Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մնալու ենք ցամաք հացի հույսին

Սեպտեմբեր 26,2007 00:00

Եթե գնաճային նման տեմպերը պահպանվեն, իսկ նվազագույն աշխատավարձն էլ առնվազն 10 հազար դրամով չավելանա՝ շատ մարդիկ կընդգրկվեն աղքատների ցուցակում:

Մսամթերքը, հացը, բուսական եւ կենդանական յուղը, բանջարեղենը, միրգը եւ գրեթե բոլոր պարենային ապրանքները Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ թանկացել են: Միջին եկամտով ապրող քաղաքացին, որն իր աշխատավարձով նախկինում կարողանում էր ամսական մի քանի անգամ միս, կաթնամթերք գնել, օգտվել մակարոնեղենից, բանջարեղենից ու մրգից, բացի սնվելուց, նաեւ որոշ գումար էլ տրամադրել հագնվելու համար, հիմա արդեն ամսվա ողջ եկամուտը չի բավարարի միայն հաց, պանիր, պոմիդոր ու կանաչի գնելու համար, իսկ հագուստ գնելու մասին խոսք լինել չի կարող:

Ազգային վիճծառայությունը սահմանել է, որ օրական մարդը պետք է ընդունի 2232 կալորիականությամբ սնունդ, դրանից քիչ սնվողները մեր երկրում համարվում են աղքատ ու ընդգրկվում աղքատության նպաստառուների ցուցակում: Հաշվի առնելով, որ ներկայումս սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 20 հազար դրամ է, այդքան աշխատավարձով ապրող մարդը օրական պետք է ծախսի առավելագույնը 650 դրամ: Այդ գումարի կեսը ծախսելով ջրի, էլեկտրաէներգիայի, աղբի համար՝ օրական ընդամենը 325 դրամով քաղաքացին կարող է լավագույն դեպքում միայն ցամաք հաց ուտել՝ աղով, իսկ դա կկազմի մոտավորապես 600 կկալ:

Այս հաշվարկից ելնելով՝ պարզ է դառնում, որ շուտով մեր երկրում աղքատ բնակչության թիվը մի քանի անգամ կավելանա: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի կատարելագործված ձեւով թվեր նկարի, որպեսզի միջազգային մի շարք կազմակերպություններին համոզի, թե մեր երկրում տնտեսական բարձր աճ կա, թե աղքատների թիվը նվազում է, մարդիկ էլ սկսել են մի քանի անգամ լավ ապրել, քան 5 տարի առաջ:

Որպեսզի մարդիկ գնաճի ճնշումներն իրենց գրպանի վրա շատ չզգան՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ԱԺ-ին «Նվազագույն ամսական աշխատավարձերի բարձրացման մասին» առաջարկ է ներկայացրել, բայց այդ օրինագիծը դեռ ԱԺ-ի քննարկման օրակարգում չի ընդգրկվել: «Ժառանգությունը» գտնում է, որ 2008-ի հունվարի 1-ից լրիվ իրատեսական է Հայաստանում նվազագույն աշխատավարձը 20 հազարից դարձնել 30 հազար դրամ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն իր առաջարկը հիմնավորեց այսպես. «Քանի որ հարկային մուտքերի հաշվին պետբյուջեում 25 մլրդ դրամ ավելացել է, մեր հաշվարկով՝ նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ դարձնելը պետբյուջեի ծախսային մասից կխլի միայն 12 մլրդ դրամ: Մենք Աշխատանքի միջազգային կոնվենցիայով պետք է շարժվենք, իսկ կոնվենցիայի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղից պետք է պակաս չլինի: Նվազագույն աշխատավարձը պետք է անպայման բարձրացվի, որովհետեւ երկրում գնաճի արագ տեմպեր կան»:

Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է 2008-ից կենսաթոշակը 60 տոկոսով բարձրացնել: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ամեն ընտրություններից հետո երկրում բոլոր ապրանքների գները բարձրանում են, ու քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններն են, կենսաթոշակների նման բարձրացումը, ըստ էության, թոշակառուներին ոչինչ չի տալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել