Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ՄԵԶ՝ Ո՞Չ»

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"Դրամատուրգ Նորայր Ադալյանը «չափավոր» էրոտիկան բնական է համարում

Օրերս Մայր թատրոնում տեղի է ունեցել «Ժամանակակից դրամատուրգիան եւ թատրոնը» թեմայով քննարկում՝ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) դրամատուրգիայի սեկցիայի անդամների եւ թատերական գործիչների հետ համատեղ: ՀԳՄ անդամ 15 դրամատուրգից ներկա են եղել 5-ը՝ Կարինե Խոդիկյանը, Նելլի Շահնազարյանը, Խաչիկ Ավագյանը, Գագիկ Կարապետյանը, Գեւորգ Սարգսյանը: Հիմնականում շեշտվել է ժամանակակից դրամատուրգներից շատերի՝ պիես կառուցելու անկարողության, թեմաների աղքատության, նրանց՝ թատրոն չհաճախելու, իրենց տանը փակված ստեղծագործելու փաստը: Մի խոսքով, «քարկոծվել» են մերօրյա դրամատուրգները:

Հանդիպեցինք ՀԳՄ դրամատուրգիայի սեկցիայի պատասխանատու Նորայր Ադալյանին: Նա հավաստիացրեց, որ հրավիրված քննարկմանը եղել է առողջ քննադատություն եւ ինքնաքննադատություն, եւ որքան էլ մասնակից դրամատուրգները սակավաթիվ էին, լուրջ խոսակցություն է կայացել: «Դրամատուրգներից շատերին թվում է, որ իրենց ցանկացած ստեղծագործություն ռեժիսորը պարտավոր է բեմ հանել: Սա մոլորություն է: Դրամատուրգներս պետք է հաշվի նստենք ռեժիսորի ստեղծագործական աշխատանքի հետ, ի վերջո՝ նա փոստատար չէ, որ դրամատուրգի տնից պիեսը տանի թատրոն: Ի տարբերություն խորհրդային ժամանակների, որ տարվա ընթացքում բեմադրվում էր 5-6 ներկայացում, ինչու չէ՝ այդ թվում նաեւ թույլ ու պատեհապաշտ, հիմա լավագույն դեպքում տարվա մեջ 2 պրեմիերա է կայանում: Իսկ ստեղծագործությունների ընտրությունը կատարում է թատրոնի ղեկավարը, որն էլ, բնականաբար, պետք է ընտրի լավագույնը»,- ասաց դրամատուրգը: Ըստ նրա, մեր դրամատուրգիան դեռեւս լրիվ չի ձերբազատվել հնամոլությունից, անցյալի դրամատուրգիական շտամպից ու մերժելի ավանդույթներից, ինչպիսիք են, օրինակ, կենցաղագրությունը, սյուժեների իջեցումը՝ գետնատարած կյանք եւ այլն: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ. «Չեմ ուզում մեղադրանք ներկայացնել ոչ դրամատուրգներին, ոչ էլ թատերարվեստի գործիչներին: Բոլոր ժամանակներում էլ զտարյուն դրամատուրգները փոքրաթիվ են եղել: Հավատացնում եմ՝ մեզանում դրամատուրգիան ինտելեկտուալացնելու տենդենց կա»: Պարոն Ադալյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ժամանակին Դրամատիկական թատրոնում բեմադրված իր երեք պիեսները՝ «Կինը եւ տղամարդը», «Ներկաներ եւ բացականեր», «Սպանության վկաներ», այլեւս խաղացանկում չեն, այն դեպքում, երբ ինքը շուրջ տասը տարի Դրամատիկականի գրական մասի վարիչն է: Դրամատուրգը խուսափելով պատասխանից, նշեց. «Այդ հարցի պատասխանը ես չէ, որ պետք է տամ»: Իսկ ինչպե՞ս կբացատրի այն փաստը, որ թատրոններում բեմադրվում են պաշտոն ու դիրք զբաղեցնող դրամատուրգների գործերը, օրինակ՝ Մայր թատրոնում բեմադրվեց փոխտնօրեն Նելլի Շահնազարյանի «Թափորը», «Իմ ծաղկած դեղձենին»՝ Վանաձորի թատրոնում, մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի «Կինը անձրեւից հետո»-ն՝ Մայր թատրոնում, Գյումրիում՝ նրա «Ինչպես կինը փախավ տնից», պարոն Ադալյանը բերեց հետեւյալ օրինակը. «Շեքսպիրը ժամանակին խաղում էր «Գլոբուս» թատրոնում եւ նրա պիեսները բեմադրվում էին հենց այդտեղ: Չի կարելի ստեղծագործական հաջողությունը պայմանավորել պաշտոնով»:

Անդրադառնալով արձակագիր Ադալյանին, հարցրինք, թե ինչո՞ւ է մասնագետների շրջանում ինքը էրոտիկ գրողի համբավ ձեռք բերել: «Ինչո՞ւ նկարիչները կարող են մերկ մարմին պատկերել, իսկ գրողները՝ ոչ: Փակ սենյակային կյանքը նույնպես արժանի է գրական նկարագրության: Ի վերջո, դա բնություն է, ինչպե՞ս կարելի է այն կոծկել»,- պատասխանեց Ն. Ադալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել