Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈՐՁ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 27,2007 00:00

Ռուսական ինֆորմացիոն աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայի կենտրոնում`«Մետրոպոլ» կազինոյում, սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Մոսկվայի իրավապահ մարմինները կազինոյում փոխհրաձգության վերաբերյալ ահազանգ են ստացել ժամը 4.22-ին: Ականատեսների վկայությամբ, կազինոյում վիճաբանություն է սկսվել երեք կովկասցիների միջեւ, որոնցից մեկը երկու անգամ կրակել է մյուսի վրա: Վերջինս տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Փոխհրաձգության հետեւանքով վիրավորվածը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Great Valley ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանն է։ Հիշեցնենք, որ Արզաքանցյանի դեմ Մոսկվայի խաղատներից մեկում ավազակային հարձակում էր տեղի ունեցել նաեւ անցյալ տարվա մարտի 29-ին: Այն ժամանակ պատգամավորը ծեծի էր ենթարկվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա վրա հարձակվածները հափշտակել էին Տ. Արզաքանցյանի շուրջ 50 հազար դոլար արժողությամբ բջջային հեռախոսը եւ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցը:

ՀՀԿ մամուլի հարցերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ փոխանցեց հետեւյալ տեղեկությունը. ԱԺ պատգամավորի հետ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե «Մետրոպոլ» կազինոյում, այլ «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում: Կովկասյան արտաքինով երկու անհայտ անձինք փորձել են մահափորձ իրականացնել Տ.Արզաքանցյանի նկատմամբ: Մեր տեղեկություններով, նա Մոսկվայում էր գտնվում անձնական գործերով եւ դեպքի նախորդ օրը մասնակցել է Մոսկվայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ ՀՀ կառավարական պատվիրակության հանդիպմանը: «Ա1+»-ի փոխանցմամբ, երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տարածել է տեղեկություն, ըստ որի, պատգամավորը Մոսկվայում է եղել մասնավոր այցով եւ որեւէ կապ չունի վարչապետի պաշտոնական այցի հետ:

«Առավոտի»՝ մոսկովյան քաջատեղյակ աղբյուրներն էլ հավաստիացնում են, որ ԱԺ պատգամավորի դեմ կատարված ոտնձգությունը տեղի է ունեցել ոչ թե «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատանը կամ նախասրահում, այլ դրսում՝ հյուրանոցի տարածքում: Ընդ որում, մեր աղբյուրների ասելով, Տ. Արզաքանցյանը «Մետրոպոլից» դուրս գալուց առաջ եղել է այդ հյուրանոցում ապրող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել