Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԻ»

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"Վահան Հովհաննիսյանը հիասթափեցնում է իր եւ Արմեն Ռուստամյանի միջեւ բանավեճեր ակնկալողներին:

Ասուլիսի ընթացքում

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ «Փաստարկ» ակումբում իր ասուլիսը սկսեց բավական թափանցիկ ակնարկ պարունակող հետեւյալ հարցադրմամբ. «Արդյոք մեր հասարակությունը համաձա՞յն է կանխորոշված արդյունքներով քաղաքական գործընթացների մասնակից լինելու: Փորձը ցույց է տալիս, որ ո՛չ: Քանի որ երբ մենք հաճախ խոսում ենք մեր ժողովրդի հիասթափվածության, պասիվության մասին՝ քաղաքական գործընթացներին, օրինակ՝ ընտրություններին մասնակցելու իմաստով, ապա այդ պասիվությունը, այդ չկամությունը մասնակից լինելու գալիս է հենց նրանից, որ կանխորոշված, նախապես գծված ուղին ոչ ոք չի ուզում ընդունել: Բոլորն ուզում են իսկապես ընտրել, իսկապես ընտրող լինել»:

Հետո ի պատասխան նաեւ ՀՀԿ-ի այն գործիչների, որոնք զարմացել էին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի որակումից, թե Դաշնակցությունը դրական ընդդիմություն է՝ Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց. «Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ այս հարցը, բայց ո՛չ Հայաստանում: Ամբողջ աշխարհում ընդդիմությանը քաղաքակիրթ կամ դրական բնութագրելու կարիք չկա, քանի որ առնվազն նորմալ երկրներում ընդդիմությունը պարտավոր է լինել դրական եւ կառուցողական եւ նպատակ չի հետապնդում քանդելու սեփական երկիրը»: Հավելեց, թե քանի որ ՀՀ-ում այդ մոդելը դեռ չի գործում՝ իրենք ստիպված են օգտագործել դրական ընդդիմություն հասկացությունը:

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը վիճարկելով ՀՅԴ գործիչների այն պնդումը, թե իրենք քաղաքական նոր մշակույթ են ներմուծում Հայաստան, այն է՝ ներկուսակցական փրայմերիզմներ, հիշեցրել էր, որ դրանք նաեւ ենթադրում են, թե կուսակցության յուրաքանչյուր թեկնածու պիտի ունենա իր մոտեցումները, որոնք պիտի արտահայտվեն «հրապարակային դեբատների միջոցով» «Առավոտը» սա հիշեցնելով՝ հետաքրքրվեց, թե առաջիկայում ականատես կլինե՞նք նման բանավեճերի, որոնց ընթացքում Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը կներկայացնեն իրենց ծրագրերը: «Պարտադիր չէ, որ մեր կողմից որպես նորարարություն մեր քաղաքական կյանք ներմուծվող մշակութային տարրերն անպայման կրկնեն ամերիկյան փրայմերիզմների մեթոդաբանությունը: Մենք մե՛ր ճանապարհը կունենանք,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը:- Եթե ակնկալվում է, որ պետք է կատաղի պայքար ընթանա կուսակցության ներսում Արմեն Ռուստամյանի եւ իմ կողմնակիցների միջեւ, ապա դրան մի՛ սպասեք. նման սկանդալային հաճույք ձեզ ոչ ոք չի տրամադրի: Քանի որ մենք ոչ միայն նույն գաղափարի կրողներն ենք, այլ նաեւ ընկերներ: Եվ եթե պիտի ինչ-որ տեղ մրցենք, ապա մենք կմրցենք առանձին մեր ելույթների, մեր մոտեցումների մեջ, եւ միգուցե որոշ նրբերանգներ, տարբերություններ ինչ-որ մարդկանց տպավորեն: Բայց ի վերջո՝ խոսքը Վահան Հովհաննիսյանի կամ Արմեն Ռուստամյանի մասին չէ: Այլ խոսքն այն մասին է, որ պետք է հաջողի ՀՅԴ թեկնածուն՝ միեւնույն է, թե ո՛վ»:

Ասուլիսից հետո

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 11-րդ Գերագույն ժողովի հայտարարության մեջ նշված էր. «Ընտրությունները նոր հնարավորություններ կստեղծեն՝ ձեւավորելու հավասարակշռված իշխանություն»: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ձեր կարծիքով, հիմա Հայաստանում իշխանությունը հավասարակշռվա՞ծ չէ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր. «Մենք ենթադրում ենք, որ եթե ընթացքը գնա այնպես, որ նախագահը եւս նույն թիմից լինի՝ դա նոր ՀՀՇ-ական ժամանակաշրջան է, որ կկրկնվի Հայաստանում, որտեղ բոլոր իշխանական 3 թեւերն էլ նույն քաղաքական ուժից կլինեն»: Երեկ ասուլիսից հետո Վահան Հովհաննիսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինքն է՞լ է տեսնում այդ վտանգը, որ Հայաստանում կարող է վերաստեղծվել միակուսակցական իշխանությունը: «Ես այսօր պատճառ չունեմ ոչ մեկին մեղադրելու կամ կասկածելու տոտալիտար համակարգ վերականգնելու մեջ,- պատասխանեց նա:- Բայց քաղաքական գործընթացները շատ հաճախ զարգանում են անկախ դրանց մասնակից անհատների եւ գործիչների ցանկություններից: Եվ ես գտնում եմ, որ մի երկրում, որտեղ ժողովրդավարությունը դեռ վերջնականապես ամրապնդված չէ՝ միահեծան մեկ կուսակցության ձեռքում իշխանության բոլոր լծակները կենտրոնացնելը կարող է որոշների մոտ հետո գայթակղություն առաջացնել չարաշահելու այդ իշխանությունը»:

ԳԺ հայտարարության մեջ նաեւ նշված էր. «Իշխանություններից, քաղաքական ուժերից, ինչպես նաեւ ընտրություններից ժողովրդի աճող օտարումն ու հիասթափությունը լրջորեն վտանգում են հասարակական-քաղաքական կյանքի եւ երկրի առաջընթաց զարգացման հեռանկարը»: Մեր հարցին՝ ընդունո՞ւմ են, որ այս հիասթափությունը վերաբերում է նաեւ իրենց կուսակցությանը՝ ՀՅԴ բյուրոյի անդամը պատասխանեց. «Այո, քաղաքական գործընթացներին՝ ընդհանրապես: Մեր կուսակցությունից հիասթափությունը, սակայն, կարծում եմ, այդքան մեծ չի: Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեր ընտրազանգվածն ավելանում է: Եվ ինչպես ասում են ՀՀԿ անդամ իմ շատ ընկերներ՝ «ձեր ձայները տրուդավոյ ձայներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել