Հայտարարում է մեկամյա «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետը
Սեպտեմբերի 22-ին լրացավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հիմնադրման մեկամյակը: «Առավոտը» միության ատենապետ Նարեկ Գալստյանից հետաքրքրվեց՝ «կոլեգա» ուսանողական միություններից շնորհավորանքներ ստացվե՞լ են. «Մենք բարձրաձայն չենք հայտարարել այդ մասին եւ մեր ծնունդը նշել ենք «նեղ շրջանակով»: Ընդդիմադիր ջահելներից միայն ՀՀՇ երիտասարդական թեւի հետ ենք լավ ընկերներ, այնպես որ, չէինք էլ սպասում, թե Բարգավաճի, Դաշնակցության կամ ՕԵԿ-ի, առավել եւս ՀՀԿ-ի երիտասարդները կհիշեն ու մեզ կշնորհավորեն: Այդ մշակույթը մեր քաղաքական դաշտում դեռ չի ձեւավորվել: Եթե նորմալ երկրներում մարդիկ իրար հետ կարող են բանավիճել, հետո միասին գնալ գարեջուր խմելու, Հայաստանում նման բան չկա: Այստեղ ցանկացած երկրորդ բանավեճ վերաճում է պապական թշնամության»,- պատասխանեց Ն. Գալստյանը: Ուսանողական միության ատենապետին հարցրինք` այս մեկ տարվա ընթացքում իրենց առջեւ դրված խնդիրների քանի՞ տոկոսն են հաղթահարել: «Մեր պլանների 10 տոկոսն ենք հնարավորություն ունեցել իրագործել, որովհետեւ, ցավոք, Հայաստանի քաղաքական, մասնավորապես՝ երիտասարդական դաշտում, որպես կանոն, մոնոպոլ վիճակներ են տիրում, ամեն ինչ հանրապետականացված է: Բայց մեկ տարվա ընթացքում ինչ-որ բաներ ստացվել են, խոսքը վերաբերում է թե՛ կրթական համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարին, թե՛ հակաիշխանական միջոցառումներին, մանավանդ վստահ ենք, որ այս իշխանությունները Հայաստան երկիրը տանում են դեպի կործանում»,- ասաց Նարեկը:
Մեր այն դիտարկմանն էլ, թե երիտասարդական միությունները, որպես կանոն, ծնվում, իսկ եղածները աշխուժանում են միայն ընտրությունից ընտրություն, հետո իրենց առաքելությունն ավարտված համարում, երիտասարդ հնչակը պատասխանեց. «Իսկապես, մեր կուսակցությունը խնդիր ուներ հզորանալու, եւ եթե Դավիթ Հակոբյանաբար արտահայտվեմ՝ քաղաքական մարտադաշտ նետելու երիտասարդ եւ թարմ ուժերի, բայց, սրանով հանդերձ, մեր միության ստեղծումը կարճաժամկետ ծրագիր չէ: Ինքներս լավ չէինք զգա, որ ինչ-որ կարճաժամկետ նախագծի համար օգտագործվեինք: Մեր միությունը ստեղծել է որոշակի ավանդույթներ, եւ սահուն սերնդափոխություն ենք իրականացնում՝ շեշտը դնելով հիմնականում առաջին, երկրորդ եւ երրորդ կուրսի ուսանողների վրա, որոնք ավելի ռոմանտիկ են, ամբիցիոզ, ավելի գաղափարական ու նվիրված: Իսկ ընդհանրապես երիտասարդական դաշտը դեգրադացված է, շատացել են երիտասարդների թռիչքները մի կուսակցությունից մեկ այլ կուսակցություն»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամները հատկապես ո՞ր բուհերի ուսանողներ են, Ն. Գալստյանը հայտնեց. «Մեր միությունը աշխատում է խմբերով, որոնք բաժանված են ըստ բուհերի՝ համալսարան, գյուղակադեմիա, պոլիտեխնիկ, կոնսերվատորիա, մանկավարժական, հիմա աշխատանքներ են տարվում նաեւ թատերականում: 2-3 ամիս երիտասարդները փորձաշրջան են անցնում, որպեսզի ամեն պատահական մարդ չմտնի կուսակցություն: Բուհերի հետ աշխատելով հանդերձ՝ բուհերի ներսում չենք աշխատում: Որովհետեւ բուհերի ներսում լինելը նշանակում է ուսխորհուրդների մեջ լինել, այն դեպքում, երբ դրանց մեծ մասը հանրապետականացված է: Ընդամենը 2 ուսխորհրդում ենք ներկա»: Իսկ թե ո՞ր բուհերի, Ն. Գալստյանը չասաց. «Չեմ ասի, որովհետեւ մերոնք բացահայտված չեն, իրենք որպես կուսակցականներ չեն հանդես գալիս»: Նա նաեւ հավելեց, որ առաջիկայում «Սարգիս Տխրունին» ավելի է ակտիվանալու, իրենց կողմից կազմակերպվող քաղաքական բանավեճերին մասնակից է դարձնելու ավելի մեծ թվով երիտասարդների. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր երիտասարդական խորհուրդ ստեղծվեց մեր նախաձեռնությամբ, բայց ամեն ինչ ձախողվեց: Հասկացանք, որ կուսակցական որոշ երիտթեւերի հետ համագործակցությունն անիմաստ է, որովհետեւ ավելի շատ շոումենական վիճակներն էին գերակշռում, քան աշխատելու ցանկությունը: Պիտի փորձենք սովորական երիտասարդների հետ աշխատանք տանել, մանավանդ՝ մի քանի անգամ հայտարարել ենք, որ կողմ ենք միասնական թեկնածուին, այն էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը: Մի բան պարզ է՝ միակ այլընտրանքը գործող վարչախմբին նա է»: