղիազարյանը մինչ բուն նյութին անցնելը լրագրողներին ասաց, որ ստիպված է հիասթափեցնել. «Նախ կցանկանայի ցրել ձեր պատկերացումները Ինտերպոլի մասին՝ որպես ամենազոր, առեղծվածային եւ միգուցե արկածախնդիր մի կազմակերպության, ինչը, հավանաբար, ձեւավորվել է ֆիլմերից ու գրքերից, նաեւ՝ լրատվական միջոցների օգնությամբ: Ցավոք, վերջին շրջանում չի ցուցադրվում ոստիկանական կամ դետեկտիվ ժանրի այնպիսի մի ֆիլմ, որտեղ Ինտերպոլի գործակալները չներկայացվեն կրակող, փրդող Ջեյմս Բոնդի կամ Շերլոք Հոլմսի կեցվածքով: Մինչդեռ դա այդքան էլ այդպես չէ, թեեւ մենք էլ ունենք մեր գաղտնիքները, լուրջ զինանոցն ու հզոր հնարավորությունները»: Պրն Եղիազարյանը հայտնեց, որ ԱԿԲ-ն Քրեական ոստիկանական միջազգային կազմակերպությանը՝ Ինտերպոլին, անդամակցում է 1992 թվականից: Նրա խոսքերով, մեր երիտասարդ կազմակերպությունը հայտնվել է 186 երկրների ԱԿԲ-ներից լավագույնների թվում:
Պրն Եղիազարյանի ներկայացմամբ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հարցումների օպերատիվ ուղեկցումը ապահովելու շնորհիվ Ինտերպոլի անդամ երկրներում 2006 թ. ընթացքում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող 118 անձանց գտնվելու վայրը, որոնցից 80-ը ձերբակալվել է: 2006 թ. Ինտերպոլի անդամ երկրների անցկացրած հարցումների շնորհիվ Հայաստանում էլ հայտնաբերվել է 27 հանցագործ, որոնցից 8-ը ձերբակալվել է: Անցյալ տարի Հայաստանում հայտնաբերվել է նաեւ միջազգային մակարդակով հետախուզվող 1 անհայտ կորած անձ, պարզվել 2 չճանաչված դիակների ինքնություն: 2006 թվականին միջազգային հետախուզում է հայտարարվել Հայաստանի 46 քաղաքացիների նկատմամբ, 2007 թվականի առաջին կիսամյակում՝ 4-ի նկատմամբ: Այժմ միջազգային հետախուզում է հայտարարված ՀՀ 281 քաղաքացու նկատմամբ: Միջազգային մակարդակով հետախուզվում է նաեւ 33 անհայտ կորած:
ԱԿԲ-ի պետը հայտնեց, որ ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ ծավալված պայքարի շրջանակներում 2004 թ. մարտից ստուգման են ենթարկվում ՀՀ ներմուծվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, ինչի արդյունքում 2006 թ. հայտնաբերվել են 43, 2007-ին՝ 18 այլ երկրներից գողացված տրանսպորտային միջոցներ:
Խոսելով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ Մոսկվայում կատարված մահափորձի մասին՝ Վ. Եղիազարյանն ասաց, որ Ինտերպոլի հայկական բյուրոն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ. «Ներկայումս Ռուսաստանը մահափորձի մասին բավարար տեղեկատվություն չի ներկայացրել: Մենք պատրաստ ենք համագործակցել, եթե ռուսական կողմը մեր կարիքն ունենա եւ պաշտոնական հայց ուղարկի»: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ համագործակցելուն, այս առիթով էլ ասաց. «Թուրքիան մեր մերձավոր գործընկերներից է: Ինտերպոլի կանոնադրությունն արգելում է խտրականությունը որեւէ անդամի հանդեպ՝ քաղաքական, ռազմական, ռասայական եւ կրոնական պատճառներով»:
Վ. Եղիազարյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ նշեց, որ նախկին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ կապված նորություններ չկան. «Սիրադեղյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերման ուղղությամբ բոլոր միջոցառումներն իրականացվում են, եթե որեւէ տեղեկատվություն լինի՝ կիմանաք»: