Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՆԳԱՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԱՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԵՐԿՈՒ ՀՐԴԵՀԻ

Սեպտեմբեր 27,2007 00:00

\"\"Մեր երկրում վերանորոգում անելու համար ամուր նյարդեր են պահանջվում

Հայաստանի տնտեսության մեջ ստվերի ամենամեծ մասնաբաժինը շինանյութի վաճառքի շուկայում է: Պատահական չէ, որ տասնյակից ավելի գործարար պատգամավորներ հենց այդ շուկայում են բիզնես անում: Շինանյութերի վաճառքի գինը, որակը, արտադրությունն ու ներկրումը դուրս է պետական վերահսկողությունից: Ու քանի որ մեր երկրում լայն թափով շինարարություն է իրականացվում՝ շինանյութերի շուկայում միլիոնների շրջանառություն է լինում: Եթե այդ փողերի գոնե 50 տոկոսը մտներ պետբյուջե՝ բյուջեում առնվազն 20 միլիարդ դրամ կավելանար:

Շինանյութ վաճառողները, օգտվելով նրանից, որ իրենց չեն վերահսկում, ապրանքների գները որքան ուզում՝ բարձրացնում են՝ առանց որեւէ հիմնավորման: Օրինակ՝ վերջերս շուկայում կտրուկ բարձրացրին Վրաստանից ու Ռուսաստանից ներկրվող վերամշակված փայտի գները: Եթե անցած տարի մեկ խմ վերամշակված փայտն արժեր 170-200 դոլար, ապա այժմ այն վաճառվում է 300-400 դոլարով: Քանի որ վերամշակված փայտը հիմնականում օգտագործվում է բնակարանաշինության մեջ, Հայաստանում այդ փայտի մեծ պահանջարկ կա, ուստի շինանյութ ներկրողները տարբեր պատճառաբանություններ են բերում՝ գինն ինքնարժեքից մի քանի անգամ բարձր ասելով: Վերջին շրջանում տեղի ունեցած թանկացումները վերամշակված փայտի բիզնեսով զբաղվողները պայմանավորում են ոչ ավել, ոչ պակաս՝ ռուս-վրացական հակամարտությամբ՝ ասելով, որ Ռուսաստանը վրացական սահմանը փակել է, թույլ չի տալիս փայտ արտահանել, իսկ դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Հայաստան ներկրողների համար ու գինն ավելացնում:

Ամեն ամռան, երբ Հայաստանում սկսվում է շինարարական բումը, արհեստականորեն թանկանում է նաեւ ավազը: Անգամ տեղական ավազի գները մի քանի օրում կտրուկ բարձրացնում են՝ պատճառաբանելով, թե հանքից առաքման հետ կապված ծախսերն են ավելացել: Հուլիսին 1 պարկ սեւ ավազը 180-200 դրամից դարձավ 230-250 դրամ, 220 դրամանոց կապույտ ավազն էլ թանկացավ մինչեւ 260 դրամ: Այդ առնչությամբ անգամ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունից թանկացումը կապեցին պահանջարկի բարձրացման հետ:

Այսօր Հայաստանի շուկան ողողված է Թուրքիայից եւ Էմիրություններից ներմուծված էժանագին, բայց անորակ եւ էկոլոգիապես ոչ մաքուր արտադրանքով: Ներմուծողների հետ չկարողանալով մրցակցել գնային առումով՝ տեղական արտադրողներն ինքնաբերաբար դաշտից դուրս են մղվում: Իսկ Հայաստան ներկերի ներկրմամբ զբաղվում են խոշոր օլիգարխներ, որոնք այդ ոլորտից գերշահույթներ են ստանում, ընդ որում, եթե նույնիսկ նրանց ընկերությունները գրանցված են լինում հարկային դաշտում, այն ձեւակերպած են լինում որպես օտարերկրյա ներդրումով համատեղ ձեռնարկություններ ու 100 կամ 50 տոկոսով շահութահարկ չեն վճարում: Բացի այդ, շինանյութի վաճառքի կետերում դեռեւս հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրված չեն, եւ վերավաճառողներն էլ դեռեւս պետբյուջե հարկ չեն մուծում:

Մեզ հետ զրույցում շինանյութի շուկայի մի շարք աշխատակիցներ վստահեցրին, որ իրենք ամեն ապրանք էլ իրենց գնով են վաճառում եւ հազիվ օրվա հացի ու տեղի փող են կարողանում վաստակել: Մինչդեռ նրանք, ովքեր առիթ են ունեցել որեւէ շինանյութ կամ սանտեխնիկա գնել, վկայում են, որ այդ շուկայում գործում են սպառողին «քցելու», պարսկական 10.000 դրամանոց լվացարանը գերմանական 50 հազար դրամանոցի տեղ վաճառելու մեթոդները: Այդ իսկ պատճառով՝ Հայաստանում բնակարանը մի թեթեւ տեսքի բերելու, կոսմետիկ վերանորոգելու համար ամուր նյարդեր ու մեծ գումարներ են պահանջվում:

Շինանյութի գնման հարցերը լուծելուց հետո մեկ այլ պրոբլեմ է՝ ազնիվ ու սրտացավ բանվոր գտնելը: Հայերը սովորություն ունեն վերանորոգում իրականացնող բանվորներին, այսպես ասած՝ «պերերիվով» ապահովել: Եթե տանտերն անգամ կես ժամ սուրճն ուշացնում է՝ այդ ամենը հետագայում պարզ երեւում է բնակարանի պատերից՝ ծռմռտիկ շարած սալիկները կամ փինաչիական ծեփամածիկն ամենաանշառ վրեժներից են, որ կարող են բանվորները հանել: Տանտերը պետք է տուն-տեղ, գործ թողնի ու ուշադիր հետեւի բանվորի աշխատանքին, հակառակ դեպքում՝ ընդամենը մեկ տարի հետո թանկարժեք վերանորոգումից 1-2 մեխ կմնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել