Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք ու պատիվը» ոչ մեկին չի պաշտպանի

Սեպտեմբեր 27,2007 00:00

Այդ մասին երեկ «Առավոտին» ասաց կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը

ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող աժիոտաժին, այդ համատեքստում նաեւ նախագահի թեկնածուների առաջադրման մասին քաղաքական գործիչների հայտարարություններին անհաղորդ մնացող քաղաքական ուժերից մեկը «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն է: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այս կուսակցությունը բավականին ակտիվ քաղաքական կեցվածք ուներ, ներկայացված է «Մտավորականների ֆորումի» ավագանու կազմում, ժամանակին նախաձեռնել էր «Հակակրիմինալ շարժումը»:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին իր գլխավորած կուսակցության դիրքորոշմանը՝ Գառնիկ Մարգարյանն ասաց, թե սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որի ժամանակ միանշանակ որոշում է կայացվել առ այն, որ «ներկայիս գործող ռեժիմը ազգադավ է եւ պետք է գնա: Միաժամանակ եկել է ճակատագրական պահ, ու քարեր նետելու ժամանակ չէ, ուստի՝ այն ուժերը, որոնք աշխատում են այս ռեժիմին հեռացնելու ուղղությամբ, նրանց չպետք է խոչընդոտել: Կամ պետք է միանալ նրանց, կամ՝ եթե կան չմիանալու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ, ապա գոնե չխոչընդոտել ու նպաստել, որ երկիրն ազատեն այս թափթփուկներից»: Կոնկրետ «Հայրենիք ու պատիվը», Գ. Մարգարյանի ասելով, այսօրվա դրությամբ այդ ընտրություններում առաջադրվելու արդեն հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր գործիչների նկատմամբ չեզոք դիրք է գրավել՝ չի միանալու նրանց, չի էլ խոչընդոտելու: «Մենք մեր որոշումներում նաեւ արձանագրել ենք, որ բոլոր այն առանձին թեկնածուների առաջադրումները եւ, այսպես կոչված՝ պայքարը նպաստում են ռեժիմի վերարտադրմանը կամ պահպանմանը»,- կարծիք հայտնեց Գ. Մարգարյանը՝ հավելելով, որ դա ամենեւին էլ միտված չէ ընդդիմադիր դաշտում առողջ գործընթացներին, երկրի զարգացմանն ու կրիմինալ ռեժիմից ազատվելուն: Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ՀՀ նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, դրա մասին դեռ մտմտում են ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները: «Նրանք, ովքեր առանձին են գնում, այսպես թե այնպես պայմանավորված են գործող՝ Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան, իշխանության հետ»,- հայտարարեց կուսակցության նախագահը: Այդ պայմանավորվածության գործընթացը Գ. Մարգարյանը շատ պատկերավոր նկարագրեց՝ «մենք քեզ կօգնենք՝ առանձին կգնանք, ձայներ կխլենք ընդդիմադիր ուժերից, առողջ ուժերից կամ ժողովրդից, մարդկանց թյուրիմացության մեջ կգցենք ու կնպաստենք, որ դուք վերարտադրվեք»: Ըստ նրա, սա վտանգավոր երեւույթ է, ուստի հարկ համարեց կոչ անել ժողովրդին, որ «օրհասական պահին» պետք է ճիշտ ընտրություն անել:

Անդրադառնալով արդեն այսօր հայտնի եւ հավանական թեկնածուներից որեւէ մեկին աջակցելուն՝ կուսակցության ղեկավարն ասաց, թե չի ուզում ոչ մեկին անձնավորել, բայց չի էլ պատրաստվում նրանց խանգարել: Ինչ վերաբերում է մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, ապա Գ. Մարգարյանը բացառեց իր կուսակցության կողմից նրան աջակցելու հնարավորությունը: Նա հիշեցրեց, որ ինքն ու իր զինակիցները ժամանակին ՀՀ առաջին նախագահին, իր ասելով, հիմնավոր մեղադրանքներ էին առաջադրել, որոնք առնչվում էին երկրում կադրային քաղաքականությանը, օրենքների գերակայությանն ու Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նրա մոտեցմանը: «Բայց ի՞նչ եղավ. նրան թույլ չտվեցին: Առաջադրվելն իր որոշումն է, թեեւ ես համոզված չեմ՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ, բայց եթե որոշի առաջադրվել՝ իր պրոբլեմն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել