ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ առաջին նախագահը այսօր նախանձելի վիճակում չէ
– Պարոն Հայրիկյան, ի՞նչ եղան «Մետելիցա», «Կոնգրես» եւ այլ տեղերում ձեր նախաձեռնությամբ կազմակերպված ընդդիմադիր ուժերի հանդիպումները, արդյոք դրանք դեռ շարունակվո՞ւմ են:
– Այո, հանդիպումները դեռ շարունակվում են, ես պիտի հստակեցնեմ, որ մեր հանդիպումների նպատակն էր ի մի բերել քաղաքական գործիչներին, որպեսզի բոլորի առաջարկությունները հնարավորինս արագ հասնեն հասցեատերին: Եթե այդ տեսանկյունից նայենք, ես իմ նպատակին հասել եմ, մանավանդ վերջին հանդիպումները բավական տպավորիչ էին: Բայց եթե նայում ենք, որ դա նախագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված միջոցառում է, որում արդեն ժամանակն է, որ գործնական քայլեր արվեն, ապա այդ տեսակետից դեռ սպասումների մեջ ենք: Բայց ասեմ, որ ես երկար սպասել չեմ պատրաստվում: Մեր հանդիպումները տեղի են ունենում ամեն օր:
– Կոնկրետ կասե՞ք՝ ո՞ր ուժերի հետ եք ամեն օր հանդիպում:
– Երեւի այն պահին դրա մասին կխոսեմ, երբ արդեն որոշակիություն լինի, բայց բոլորը մասնակցում են հանդիպումներին, բացի «Օրինաց երկրից», որը կարծես որոշակի ճնշումների տակ է: Նրանք նախ հայտարարեցին, որ շատ օգտակար են համարում այդ հանդիպումները, բայց հետո կարծես ինչ-որ տեղից ճնշվեցին:
– Որտեղի՞ց:
– Չեմ կարող ասել, գուցե իրենց շարքերի կողմից, գուցե դրսից ինչ-որ մեկից: Տարբեր բաներ են ասվում, ես դրանց չեմ ուզում ուշադրություն դարձնել, բայց ակնհայտորեն իրենք իրենց դիրքորոշումը փոխեցին: Մյուսների հետ հանդիպումները շարունակվում են: Անուններ չասեմ, որովհետեւ պայմանավորվել ենք առայժմ ներամփոփվել:
– Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է առաջադրվի նախագահի թեկնածու, դուք 1991-ին եղել եք նրա հիմնական մրցակիցը, այսօր ի՞նչ եք մտածում:
– Այո, 91-ին մենք սեւ դրոշներով ենք դիմավորել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ աննախադեպ էին կեղծիքները, եւ նույնիսկ հետագայում էլ այդպիսի բան այդ մակարդակով չեղավ: Այսինքն՝ թվում է, ես պետք է բացասական տրամադրված լինեմ նրա հանդեպ: Բայց, անկախ ամեն ինչից, ես ավելի շատ զարմանում եմ այն մոլեռանդության վրա, որով Լեւոն Տեր-Պետրոսյանի ասպարեզում երեւալը հակադարձեցին որոշ ուժեր, քան, ընդհանրապես, իր առաջադրվելը կամ չառաջադրվելը: Որպես ՀՀ քաղաքացի, ինքը, բնականաբար, որեւէ մեկից ավելի պակաս իրավունքներ չունի, բայց իսկապես ապշած եմ, որ իշխանական ամենաբարձր մակարդակով այդպիսի տարօրինակ անդրադարձ եղավ (նկատի ունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը- Մ. Ե.): Երեւի դա պատասխան էր Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, բայց եթե դու ասելու բան ունես եւ մանավանդ պետական պատասխանատու ես, դրանք պետք է ասեիր անկախ նրանից՝ որեւէ մեկը ասպարեզ կգա՞ր, թե՞ ոչ: Բան ունես ասելու՝ ասա միշտ, եւ ասեիր այն ժամանակ, երբ իշխանությունը վերցնում էիր եւ քայլեր էլ ձեռնարկեիր, եթե սխալներ էին արվել: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը, ապա այսօր որեւէ մեկի ինքնաառաջադրվելը կամ իր կողմնակիցների խմբով առաջադրվելը համարում եմ կարճամտություն, եւ այդ վտանգը կարծես թե իրեն չի սպառնում: Ինքը չի ասում, որ առաջադրվելու է իր մի քանի կուսակցություններով կամ «կուսակցությունիկներով» պետք է ասպարեզ իջնի:
– Իր խոսքում առաջին նախագահը ճիշտ համարեց միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը:
– Դե, եթե ճիշտ է համարում, ուրեմն մեր առաջիկա հանդիպումներին գործնական վերաբերմունք պիտի դրսեւորի եւ ոչ սեփական անձի շեշտադրումով: Սեփական անձի շեշտադրումով միասնական թեկնածուի գաղափարին մոտենալը նշանակում է հենց սկզբից գործը ձախողել:
– Անձամբ դուք կողմ կլինե՞ք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա միասնական թեկնածու:
– Եթե մեր հանդիպումներին մասնակցի, այդ հարցը կքննարկենք, բայց եթե գա իր անձի շեշտադրմամբ, ինչպես Վազգեն Մանուկյանը, այդպիսով ինքն էլ կբացառվի:
– Եթե ճիշտ հասկացա, 91-ից դուք միայն տհաճ հիշողություններ ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանից:
– Բացարձակապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ շատ լավ դիմավորեց, ըստ արժանվույն գնահատեց մեր գործունեությունը, թեւավոր խոսքեր են դարձել՝ Հայրիկյանը եւ իր ընկերները մեզ համար ճանապարհ բացեցին: Ինքը ամենաառողջ գնահատական տվող պետական այրն է եղել մինչեւ այսօր, մեր անցյալ գործունեությանը եւ ամբողջական գնահատական տվողը: Բայց հետո, իշխանության համար կռիվներում, ինքը եւ իր թիմակիցները իրենց շատ վատ պահեցին՝ հիմք դնելով ժողովրդավարության նկատմամբ քամահրական վերաբերմունքին: Հրաժարականից առաջ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին բաներ եմ ասել, մոռանալով ամեն բան՝ հանդիպել եմ, իրեն առաջարկել եմ որոշակի քայլեր, որոնք ինքը չի արել: Մարդկայնորեն վատ հարաբերությունների մեջ չեմ, բայց չեմ կարող մոռանալ բացասականը, եւ որպեսզի գործն առաջ գնա, ինքը պետք է դրա մասին խոսի: Թե չէ՝ այն թիմը, որը նրան ուղեկցում է, ուզում է ցույց տալ, որ իրենք սուրբ են, անսխալական են, եւ դրանից ոչ իրենք կշահեն, ոչ էլ գործը:
– Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտ կանգնածները պնդում են, որ առաջադրվելու դեպքում նա միանշանակ հաղթելու է, դուք կիսո՞ւմ եք այս վստահությունը:
– Վա՜յ, դրանք այն մարդիկ են, ովքեր ուզում են Լեւոն Տեր-Պետրոսյանին գործիք դարձնել: Նրանք ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձն են գնահատում, ոչ էլ նրա կարողությունների մասին պատկերացումներ ունեն: Նրանք ուղղակի սա հենարան են համարում իրենց մեծ կամ ճղճիմ խնդիրները լուծելու համար: Իրականում, եթե հենց այսօր հարցումներ արվեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձելի վիճակում չէ: