Քանի դեռ չի ստեղծվել տուգանող մարմինը, օբյեկտներում, խանութներում ու տեսաերիզների վաճառակետերում անչափահասներին ազատ վաճառում են ալկոհոլային խմիչք, ծխախոտ, «պոռնո» կամ սարսափ բովանդակության տեսաերիզներ:
«18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: Այսպես է սահմանվում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 158-րդ հոդվածով: Օրենքն ընդունվել է դեռեւս 1985-ից: 15 տարուց ավելի է՝ Հայաստանում չի գտնվել մի լիազոր մարմին, որը կվերահսկեր օրենսգրքի այդ հոդվածի կատարումն ու կտուգաներ օրինազանցներին:
Բոլոր խանութներում էլ ալկոհոլային խմիչքն ազատ վաճառվում է անչափահասներին: Մի քանի խանութներում մեր կատարած հարցումները ցույց տվեցին, որ վաճառողները չգիտեին էլ, որ իրենք մինչեւ 18 տարեկաններին գարեջուր, օղի կամ կոնյակ վաճառելով՝ խախտում են օրենքը եւ ենթակա են պատասխանատվության: «Նախ, մենք տեղյակ չէինք էդ արգելքի մասին, բայց եթե իմանայինք էլ՝ չէինք կարող չվաճառել: Շատ են գալիս 10-15 տարեկան երեխեք, ասում են՝ մաման կամ պապան ասել է էսինչ օղին տվեք: Նրանց մամաներն ու պապաները մեր խանութի հիմնական հաճախորդներն են, ո՞նց կարող ենք չտալ»,- ասաց Մաշտոցի պողոտայում գտնվող խանութներից մեկի աշխատակից Կարեն Նիկողոսյանը: Նա խոստովանեց, որ երբեւէ որեւէ անչափահասի ալկոհոլային խմիչք վաճառելիս ոչ նրա տարիքն է հարցրել, ոչ էլ փաստաթուղթ է պահանջել, համոզվելու՝ նա 18 տարեկանից բա՞րձր է, թե՞ ցածր:
Կենտրոն համայնքի որոշ սուպերմարքեթների վաճառականներ վստահեցրին, որ իրենք երբեւէ օրենսգիրքը չեն խախտել ու անչափահասներին ալկոհոլային պարունակությամբ խմիչք չեն վաճառել: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք կողմնորոշվում՝ այցելուն անչափահա՞ս է, թե՞ ոչ, վաճառողներից մեկը պատասխանեց. «Տեսնում եմ»:
18 տարեկանից ցածրերին ալկոհոլային խմիչքի վաճառք հաճախ իրականացվում է նաեւ զվարճանքի ու սննդի տարբեր օբյեկտներում, սրճարաններում եւ ռեստորաններում: Ոչ մի մատուցող գարեջուր կամ օղի պատվիրող անչափահասին սպասարկելուց առաջ տարիք չի հարցնում: Եթե նույնիսկ մատուցողը հարցնի էլ՝ դա շատ ծիծաղելի կթվա այցելուի համար եւ հնարավոր է նույնիսկ այդ անմեղ հարցը հանգեցնի մեծ վիճաբանության ու ծեծկռտուքի: «Մեզ հյուր եկածներից չենք հետաքրքրվում, թե հաճախորդը քանի տարեկան է: Ինչ պատվիրում են՝ այն էլ մատուցում ենք: Մենք ի՞նչ գործ ունենք փաստաթուղթ պահանջենք, ծննդյան թիվը նայենք: Նախ, էդ հաճախորդն էլ կյանքում մեր օբյեկտ չի գա, հետո էլ՝ ի՞նչ իմանանք՝ ում երեխեն կլինի, ինչ թափ կունենա»,- ասաց հրապարակի մերձակայքում գործող սրճարաններից մեկի մատուցողուհին: Նա նաեւ նկատեց, որ եթե անչափահասներին խմիչք մատուցեն, ոչ ոք էլ չի իմանա. «Ոչ մի մարմին էլ չկա, որ գա ստուգի, մեզ էլ պատժի: Ես ամեն օր լիտրերով օղի, «Մարտինի», կոնյակ ու ալկոհոլային կոկտեյլներ եմ մատուցում, երբեւէ որեւէ մեկը մեզ բան չի ասել: Միայն, եթե մեր այցելուների մեջ ոստիկանության աշխատակից է լինում, նոր խուսափում ենք ջահել երեխեքին խմիչք մատուցելուց»:
Բացի ալկոհոլային խմիչքից, երեխաները կարող են ազատ ձեռք բերել նաեւ իրենց ուզած էրոտիկ բովանդակության գրականությունը, ամսագրերը, տեսաերիզներն ու DVD-ները: Այս առումով նույնպես չկա որեւէ վերահսկող մարմին, որը կտուգաներ տեսաերիզների ու CD-ների վաճառքի կետին կամ թերթի կրպակին՝ երեխաներին «պոռնո» ֆիլմեր կամ ամսագրեր վաճառելու, թեկուզ վարձով տալու համար: Ընդամենը 200-400 դրամ տալով՝ անգամ 6 տարեկան երեխան ազատ կարող է վարձով ամենավերջին «պոռնո» կամ երեխային կաթվածի հասցնող սարսափ ֆիլմերը վերցնել, դիտել ու վերադարձնել: