Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"Արոնյանը շտկում է գործերը

Մեքսիկայի մայրաքաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի ավարտին մնում է ընդամենը չորս տուր:

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը մրցաշարի ընթացքում հիվանդանալու պատճառով մի որոշ ժամանակ հնարավորություններից ցածր էր հանդես գալիս, ըստ մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների, ապաքինվել է ու, կարծես, մրցաշարային աղյուսակում աստիճանաբար վերականգնում է կորսված դիրքերը: 10-րդ տուրում Լեւոնը սպիտակներով պարտության է մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին՝ տանելով տուրի միակ հաղթանակը: Կրամնիկ-Անանդ, Գելֆանդ-Լեկո, Սվիդլեր-Մորոզեւիչ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Տասնմեկերորդ տուրից առաջ, որը մեկնարկել է Երեւանի ժամանակով կեսգիշերին եւ որում Արոնյանը սեւերով հանդիպելու էր հունգարացի Պետեր Լեկոյի հետ (առաջին շրջանում նրանց մենամարտն ավարտվել էր հայաստանցու հաղթանակով), մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վիշվանաթան Անանդ 6,5 միավոր

2. Բորիս Գելֆանդ 5,5

3-5. Վլադիմիր Կրամնիկ 5,0

Պետեր Լեկո 5,0

Լեւոն Արոնյան 5,0

6-7. Ալեքսանդր Գրիշչուկ 4,5

Ալեքսանդր Մորոզեւիչ 4,5

8. Պյոտր Սվիդլեր 4,0

Մյուս զույգերը կազմել էին Անանդը եւ Մորոզեւիչը, Գելֆանդը եւ Սվիդլերը, Գրիշչուկը եւ Կրամնիկը:

Օլիմպիական խաղերի քանի՞ մասնակից կունենանք

Թաիլանդի Չանգ Մայ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում տղամարդկանց 77 կգ քաշայինների պայքարում գյումրեցի Գեւորգ Դավթյանի նվաճած երկու արծաթից հետո Հայաստանն այլեւս մեդալների չի հավակնում:

Աղջիկների մրցապայքարում որոշակի հույսեր էին կապվում Եվրոպայի չեմպիոնուհիներ, 63 կգ քաշային Մելինե Դալուզյանի եւ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի հետ: Նրանք երկուսն էլ Չանգ Մայում լուրջ պայքար մղեցին թե ծանրաձողի քաշի եւ թե չինացի եւ ռուս իրենց հիմնական մրցակիցների հետ: Սակայն վերջինները բառիս բուն իմաստով մեկ գլխով բարձր գտնվեցին՝ նվաճելով մրցանակային տեղերը: Ճիշտ է, այդ պայքարին Մելինեի քաշային կարգում միջամտեց նաեւ կորեացի Սուկ Յուն Պակը, որն արժանացավ բրոնզե մեդալի: Մելինեն եւ Հռիփսիմեն բավարարվեցին 4-րդ հորիզոնականներով, ինչն ամենեւին էլ վատ ցուցանիշ չէ:

Ինչ վերաբերում է աղջիկների 69 կգ քաշային կարգում հանդես եկող Նազիկ Ավդալյանին, նա նույնպես արդարացրեց մարզասերների հույսերը՝ երկամարտում գրավելով 5-րդ տեղը:

Թվում է, թե աշխարհի առաջնությունից մեր աղջիկների ձեռնունայն վերադառնալը մարզական առումով նահանջ է (վերջին շրջանում սովորել ենք նրանց մեդալներին), սակայն հարկ է հաշվի առնել, որ Եվրոպայի առաջնությունն իր մակարդակով դեռ աշխարհի առաջնություն չէ: Եվ բացի այդ, Չանգ Մայում ավելի կարեւոր էին ոչ այնքան մեդալները, որքան թիմի համար 2008 թվականին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերի վարկանիշային միավորները, ինչը մեր աղջիկների եռյակը, կարծում ենք, լավ կատարեց:

Աղջիկների հավաքականը Թաիլանդ մեկնել էր յոթ հոգով, սակայն թիմին վարկանիշային միավորներ բերեցին միայն Մելինեն (63 միավոր), Նազիկը (58) եւ Հռիփսիմեն (66): Թեհմինե Կարապետյանը, Աննա Գովելյանը (երկուսն էլ՝ 53 կգ քաշային կարգ), Հեղինե Եփրեմյանը, Լիանա Մանուկյանը (երկուսն էլ՝ 58 կգ) առանձին վարժություններում եւ երկամարտում 25-րդ հորիզոնականից ցածր տեղեր զբաղեցրին եւ չկարողացան օգտակար լինել հավաքականին:

Տղաների պայքարում Տիգրան Գ. Մարտիրոսյանը՝ 69 կգ, իր միակ հաջող մոտեցումով (հրումում՝ 171 կգ) վաստակեց ընդամենը 10 վարկանիշային միավոր: Աշխարհի առաջնության երկու արծաթե մեդալ նվաճած 77 կգ քաշային Գեւորգ Դավթյանը հավաքականի հաշվարկին ընդհանուր առմամբ բերել է 72 միավոր: Մեր մյուս ծանրորդների արդյունքներն են:

85 կգ. Տիգրան Վ. Մարտիրոսյան՝ 41 միավոր

Գեւորիկ Պողոսյան՝ 22

94 կգ. Էդգար Գեւորգյան՝ 20

Սեւակ Սահակյան՝ 2

105 կգ. Արթուր Բաբայան՝ 47

Այսօր + 105 կգ քաշայինների «B» խմբում ասպարեզ է մտնելու մեր վերջին ներկայացուցիչը՝ Ռուբեն Ալեքսանյանը, որի վաստակած միավորների քանակից հայտնի կդառնա, թե Հայաստանը 2008 թվականի օլիմպիական խաղերում քանի՞ մասնակից կունենա:

Երկու «բրոնզ»

Կիեւում ավարտվեց խուլերի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցած 11 երկրների թվում էին նաեւ Հայաստանի 5 ներկայացուցիչներ: Վազգեն Պետրոսյանը՝ 60 կգ, եւ Ազիզ Ամոյանը՝ 74 կգ, հասան մինչեւ կիսաեզրափակիչ եւ արժանացան բրոնզե մեդալների: Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ընդունեց Ուկրաինա մեկնած մեր պատվիրակության անդամներին: Շնորհավորելով մեդալակիրներին՝ նա նշեց նաեւ, որ այս ոլորտի հիմքերը դրվել են մոտ 2-3 տարի առաջ ու անցած այս կարճ ժամանակահատվածում առաջին պտուղներն արդեն քաղում ենք: Նախարարը վստահեցրեց նաեւ, որ այսուհետեւ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու մարզիկների այս խավին:

Նվիրված՝ Անկախության տոնին

«Master Class» ակումբը եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան անկախության 16-ամյակի կապակցությամբ անցկացրին «Victory Cup» անդրանիկ մրցաշարը, որին մասնակցեցին 30 տարեկանից բարձր ոչ պրոֆեսիոնալ թենիսիստներ: Մրցումներին մասնակցեցին մայրաքաղաքում գործող թենիսի ակումբներին անդամագրվածները (միայն տղամարդիկ): Երեք օր տեւած մրցումների արդյունքներով հաղթող դարձան. մենախաղեր՝ Գագիկ Հայրապետյան, զուգախաղեր՝ Գագիկ Հայրապետյան եւ Պարգեւ Վիրաբյան: ՀԹՖ մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանի տեղեկացմամբ, միջոցառումը հանրապետությունում այս գեղեցիկ մարզաձեւը մասսայականացնելու նպատակ էր հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել