Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՄԵՐԳԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ

Սեպտեմբեր 27,2007 00:00

\"\"ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեկ կազմակերպած հանդիպմանը հրավիրվածները փորձում էին ջարդել համերգասրահի դռները:

«Մուտքը միայն լայն ժպիտներով» նշված էր այն հրավիրատոմսի վրա, որով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները ուսանողներին երեկ հրավիրել էին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահ՝ համերգ-հանդիպման, որտեղ պիտի շնորհավորական խոսքով հանդես գային ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Հետո պիտի ելույթ ունենային Արամեն, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, «Արմենոիդները» եւ այլք:

Սակայն միջոցառման նշանակված ժամից՝ 19-ից 5-10 րոպե առաջ արդեն իսկ փակ էին համերգասրահի դռները, ու դրանց առջեւ կանգնած էին մնացել հարյուրավոր երիտասարդներ՝ հրավիրատոմսերով: Թե ինչի հանգեցրեց այս կուտակումը՝ կանդրադառնանք փոքր-ինչ ավելի ուշ:

Մինչ այդ նշենք, որ Լեւոն Մկրտչյանը, նաեւ ՀՅԴ նախագահի թեկնածուներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը համերգասրահի մոտ հայտնվեցին միայն 19:15-ին՝ միասին: «Այսուհետ միշտ միասին ենք լինելու, որ մեր միջեւ արանք չգտնեք»,- մեզ կեսկատակ ասաց պրն Ռուստամյանը:

Մեր հարցին՝ կարո՞ղ ենք այս հանդիպումը գնահատել իբրեւ ՀՅԴ կողմից ոչ պաշտոնապես սկսված քարոզարշավ՝ Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ո՛չ: Սա պարզապես «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած՝ նոր ուսումնական տարվա նորամուտի միջոցառումն է, որ ամեն տարի անում են: Ավանդաբար սա կազմակերպվում է տարբեր հասարակական քաղաքական կազմակերպությունների կողմից»:

Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե անցած տարի մասնակցե՞լ է այս միջոցառմանը: «Մասնակցել եմ, այո: Հենց անցածին՝ չէ: Բայց էլի եղել է»,- պատասխանեց նա: Հարցին, թե արդյոք այն, որ հենց այս տարի հարկ համարեց անպայման մասնակցել՝ չի՞ կարող դիտարկվել իբրեւ որոշակի նախընտրական նպատակներով թելադրված քայլ, պրն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Հնարավոր է, որ այդպես էլ դիտարկեն: Բայց ես չեմ կարծում, թե քանի որ նախընտրական ժամանակներ են՝ այսպիսի միջոցառումների էլ չպիտի մասնակցենք, որ այդպես չդիտարկվի»: Նաեւ ժխտեց, թե սա կարող է գնահատվել իբրեւ ԿԳ նախարարության ունեցած լծակների կիրառում. «Ուղղակի շնորհավորելու ենք առաջին կուրսեցիներին: Չեմ կարծում, թե սա պետք է գնահատվի որպես լծակի կիրառում»:

Թե արդյոք ՀՅԴ գործիչները միայն շնորհավորեցի՞ն ուսանողներին՝ մեզ չհաջողվեց լսել, քանի որ համերգասրահի դռներն այդպես էլ փակ մնացին: Այս փաստին առավել ագրեսիվ արձագանքեցին ուսանողները: 19:30-ից սկսած՝ նրանք սկսեցին դժգոհել ավելի ու ավելի ուժգին: Դրա ամենամեղմ դրսեւորումն այն էր, որ ուղղակի պատառոտում էին «Նիկոլ Աղբալյանի» բաժանած հրավիրատոմսերը եւ օդ շպրտում: Իսկ առավել ագրեսիվների մի խումբ նախ փորձեց պատից պոկել «Ռիգոլետտո»-ի բեմադրության պաստառը, սակայն անցորդների միջամտությամբ դա նրանց հաջողվեց կիսով չափ: Ուսանողների այլ խմբեր սկսեցին թափահարելով փորձել բացել համերգասրահի դռները, ոմանք էլ ձեռքերով հարվածում էին ապակիներին:

Այս ամենը տեւեց 15 րոպեից ավելի: Դրանից հետո այստեղ ժամանեցին մորեգույն բերետավոր հատուկ ջոկատայինները՝ «դուբինկաներով» զինված, եւ ուսանողներին ուղղակի ներքեւ իջեցրին համերգասրահի հարթակից:

Այս ընթացքում արդեն քիչ-քիչ դահլիճից սկսեցին հեռանալ երիտասարդները; Նրանցից մեկը՝ ԵՊՀ ուսանող Անուշ Քոչարյանը, մեզ հայտնեց, որ զրուցել է համերգասրահի տնօրեն Քնարիկ Սահակյանի հետ, որը հայտնել է, թե դահլիճն ունի ընդամենը 1300 նստելատեղ: Մինչդեռ ՀՅԴ ուսանողական միությունը բաժանել է 2000, եթե ոչ՝ ավելի հրավիրատոմս: «Նույնիսկ նրանք, ովքեր շենք էլ էին մտել՝ էլի շատերը չկարողացան դահլիճ մուտք գործել: Ներսում գտնվող ուսանողներն էլ մեծ բան չէին շահել, քանի որ դահլիճում սարսափելի տոթ էր՝ օդափոխության համակարգն անջատված է,- պատմեց Անուշ Քոչարյանը:- Հատկանշական է, որ նույնիսկ ՀՅԴ առաջին դեմքերը չկարողացան ներս մտնել հիմնական մուտքով, եւ նրանց ներս բերեցին, այսպես կոչված, «չոռնի խոդով»: Ինքս չկարողացա լսել, թե ինչ էին ասում Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանը, քանի որ վերեւի օթյակում էի, եւ այնտեղից բոլորովին չէին լսվում նրանց ասածները: Սակայն նշեմ, որ դաշնակցականները բերել էին այն բուկլետներից, որոնք բաժանում էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «10 համար» նշումով: Այդ բուկլետները դրված էին տեղեկատվական սեղանիկի վրա, եւ բաժանում էին ուսանողներին»: Ահա այսպես ՀՅԴ-ն «ուղղակի շնորհավորեց» առաջին կուրսեցիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել